22-ամյա վարորդը Nissan-ով բախվել է աղբամանին, հետո՝ ռեստորանի դարպասին ու հաստաբուն ծառին. 3 երիտասարդ տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հունվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում է shamsyan.com կայքը ժամը 00։30-ի սահմաններում Երևան քաղաքի Շահումյան 6-րդ փողոցի բնակիչ՝ 22-ամյա Նորիկ Գալստյանը իր վարած Nissan մակնիշի 78 ZQ 078 համարանիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայի թիվ 26 հասցեի մոտ բախվել է «Սանիթեք» ընկերությանը պատկանող աղբամանին, կոտրել այն, այնուհետև բախվել «Ուրարտու» ռեստորանային համալիրի դարպասին և առաջ ընթանալով՝ բախվել հաստաբուն ծառին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ն. Գալստյանն ու նրա ուղևորներ՝ Երևան քաղաքի Շահումյան 6-րդ փողոցի բնակիչ, 24-ամյա Հովհաննես Թոփիկյանը և Երևան քաղաքի Ծերենցի փողոցի բնակիչ՝ 24-ամյա Ռուբեն Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, իսկ այնուհետև՝ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները։ Հարվածն այնքան ուժգին է եղել, որ ավտոմեքենայից պոկվել և շպրտվել է գազաբալոնը։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացմանբաժանմունքի հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանն ու ավագ հետաքննիչ Վարդան Սարգսյանը։

Փաստի առթիվ Վ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Վերջինիս հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։

Այս թեմայով