Բաբլոյանը մեկուսացրել է իր ազգականին. նամակ վարչապետին

araՔաղաքացի Լիլիթ Պիվազյանը դիմելով Politik.am-ի խմբագրություն` բաց նամակ է հղել վարչապետ Հովիկ Աբրահամյանին:

Նամակում մասնավորապես ասված է.

«Հարգելի պարոն վարչապետ:

Ես հանդիսանում եմ Արա Բաբլոյանի ազգականը: Ներկայումս սնանկացած եմ, ինչի պատճառով էլ «դուրս եմ վռնդված» նրա ազգականների շարքից, իսկ երեխաս կտրված է իր արմատներից: Եվ դա արվեց հենց նույն պահին, երբ տարիներ առաջ պետական ատյաններից, ոտնահարելով իմ և անչափահաս որդուս իրավունքները, խլվեց մեր միակ բնակարանը Երևանի կենտրոնում: Իսկ իմ ազգական Բաբլոյանն օգնելու փոխարեն մեզ ցածրացնում էր, որպեսզի արդարացնի իր արարքը: Նույն ժամանակահատվածում իր իսկ լուռ ցուցումով խլվեց իմ դրույքը «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում, որտեղ որ աշխատում էի որպես լիցենզավորված թերապեվտ:

Արան շրջապատված է ցեղի հարուստ հարազատներով, որոնք բոլորը ծնողների օգնությամբ են ընդունվել և ավարտել բժշկական ինստիտուտը, և նրանց Բաբլոյանը պահում է իր «թևի տակ»: Այնինչ ես արդեն կարող եմ մոռանալ քրտնաջան աշխատանքով ձեռք բերած իմ մասնագիտական հմտությունները, քանի որ դրանք օգտագործելու հնարավորությունից զրկված եմ, քանի որ ընգդրկված չեմ Բաբլոյանի սիրելիների ցուցակում: Երբ ես դիմեցի նրան՝ ինձանից խլված աշխատատեղը վերականգնելու խնդրով, նա ինձ ուղարկեց իր ծանոթի մոտ, որը ինձ պարզ հասկացրեց, որ նման գործարքները փողով են արվում կամ էլ ես պետք է համաձայնվեմ աշխատել անվճար և եկամուտ ստանալ միայն հիվանդներից գումար վերցնելով: Սակայն ես, ի տարբերություն ոմանց, հիվանդից փող չեմ մուրում, և ահա այդ պատճառով էլ ունենալով մեծ փորձ ու բժշկի մասնագիտական հմտություններ՝ այսօր աշխատում եմ ընդամենը շտապօգնության ծառայությունում, որովհետև բուժհաստատությունները գրավել են իմ ազգական Բաբլոյանը, ինչպես նաև իմ սերնդակիցներ Մինասյանն ու Քուշկյանը:

Հարգելի պարոն վարչապետ: Հաշվի առնելով, որ Դուք գլխավորում եք նաև կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովը՝ ես ուզում եմ տեղյակ պահել, թե ինչ է կատարվում իրականում մեր բուժհաստատություններում, ինչպիսի կոռուպցիոն երևույթների կարող ենք հանդիպել ամեն օր, ինչպես կարող է փորձառու մասնագետը զրկվել աշխատանքից՝ առանց հիմնավորման, իսկ բժշկի տեղերը զբաղեցնեն կաշառք տված կասկածելի մասնագետները: Եվ այս ամենում մեծ դերակատարություն ունեն վերոհիշյալ 3 անձինք:

Ես արդեն դիմել եմ Առողջապահության նախարարություն՝ իմ աշխատատեղը ինձ վերադարձնելու խնդրով և ստացել եմ մերժողական պատասխան: Հավանաբար, 3 ընկերները նախարարությունում էլ մեծ ազդեցություն ունեն: Այժմ դիմում եմ Ձեզ՝ ակնկալելով, որ ուշադրություն կդրաձնեք իմ խնդրին:

Հարգանքներով՝

Լիլիթ Պիվազյան»:

Politik.amը պատրաստ է հրապարակել նամակում բարձրաձայնված խնդիրների վերաբերյալ պետական գերատեսչությունների արձագանքը:

 


Այս թեմայով