Հայաստանում ընտանյոք հանդերձ են բարձր պաշտոններ զբաղեցնում

Հայաստանում ընտանյոք հանդերձ են բարձր պաշտոններ զբաղեցնումՌեգիստրը վիճակագրությունից անցել է արդարադատության նախարարության ենթակայության ներքո, սակայն դրանից ոչինչ չի փոխվել Գևորգյանների կյանքում:

«Հրապարակ» թերթը գրում է. Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության խորհրդի անդամ Գագիկ Գևորգյանի եղբայրն է: Մեր տեղեկություններով՝ Արմեն Գևորգյանը կարիերան սկսել է որպես բետոնագործ, այնուհետև շախմատի խմբակ է ղեկավարել, իսկ հետո եղբայրը նրան դարձրել է վիճակագրության, Պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության պետական ռեգիստրի Շենգավիթի տարածքային բաժնի պետ: Այդպես սկսվել է նրա հաջողակ, սրընթաց կարիերան պետական համակարգում:

Ռեգիստրը վիճակագրությունից անցել է արդարադատության նախարարության ենթակայության ներքո, սակայն դրանից ոչինչ չի փոխվել Գևորգյանների կյանքում, իսկ եթե փոխվել է, ապա՝ միայն դեպի լավը: Արդեն ԱՆ-ում գտնվող Պետռեգիստրի տարբեր տարածքային բաժիններում՝ Շենգավիթ, Մյասնիկյան, Նորք-Մարաշ, Արմեն Գևորգյանը շարունակել է պաշտոնավարել որպես պետ, իսկ հետո նշանակվել է Պետռեգիստրի գործակալության պետի պաշտոնին: Գագիկ Գևորգյանը միայն եղբորը չի օգնել, քրոջ ամուսնուն՝ Սերգեյ Մելիքսեթյանին էլ ժամանակին դարձրել է Արաբկիրի ռեգիստրի պետ, սակայն այժմ ռեգիստրը մայրաքաղաքում տարածքային բաժիններ չունի, այդ պատճառով գուցե ընտանիքում գործազուրկներ լինեն:

Գագիկ Գևորգյանի որդին էլ՝ Վարդան Գևորգյանը, ով ընդամենը 33 տարեկան է, Վերահսկիչ պալատում առաջին վարչության պետի պաշտոնն է զբաղեցնում: ԱՎԾ խորհրդի անդամը որդու համար ևս ճանապարհ է հարթել․ ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի մագիստրատուրան, այնուհետև ասպիրանտուրան ավարտած Վարդան Գևորգյանը, որպես առաջատար մասնագետ, աշխատանքի է անցել հոր մոտ՝ Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի վարչությունում: Գագիկ Գևորգյանը ժամանակին ղեկավարել է այդ վարչությունը: 2008թ․-ից Վարդան Գևորգյանն սկսել է աշխատել Վերահսկիչ պալատում՝ սկզբում որպես գլխավոր մասնագետ, հետո՝ վարչության պետի տեղակալ և 2012 թվականի դեկտեմբերին նշանակվել է առաջին վարչության պետ: Հենց այսպես է լինում, երբ պետական պաշտոնները բաժանվում են ընտանեկան սկզբունքով, իսկ ուսյալ մասնագետները, աշխատանք չգտնելով Հայաստանում, բռնում են արտագաղթի ճանապարհը:

 

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 28 անգամ
 


Այս թեմայով