2018թ.-ի բյուջեի նախագիծը ինձ և ոգևորում և անհանգստացնում է. Արա Բաբլոյանի հայտարարությունը

 ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ «ՀՀ 2018 թվ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը հանդես գալով ելույթով , նշեց, որ  2018 թվականի բյուջեի նախագիծը ինձ միաժամանակ և ոգևորում է, և անհանգստացնում է :

«Կառավարության կողմից Ազգային ժողով ներկայացված «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական փաստաթուղթ է: Եվ դրա շուրջ ծավալվող դժվարին ու պատասխանատու քննարկումները, որոնք վերաբերում են մեր երկրի զարգացման հեռանկարին, բնականաբար, տնտեսականից ու սոցիալականից բացի, նաև քաղաքական են:

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին` շահագրգիռ քննարկման ու ակտիվ դիրքորոշումների համար:

Շնորհակալ եմ նաև կառավարության ներկայացուցիչներին` վարչապետի գլխավորությամբ, խորհրդարանի հետ արդյունավետ համագործակցության և ներդաշնակ աշխատանքի համար:
Երկրի հերթական բյուջեի հերթական քննարկումը ևս մեկ հնարավորություն ու առիթ է` խոսելու առկա խնդիրների, մարտահրավերների, դրանց հաղթահարման ու լուծումների մասին: Բոլորս էլ գիտակցում ենք, որ դանդաղելու ժամանակ չունենք, ուստի անհրաժեշտ է լինել ավելի հետևողական ու սկզբունքային: Մենք իրավունք չունենք հանգիստ շունչ քաշելու, մխիթարվելով, թե միջազգային ֆինանսական ճգնաժամն այլևս հետևում է, թե մենք զսպեցինք այդ ճգնաժամի հնարավոր բարդ հետևանքները, թե աշխարհաքաղաքական այս կամ այն թնջուկը հանգուցալուծվում է և այլն:
Պետք է ամուր հիմքեր ստեղծենք տնտեսական առաջընթացի, բարեկեցության ու լավատեսության համար:

Հարգելի գործընկերներ, իհարկե, անհնար է ելույթի համար հատկացված ժամանակի շրջանակում ամբողջությամբ անդրադառնալ 2018 թվականի պետական բյուջեի մասնագիտական բազմաթիվ նրբություններին: Բայց միանշանակ կարող եմ նշել, որ, մեծ հաշվով, երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը հստակ ասում է. եկեք ինքներս ազնիվ լինենք մեր առջև և ընդունենք, որ այս պահին այսքա’նն է մեր հնարավորությունների սահմանը:

Բայց այն նաև ասում է, որ մեր ունեցածը պետք է այնպես ծախսել, որ հաջորդ տարիներին կարողանանք ասել՝ մեր ուժերի սահմանները ինքներս ենք մեծացրել:

Անկեղծորեն պիտի ասեմ, որ 2018 թվականի բյուջեի նախագիծը ինձ միաժամանակ և ոգևորում է, և անհանգստացնում:

Ոգևորում է, քանի որ տեսնում եմ տնտեսական վերելքին միտված հստակ ծրագիր, տեսնում եմ պաշտպանության ոլորտի ամրացման անթաքույց կամք և, վերջապես, տեսնում եմ իրերն իրենց անունով կոչելու և վարդագույն ակնոցներին չապավինելու ձեռագիր:

Սրանք ես տեսնում եմ շատ հստակ, և դա ինձ ոգևորում է:

Բայց ես տեսնում եմ, որ 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը պակաս առատաձեռն է սոցիալական ոլորտի, մասնավորապես կրթության ու առողջապահության հանդեպ: Ու թեև ես շատ լավ հասկանում եմ, որ այն, ինչ հիմա մենք անում ենք, մեծացնելու է վաղվա մեր հնարավորությունները նույն կրթության ու առողջապահության ոլորտներում թռիչք ունենալու համար, միևնույն է, կարծում եմ, որ մենք հետագայում ավելի լրջորեն պետք է աշխատենք` այս ոլորտների ֆինանսավորումն առնվազն չնվազեցնելու, այլ ավելացնելու ուղղությամբ:

Այո, պետբյուջեի նախագծով որոշակիորեն կրճատվում է առողջապահության ֆինանսավորումը: Առողջապահությունն այն ոլորտն է, որտեղ այսօր կորցրածը վաղը շատ դժվար կամ գրեթե անհնար է վերականգնել: Այս ոլորտում բարեփոխումները, օպտիմալացումը, որոնց նպատակը բյուջեն ավելի խնայողաբար օգտագործելը, համակարգն ավելի արդիական ու ճկուն դարձնելն է, չպետք է անցանկալի ազդեցություն ունենան բնակչությանը մատուցվող ծառայությունների վրա: Այդուհանդերձ, ուրախ եմ, որ, գիտակցելով, որ ֆինանսների կրճատումը կարող է բացասաբար անդրադառնալ թե’ քաղաքացու առողջության և թե’ առողջապահության համակարգի վրա, կառավարությունը կարողացել է գտնել խնդիրը կարգավորելու ճանապարհներ: Արդյունքում, 2018 թվականի պետբյուջեի ներկայացված վերջնական տարբերակում, նախագծի առաջին տարբերակի համեմատ, էականորեն` 4 մլրդ դրամով, ավելացվել է առողջապահական ոլորտի ֆինանսավորումը:

Հարգելի գործընկերներ, պարզ է, որ 2018 թվականի պետական բյուջեն, բնականաբար, չի կարող իր մեջ տեղավորել բոլոր ցանկությունները: Այստեղ է, որ տարակարծություններ, տեսակետների ու դիրքորոշումների բախում են առաջանում քաղաքական ուժերի, պատգամավորների ու կառավարության ներկայացուցիչների միջև: Սակայն հասկանալի է, որ բոլոր հարցերը միանգամից լուծելը, մեղմ ասած, դժվար է, շատ անգամ` անհնար: Հետևաբար, պոպուլիզմը որևէ կերպ ընդունելի չէ, որովհետև այն կարող է հանգեցնել նաև սոցիալական աղետի: Պետք է գնալ իրատեսության, գերակայություններին նախապատվություն տալու ճանապարհով:

Հուսով եմ` մենք կկարողանանք, հեռատեսություն ու սթափություն դրսևորելով, ընդունել պետական բյուջեի առավել օպտիմալ տարբերակ: Դրանով իսկ կառավարությանը հնարավորություն կտանք իրագործել նախատեսված ծրագրերը, հասնել տնտեսության կայուն աճի, որպեսզի խոսքը վերածվի գործի, գործն էլ իր հերթին դառնա արդյունք:

Կոչ եմ անում կողմ քվեարկել «Հայաստանի Հանրապետության 2018 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին»»:

Այս թեմայով