ԱԺ մայիսի 20-ի նիստը` ուղիղ միացմամբ

աժ նիստ 20Քննարկվել է «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ առաջարկող օրինագիծը

Մայիսի 19-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի եւ Էլինար Վարդանյանի հեղինակած եւ առաջին ընթերցմամբ քննարկված «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի համայնքի համար 1 միջնակարգ դպրոցի ուսուցիչներին եւ աշակերտներին:

Այնուհետեւ խորհրդարանը շարունակել է քննարկել Հայաստանի Հանրապետության եւ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջեւ 2014 թվականի նոյեմբերի 12-ին Հռոմում ստորագրված «Ենթակառուցվածքների եւ գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի ֆինանսավորման համաձայնագիրը:

Պատգամավորները շարունակել են համաձայնագրի վերաբերյալ արտահայտել իրենց տեսակետները: Հովհաննես Մարգարյանը կարեւորելով գյուղատնտեսության զարգացմանն ուղղված քայլերն ու վարկային ծրագրերը, մտահոգություն է հայտնել վարկային ծրագրի արդյունավետության եւ վերահսկողության կապակցությամբ:

Արփինե Հովհաննիսյանը, անդրադառնալով ՀՀ մարզերում ոռոգման եւ խմելու ջրի խնդիրներին, նշել է, որ այդ առումով վարկային համաձայնագիրն արդարացված է: Պատգամավորը իր մտահոգությունն է հայտնել հատկապես վարկային միջոցների օգտագործման արդյունավետության առնչությամբ:

«Ժառանգություն» խմբակցության տեսակետը ներկայացրել է Թեւան Պողոսյանը: Նա իրազեկել է, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու համաձայնագրին: Անդրադառնալով համաձայնագրի դրույթներին՝ նա նշել է, որ հստակեցված չեն շահառուները եւ համայնքները, որոնց ուղղվելու են գումարները:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրել է Միքայել Մելքումյանը: Ըստ նրա՝ անհրաժեշտ է տնտեսության մեջ բարձրացնել արտադրողականության որակը: Պատգամավորը կարեւորել է վարկային համաձայնագրի առավել խորը ուսումնասիրությունը՝ նկատի ունենալով տնտեսության վրա դրա ազդեցությունը, գյուղատնտեսության վարկավորման խնդիրները, գյուղատնտեսության ապահովագրությունը, բիզնեսի եւ մարդկանց շահերը: Նա ասել է, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու համաձայնագրին:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը եզրափակիչ ելույթում անդրադարձել է պատգամավորների հնչեցրած հարցերին եւ մտահոգություններին: Փոխնախարարն անդրադարձել է գյուղատնտեսության ոլորտում պարենային անվտանգությանը, արտահանման ծավալներին, տնտեսական աճին ու զարգացմանը: Արմեն Հարությունյանը մեկ անգամ եւս շեշտել է, որ այս ծրագրի ամենամեծ բաղադրիչն ուղղված է ենթակառուցվածքների, ոռոգման ջրի, ֆինանսական մատչելիության ապահովման հարցերին:

Քննարկվել է «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ առաջարկող օրինագիծը

Այնուհետեւ խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է Արծվիկ Մինասյանի, Միքայել Մանուկյանի, Արմեն Ռուստամյանի, Թեւան Պողոսյանի, Աղվան Վարդանյանի, Արմեն Բաբայանի հեղինակած «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Արծվիկ Մինասյանը տեղեկացրել է, որ «Հանրաքվեի մասին» գործող օրենքն ընդունվել է 2001թ-ին, որից հետո կատարվել են որոշ փոփոխություններ, սակայն դրանք չեն առնչվել առաջարկվող փոփոխություններին: Պատգամավորը տեղեկացրել է, որ օրենքում առաջարկվում է մեծացնել այն ժամկետը, որն անհրաժեշտ է հանրաքվեի նշանակման եւ անցկացման համար: Գործող օրենքով այն նախատեսվում է 45-60 օր, առաջարկում են այն փոխել 55-65 օր: Օրենքի նախագծում հիմնական փոփոխությունները վերաբերում են հանրաքվեին մասնակցող անձանց ցուցակների կազմմանը, հրապարակմանը, տեղամասային հանձնաժողովների ձեւավորման ժամկետներին, դիտորդական առաքելության իրականացնողների իրավունքների իրացման համար պայմանների ապահովմանը, հանրաքվեի արդյունքների հրապարակմանը եւ հանրաքվեի դրված նախագիծն ընդունված լինելու դեպքում դրա ուժի մեջ մտնելուն, հանրաքվեի դնելիք նախագծին կողմ կամ դեմ արտահայտվողների համար հավասար պայմանների ապահովմանը:

Գլխադասային՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը: Նա նշել է, որ նախագծով փորձ է արվում կարգավորել մի շարք խնդիրներ եւ հարաբերություններ: Հովհաննես Սահակյանը պատրաստակամություն է հայտնել առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կազմակերպել աշխատանքային քննարկում՝ օրինագիծը բարելավելու նպատակով:

Քննարկվող հարցի վերաբերյալ ելույթ են ունեցել ԱԺ պատգամավորները:

Կարեւորելով նախաձեռնությունը՝ Թեւան Պողոսյանը խոսել է ոլորտում առկա խնդիրների մասին: Պատգամավորը կարեւորել է հանրաքվեի ինստիտուտի նկատմամբ հանրային վստահության վերականգնումը: Հովհաննես Մարգարյանը եւս ողջունել է ներկայացված նախագիծը: Նա ներկայացրել է իր դիտարկումները նախագծի որոշ հոդվածների վերաբերյալ: Պաշտպանելով օրենսդրական նախաձեռնությունը՝ Խոսրով Հարությունյանն անհրաժեշտ է համարել հստակեցնել որոշ ձեւակերպումներ: Պատգամավորը օրինագծի վերաբերյալ ներկայացրել է առաջարկներ:

Օինագծի վերաբերյալ տեսակետներ են արտահայտնել նաեւ խմբակցությունների ներկայացուցիչները:

«Ժառանգություն» խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը: Ողջունելով նախաձեռնությունը՝ նա խոսել է ոլորտում առկա խնդիրներից: Խմբակցության ղեկավարը կարեւորել է ընտրությունների թափանցիկությունը, ընտրություններից հետո ընտրացուցակների հրապարակումը: Ռուբիկ Հակոբյանը ներկայացրել է մի շարք առաջարկներ:

Ներկայացնելով ՀԱԿ խմբակցության տեսակետը՝ Լեւոն Զուրաբյանը նշել է, որ հանրաքվեները եւ ընտրությունները ժողովրդավարության բարձրագույն դրսեւորումներ են եւ պետք է ամեն ինչ անել, որպեսզի այդ գործընթացները կարգավորող օրենքները լինեն անթերի: Խմբակցության ղեկավարն անհրաժեշտ է համարել օրինագծում ավելացնել Ընտրական օրենսգրքի վերափոխման վերաբերյալ 5 խմբակցության կողմից ներկայացված բոլոր առաջարկները:

Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցող Արծվիկ Մինասյանն անդրադարձել է պատգամավորների հարցադրումներին եւ տվել է պարզաբանումներ:

Նախատեսվում է բարելավել կոշտ կենցաղային թափոնների կառավարումը Կոտայքի մարզում եւ Սեւան քաղաքում

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը ներկայացրել է 2014 թվականի դեկտեմբերի 19-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման ու զարգացման Եվրոպական բանկի միջեւ» Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագիրը: Փոխնախարարի տեղեկացմամբ՝ համաձայնագրով նախատեսվում է, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը 15 տարի մարման ժամկետով ՀՀ-ին կտրամադրի 3.5 մլն եվրո վարկ, որի նպատակն է աջակցել Հայաստանին՝ բարելավելու կոշտ կենցաղային թափոնների կառավարումը Կոտայքի մարզում եւ Սեւան քաղաքում: Ծրագրի շրջանակներում նախատեսվող միջոցներն ուղղվելու են կապիտալ ծախսերի ֆինանսավորմանը, թափոնների հավաքման բեռնատարների, թափոնների համար կոնտեյներների ու արկղերի ձռքբերմանը, ինչպես նաեւ նոր աղբավայրի կառուցմանը:

Համաձայնագրի վերաբերյալ քննարկումը կշարունակվի ԱԺ-ի մայիսի 20-ի նիստում:

Դիտվել է 47 անգամ
 


Այս թեմայով