Home » ՄԱՄՈՒԼ » Թևոսիկին բռնել են 5-6 ավտոյով ման գալու համար. Ս. Սարոյան

Թևոսիկին բռնել են 5-6 ավտոյով ման գալու համար. Ս. Սարոյան

collage«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունիսի 19-ին մեծ շուքով բերման ենթարկվեց քրեական աշխարհում հայտնի Թևոս Սաֆարյանը՝ Թևոսիկը, որը անձի առևանգման մեղադրանքով նախորդ տարվա դեկտեմբերին էր ազատ արձակվել կալանավայրից՝ 1 տարի մնալով պատժախցում: Ու հասկանալի է, որ նրան կրկին բերման ենթարկելու մասին որոշումը չէր կարող պատահական լինել. հավանաբար Թևոսիկն ինչ-որ հարցում սխալ է թույլ տվել: Իհարկե, պաշտոնապես հայտարարվեց, որ ապօրինի հրազեն պահելու կասկածանքով է ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունը բերման ենթարկել Թևոս Սաֆարյանին, Կարեն Բագրատունյանին՝ Սամբիստ Կարենին, Հարություն Ալեքսանյանին՝ Քանաքեռցի Հարու թին, և ևս 7 հոգու, որոնց մեջ է եղել նաև Թևոս Սաֆարյանի որդին՝ 23-ամյա Նորիկ Սաֆարյանը:

Նկատենք, որ ցանկացած քրեական հեղինակության և նրան ուղեկցող ավտոմեքենա, եթե ոստիկանությունը նույնիսկ պատահականության սկզբունքով կանգնեցնի, ապա հաստատ զենք և թմրանյութի նման ինչ-որ զանգված կհայտնաբերվի: Այս իրավիճակում մի շատ բնական հարց է առաջանում՝ ինչո՞ւ ոստիկանությունը հենց հիմա հիշեց Թևոս Սաֆարյանին: Չէ՞ որ նա ամիսներ առաջ էր կալա նավայրից դուրս եկել ու կարծես թե հարթել էր իր հարաբերությունները քրեական ու քաղաքական այն շրջանակների հետ, որոնց հետ բախման արդյունքում հայտնվել էր ճաղերի հետևում: Բայց ինչպես երևում է՝ իրավիճակն այնքան էլ միանշանակ չէ, և Թևոսիկը կրկին հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: Որտե՞ղ է նա սխալվել, առայժմ դժվար է ասել. գուցե եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության համար վրեժխնդիր լինելու մասով ինչ-որ հայտարարություննե՞ր է արել կամ ինչ-որ շրջանակների՞ է հայհոյել: Չի բացառվում: Բայց այն, որ Երևանի փողոցում ի տես բոլորի կատարված «մասկի շոուն» կազմակերպված էր հենց Թևոս Սաֆարյանին բերման ենթարկելու գործընթացը ցույց տալու համար, միանշանակ է: Օպերատիվ նկարահանում իրականացնող տեսախցիկը «զախվատի» օպերացիայից հատկապես ֆիքսել է Թևոս Սաֆարյանի ձեռքերը ոլորելու պահը, և վերջ:

Հավելենք, որ բոլոր մասնակիցներին ՀՀ ոստիկանությունը բերման ենթարկելուց հետո հանձնել է ՀՀ քննչական կոմիտեին: Այստեղ էլ մեծ օպերատիվությամբ արագ կողմնորոշվեցին, որ ապօրինի զենք կրելու համար պետք է կալանավորել 2 հոգու, իսկ մյուսներն ազատ արձակվեցին՝ երկրից չբացակայելու մասին ստորագրությամբ: Իսկ ովքե՞ր էին զենք կրողները. Արդյո՞ք հենց նրանց էին պատկանում հայտնաբերված զենքերը, որոնք կալանավորվեցին, թե՞ պարզապես նրանք «իրենց վրա վերցրին» զենքերը, որպեսզի Թևոս Սաֆարյանն ազատ արձակվի: Սրանք հարցեր են, որ դեռ պետք է պարզի օբյեկտիվ քննությունը:

Տեղեկացնենք, որ ապօրինի զենք կրելու հատկանիշներով քննչական կոմիտեում քրեական գործ է քննվում: Ինչպես հայտնի է՝ Թևոս Սաֆարյանին տեղափոխող «Բենթլին» պատկանում է ԱԺ պատգամավոր, պաշտոնաթող գեներալ Սեյրան Սարոյանին, որը երեկ խոստովանեց, որ Թևոսն իր բարեկամն է, որից չի կարելի հրաժարվել: և ինքն իր ավտոմեքենան տվել էր Մոսկվայից Հայաստան եկած Թևոսին՝ իր մեկ այլ ընկերոջ՝ Արծվի կառուցած եկեղեցու բացման արարողությանը մասնակցելու համար: «Իրավունք չունեին 5-6 ավտոյով ման գան, խախտում են արել, դրա համար էլ բռնել են»,- փորձեց իրավիճակը թեթևացնել Սեյրան Սարոյանը: Մինչդեռ Թևոսին բերման էին ենթարկել ապօրինի զենք ունենալու կասկածանքով, ավելին՝ պատգամավորը ոչ մի խոսք չասաց այն մասին, որ իր վարորդ Արմեն Ղարիբյանն ապօրինի զենք և 5 փամփուշտ ունենալու մեղադրանքով արդեն իսկ կալանավորված էր: Արդյո՞ք Սարոյանի վարորդը պարզապես ՙանմեղ զոհ է՚ այս պատմության մեջ և ապօրինի զենքն «իր վրա է վերցրել», որպեսզի փրկի Սեյրան Սարոյանին (եթե զենքը նրանն է) կամ Թևոսին (եթե զենքը վերջինիս է պատկանում): Ամեն դեպքում պատգամավոր Սարոյանը ինչ-որ բան ակնհայտորեն թաքցնում էր»:

Դիտվել է 177 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy