«2019-ին արձանագրվել է մաքսային իրավախախտումն...

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ, մաքսային ծառայության գնդապետ Վարդան Վարդանյանն այսօր անդրադարձավ 2019 թվականի ընթացքում կատարված աշխատանքներին, մաքսային իրավախախտումների դեպքերի բացահայտմանը։

Վարդանյանն ասաց, որ ՊԵԿ մաքսանենգության վարչության կողմից տարված աշխատանքների շնորհիվ 2019-ին արձանագրվել է մաքսային իրավախախտումների 202 դեպք, որը համեմատած 2018 թվականի հետ՝ ավելին է 22 տոկոսով։

«Հայտնաբերված 202 դեպքից 146-ը մաքսանենգության դեպքեր են, որոնցով հարուցվել են քրեական գործեր, իսկ 56-ի դեպքում սկսվել է վարչական վարույթ։ Մաքսային իրավախախտումների մեջ գերակշռում են թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության դեպքերը՝ 142 կամ ընդհանուր խախտումների 70 տոկոսը»,- ընդգծեց վարչության պետը։

ՊԵԿ պաշտոնյան նշեց, որ Հայաստանը տարանցիկ միջանցք է Իրանից դեպի այլ երկրներ թմրանյութերի փոխադրման համար։ Նրա խոսքերով՝ 2019 թվականի ընթացքում ՄՊ վարչության կողմից հայտնաբերվել և շրջանառությունից դուրս է բերվել 11 կգ ափիոն, 8,2 կգ մետամֆետամին, մոտ 3 կգ կետամին, 1,3 կգ մարիխուաննա և հաշիշ, հաշիշի յուղի  պարունակությամբ 74 էլեկտրոնային գլանակ (սիգարետ) և մուշտուկ, թմրամիջոց և հոգեմետ նյութ պարունակող 16 հազար 500 դեղահաբ և դեղապատիճ։ 

«Ես կուզենայի տարանջատել 2 իրադրություն․ մի դեպքում Հայաստանի Հանրապետությունը եղել է որպես տարանցիկ երկիր թմրամիջոցների փոխադրման համար և հաջորդ դեպքը, երբ որ Հայաստանի Հանրապետություն թմրամիջոցները ներկրվել են ՀՀ սպառման համար»,- նշեց Վարդանյանը։

Անդրադառնալով տարանցիկ փոխադրման դեպքերին՝ ՄԾ գնդապետն ասաց, որ կանխվել է Իրանից դեպի Կանադա սուրհանդակային փոխադրման միջոցով գրեթե 5 կգ ափիոնի թաքցնելու և փոխադրման դեպք․ ափիոնը ներծծված է եղել Իրանի ազգային հագուստների ներքին հատվածում, ափիոնի հետ սուրճ է խառնված եղել՝ դժվարացնելու համար շների կողմից թմրանյութի հայտնաբերումը։ Նա հավելեց, որ օպերատիվ-հետախուզական աշխատանքներից հետո ձերբակալվել է Իրանի երկու քաղաքացի։

Թմրանյութերի այլ տեսակների թաքցման դեպքեր են արձանագրվել ավտոմեքենայի պահեստամասերում, ճամփորդական պայուսակների մեջ և այլն։