2020-ին Արցախի բյուջեում սոցիալական ծախսերը կ...

Արցախի ԱԺ-ում, այսօր՝ դեկտեմբերի 2-ին Արարատ Օհանջանյանի եւ Արամ Գրիգորյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ սոցիալական եւ առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը:

Քննարկվել են «ԱՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում սոցիալական ապահովության, նպաստների, բյուջետային ոլորտի աշխատողների վարձատրության, առողջապահության համակարգի ֆինանսավորման հարցերը:

Ներկայացնելով սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը՝ աշխատանքի, սոցիալական հարցերի եւ վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը նշել է, որ  գալիք տարում ոլորտին կտրամադրվի 27մլրդ 65մլն դրամ, կամ 2019թ-ի համեմատ՝ ծախսերը կավելանան 3մլրդ 424մլն դրամով: Խոսելով իրականացվող ծրագրերի ֆինանսավորման մասին՝ նախարարը անդրադարձել է նաեւ 2020թ-ի նոր ծրագրերին, մասնավորապես՝ նպատակային վերաբնակեցման եւ սոցիալական բնակարանային ֆոնդի ստեղծման ծրագրերին:

Պատգամավորները նախարարին են առաջադրել վերաբնակեցման ծրագրին, պատվավոր կոչումներ ունեցողների վճարների տրամադրման ժամկետներին, գյուղաբնակ երիտասարդների բնակարանային ապահովությանը եւ այլ թեմաների վերաբերող հարցեր:

Առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի խոսքով՝ բնագավառի 2020թ-ի  ծախսերը կկազմեն 7մլրդ 280 մլն դրամ, ինչը 2019թ-ի  համեմատ ավել է 504մլն դրամով: Ֆինանսավորման ավելացումները նախարարը պայմանավորել է նվազագույն աշխատավարձի չափի բարձրացմամբ եւ Քաշաթաղի ու  Քարվաճառի բուժմիավորումների  համար անհրաժեշտ սարքավորումների գնմամբ: Պատգամավորները Արայիկ Բաղրյանին առաջադրել են Ասկերանի հիվանդանոցի շենքային պայմանների, գրանցման էլեկտրոնային համակարգի, բժիշկների թափուր հաստիքների եւ աշխատանքի տեղավորման դինամիկայի վերաբերյալ հարցեր:

Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը, խոսելով գալիք տարի ծառայության աշխատանքի մասին, նշել է, որ այն կլինի լարված, քանի որ ի թիվս իրականացվող ծրագրերի՝ կավելանան եւս երեքը, որից երկուսը առաջին անգամ՝ աշխատուժի հետազոտություն եւ գյուղատնտեսական համատարած հաշվառում: ԱՎԾ-ի նախագահի խոսքով՝ գալիք տարի պետական բյուջեից ԱՎԾ-ին նախատեսվում է տրամադրել 228մլն 478հազ, որը ընթացիկ տարվա համեմատ աճել է 16մլն 192 հազար դրամով: Մանուշ Մինասյանը բյուջեով ֆինասավորվող ուղղությունները ներկայացնելուց հետո պատասխանել է պատգամավորների հարցերին: