Home » ՄԱՄՈՒԼ » Ինչու Ալիեւը չգնաց Ռիգա. պատճառն այլ է, քան հայտարարվել է

Ինչու Ալիեւը չգնաց Ռիգա. պատճառն այլ է, քան հայտարարվել է

Ինչու Ալիեւը չգնաց Ռիգա. պատճառն այլ է, քան հայտարարվել է«Ռիգայի գագաթաժողովում Ադրբեջանը ներկայացնելու են Էլմար Մամեդյարովն ու   Նովրուզ Մամեդովը»:

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ այս օրերին Ռիգայում չի կայանա Սարգսյան-Ալիեւ հանդիպումը, քանի որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չի կարող մասնակցել այս տարվա մայիսի 21-22-ին Ռիգայում կայանալիք «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովին:

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական կապերի բաժնի պետ Ալի Հասանովը հայտարարել է. «Քանի որ Առաջին եվրոպական խաղերի մեկնարկին մնացել է բավական քիչ ժամանակ, եւ այդ կարեւոր իրադարձության նախապատրաստական աշխատանքները թեւակոխել են եզրափակիչ փուլ, Ադրբեջանի նախագահի աշխատանքային գրաֆիկը չափազանց ծանրաբեռնված է, ինչի համար էլ նա չի կարող մասնակցել Ռիգայի գագաթաժողովին»:

Հասանովը նաեւ հայտնել է, որ Ռիգայի գագաթաժողովում Ադրբեջանը ներկայացնելու են արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ու Ադրբեջանի նախագահի աշխատակազմի՝ արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը:

Օրեր առաջ եվրոպացի բարձրաստիճան մի պաշտոնյա, որը ցանկացել էր անանուն մնալ, հայտարարել էր, թե մայիսի 21-22-ին Ռիգայում կայանալիք Արեւելյան գործընկերության անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում հնարավոր է տեղի ունենա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում: «Ռիգայում կկայանա երկու երկրների նախագահների կամ արտգործնախարարների եւս մեկ հանդիպում»,- ասել էր եվրոպացի պաշտոնյան:

Մեզ հետ զրույցում Բաքվի Քաղաքական ինովացիաների եւ տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն, ադրբեջանցի քաղաքական վերլուծաբան Մուբարիզ Ահմեդօղլուն փորձեց բացատրել, թե ինչու է Ադրբեջանի նախագահը որոշել չմասնակցել գագաթնաժողովին, որը հնարավորություն կտար ԼՂ հակամարտության շուրջ եւս բանակցություններ վարել:

Նա նշեց, որ Եվրոպական խորհրդարանը ցանկանում է բանաձեւ ընդունել Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերի դեմ, Բաքուն արեց ամեն ինչ, որպեսզի խորհրդարանականները հետ կանգնեն իրենց որոշումից, պաշտոնական Բաքուն չկարողացավ դրան հասնել: «Այս պատճառով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրաժարվեց մասնակցել Ռիգայի գագաթնաժողովին: Ալիեւի չմասնակցությունն այդ գագաթնաժողովին կապված չէր այդ ենթադրյալ հանդիպման հետ»,- տեղեկացրեց Մուբարիզ Ահմեդօղլուն:

Նրա համոզմամբ` գուցե եթե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցության լուրն ավելի վաղ հայտարարվեր, այդ հանդիպման հնարավորությունը մեծանար: «Բայց կարծես այդ հանդիպումը կասկածի տակ էր: Եթե հանդիպումը հաստատված լիներ, ապա կարծում եմ` այն իսկապես կկայանար»,- նկատեց ադրբեջանցի փորձագետը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 11 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy