2017-ին Հայաստանի և Իտալիայի միջև առևտրաշրջանառությունն աճել է 25 տոկոսով. Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովանի Ռիչուլիին՝ մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:
Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին 2013թ. դեկտեմբերից ի վեր կատարած աշխատանքի, հայ-իտալական հարաբերություննեի զարգացմանը նպաստելու համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության ընթացքում: Վարչապետը բարձր է գնահատել երկու երկրների համագործակցությունը քաղաքական, մշակութային ոլորտներում և կարևորել տնտեսական կապերի խորացմանն ուղղված քայլերը: «Այս առումով ունենք շատ ավելի մեծ ներուժ, քան իրացնում ենք: 2017 թվականին Հայաստանի և Իտալիայի միջև արձանագրվել է առևտրաշրջանառության 25 տոկոսի աճ, հույս ունենք, որ աճը կշարունակվի նաև ձևավորված միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեության արդյունքում», — նշել է կառավարության ղեկավարը:
ՀՀ վարչապետը կարևորել է Իտալիայի հետ փոխգործակցությունը նաև Հայաստան-Եվրամիություն շրջանակներում:
Դեսպան Ջովանի Ռիչուլին ևս շնորհակալություն է հայտնել Կարեն Կարապետյանին սերտ համագործակցության համար՝ ընդգծելով, որ հատկապես վերջին շրջանում հայ-իտալական հարաբերություններում նկատվում են բիզնես կապերի զարգացման լավ միտումներ: Դեսպանի խոսքով՝ հատկապես ՀՀ կառավարության ակտիվ աշխատանքի արդյունքում իտալացի գործարարների շրջանում մեծացել է Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը: «Վստահ եմ, որ հետագայում այդ հետաքրքրությունը կբերի լավ արդյունքների»,— նշել է Ջովանի Ռիչուլին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկու պետությունների համագործակցության օրակարգային տարբեր հարցեր, անդրադարձել երկկողմ ավիաչվերթերի կազմակերպման հնարավորությանը, կարևորել անցած տարի իր առաջին նիստը գումարած միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը:

 


Այս թեմայով