Սուրիկ Խաչատրյանին ցանկացել են սպանե՞լ, թե՞ նախազգուշացրել են

Սուրիկ Խաչատրյանին ցանկացել են սպանե՞լ, թե՞ նախազգուշացրել ենՄարզպետը հաստատեց, որ մոտ 20 կրակոց է արձակվել:

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ երեկոյան Սյունիքի մարզից լուր ստացվեց այն մասին, որ անհայտ անձինք Կապան-Գորիս ճանապարհին կրակ են բացել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ: Ավտոմեքենայի մեջ եղել են մարզպետը, նրա օգնականը և վարորդը, ոչ ոք չի տուժել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հնչել է 20-25 կրակոց: Հիմնական կրակոցներն ուղղված են եղել ավտոմեքենայի անիվներին և թափքին: Մեր տեղեկություններով՝ Սուրիկ Խաչատրյանը մարզպետարանից Գորիս գնալիս է եղել, երբ 30-րդ կիլոմետրի ոլորաններում դարանակալած անձինք կրակ են բացել նրա ավտոմեքենայի ուղղությամբ: Կրակոցները տևել են մոտ 10 րոպե:

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով իր մեքենայի վրա կրակոցներին, կատակեց, թե երևի «ծիտ էին որսում»: Մարզպետը հաստատեց, որ մոտ 20 կրակոց է արձակվել, սակայն նա այն չկապեց վերջերս իր որդու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի հետ: Ամեն դեպքում, ակնհայտ է մեկ բան՝ կրակողները Սուրիկ Խաչատրյանին սպանելու ցանկություն չեն ունեցել, նրանք ընդամենը նախազգուշացրել են: Եթե իրոք այդպես է, ապա ստացվում է, որ մենք հերթական անգամ նույն երևույթի հետ գործ ունենք՝ որտեղ չի գործում արդարադատությունը, այնտեղ վաղ թե ուշ սկսում է գործել ինքնադատաստանը:

Մյուս կողմից՝ չի կարելի բացառել նաև այն տարբերակը, որ սա հայկական իրականությունից հայտնի մեկ այլ երևույթի` շատ զգույշ ինքնակրակվելու տարբերակ է: Անկախ նրանից, թե այդ տարբերակներից որ մեկի հետ գործ ունենք, ամեն դեպքում, փաստն այն է, որ Սյունիքում կամաց-կամաց իրավիճակը վերահսկողության տակից դուրս է գալիս, և եթե միջոցներ չձեռնարկվեն, ապա հետո կարող է ուշ լինել»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 51 անգամ
 


Այս թեմայով