Մենք վտանգում ենք մեր սերունդների ապագան. ՕԵԿ պատգամավոր

Մենք վտանգում ենք մեր սերունդների ապագան. Իշխան Խաչատրյան«Ազգային ժողովի վերջին նիստերը հագեցած էին վարկային համաձայնագրերի քննարկմամբ»:

Politik.am 20.մայիսի 2015 թ.: ՀՀ ԱԺ «Օրինաց երկիր» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանի  ելույթը` «Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագրի վերաբերյալ» .
Ազգային ժողովի վերջին նիստերը հագեցած էին վարկային համաձայնագրերի քննարկմամբ:

Իսկ այժմ քննարկում ենք ևս մեկ՝ «Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագիրը, որը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև: Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 3.5 մլն եվրո գումարի չափով վարկ:
Վերջինիս նպատակն է օժանդակել կոշտ կենցաղային թափոնների կառավարմանը Կոտայքի մարզում և Սևան քաղաքում: Նախատեսվող ֆինանսական միջոցները ուղղվելու են կապիտալ ծախսերի ֆինանսավորմանը, թափոնների հավաքման բեռնատարների ձեռքբերմանը, թափոնների համար կոնտեյներների ու արկղերի ձեռքբերմանը, նոր աղբավայրի կառուցմանը:
Համաձայնագրում կան մի շարք անհասկանալի դրույթներ: Մասնավորապես, որևէ հստակ տեղեկատվություն չի պարունակվում վարկի տրամադրման տոկոսադրույքի վերաբերյալ: Պարզապես նշվում է, որ վարկը ենթակա է փոփոխվող տոկոսադրույքի: Ուստի անհասկանալի է տարեկան կտրվածքով որքան է կազմելու տոկոսադրույքի նվազագույն և առավելագույն շեմը, և ինչ սկզբունքների հիման վրա է այն հաշվարկվելու: Բացի այդ ՝ մանրամասն ներկայացված չէ թե ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման համար ինչպես են բաշխվելու այդ ֆինանսական միջոցները: Սրանք հարցեր են, որոնք մշտապես առաջանում են վարկային համաձայնագրերի քննարկման ժամանակ, ուստի անհրաժեշտություն կա վարկային համաձայնագրերի մշակման նոր հայեցակարգ սահմանել:
Եվս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ մեր արտաքին պարտքն արդեն մոտենում է 5 մլրդ-ի սահմանին: Մենք պարբերաբար վերցնում ենք բարձր տոկոսադրույքներով վարկեր տարբեր երկրներից, միջազգային ֆինանսական կառույցներից, սակայն այդ վարկերը արդյունավետ չեն օգտագործվում, և վաղ թե ուշ մենք կանգնելու ենք այդ հսակայան վարկերի մարման լուրջ խնդրների առջև: Դրանով մենք վտանգում ենք մեր սերունդների ապագան, ոչինչ չթողնելով նրանց բարեկեցիկ կյանքի համար, ստիպում ենք վճարել մեր ոչ խելամիտ քայլերի համար:
Կարծում եմ, որ այս վարկային ծրագրի հրատապությունը հիմնավորված չէ, քանի որ խնդիրը հանգում է կենցաղային թափոններին, որոնք չեն պարունակում վտանգավոր քիմիական տարրեր կամ ռադիոակտիվ նյութեր, հետևաբար էկոլոգիական առումով շրջակա միջավայրի համար լուրջ վտանգ չեն ներկայացնում: Եվ այս դեպքում նույնպես հարց է առաջանում թե որքանով է արդարացված վարկ վերցնել ընդամենը կեցաղային աղբ տեղափոխելու համար, կամ հետագայում ինչ միջոցների հաշվին ենք վերադարձնելու: Այն դեպքում երբ այդ ֆինանսական միջոցները կարելի է հատկացնել թեկուզ աղբավերամշակման գործարանների կառուցման համար: Գաղտնիք չէ, որ աղբի վերամշակումը շահութաբեր բիզնես է, և տնտեսվարող սուբյեկտներին կարող է մեծ եկամուտներ բերել, նաև նպաստել նոր աշխատատեղերի բացմանը:
Բացի այդ՝ այսօր Հանրապետության բազմաթիվ համայնքներում, ինչպես նաև խոշոր քաղաքներում աղբահանության լրջագույն խնդիրներ կան: Մի շարք քաղաքներով հոսող գետերը վեր են ածվել աղբատարների և էկոլոգիական վտանգ են ներկայացնում շրջակա միջավայրի համար: Մերձքաղաքային շրջաններում աղբավայրերը զբաղեցնում են հսկայական տարածություններ, որտեղից մեծ քանակությամբ թունավոր գազեր են արտանետվում մթնոլորտ:
Կարելի է ենթադրել, նաև որ մոտ ապագայում կբարձրանա աղբահանության գինը, ինչը դժգոհություններ կառաջացնի հանրության շրջանում:
Ներկայումս քաղաքակիրթ երկրներում ձևավորվել է աղբի տեսակավորման ու վերամշակման, և այն որպես երկրորդային հումք տնտեսության մեջ կիրառելու մշակույթ, ինչը բացակայում է մեզանում:
Ուստի արդեն ճիշտ ժամանակն է մեր երկրում նույնպես ներդնել միջազգային փորձն այս ոլորտում, և դրանով լուծել ոչ միայն բնակավայրերի մաքրության պահպանության և աղբահանության հետ կապված էկոլոգիական խնդիրները այլ նաև նպաստել բնակավայրերի տնտեսական զարգացմանը:

 


Այս թեմայով