Բռնապետական կառավարումը չեզոքացնելու նախաձեռնության մասին քննարկում

նախախորհրդարան«Մասնակիցները ահազանգով փաստեցին Հայաստանում տասնյակ քաղբանտարկյալների և տարբեր ձևերով քաղաքական հալածանքների ենթարկվող հազարավոր քաղաքացիների առկայության մասին»:

Հիմնադիր խորհրդարանի նախաձեռնությամբ 2015 թ. մայիսի 18-ին կազմակերպված «Քաղաքական հետապնդումները և ստալինիզմի ուրվականը Հայաստանում» թեմայով կլոր սեղան-քննարկմանը մասնակցեցին քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, իրավապաշտպաններ, փորձագետներ, մշակույթի գործիչներ, վերլուծաբաններ, փաստաբաններ և լրագրողներ: Քննարկման ընթացքում մասնակիցները դիտարկեցին Հայաստանում քաղաքական հետապնդումների համակարգի միջոցով պետական իշխանության իրականացման մարտահրավերը ազգային անվտանգության և մարդու իրավունքների պաշտպանության տեսակետներից, տարաբնույթ կարծիքներ հայտնեցին մեթոդների և ձեռագրի առումով այդ մարտահրավերի և ստալինիզմի ընդհանրության, ինչպես նաև ներկայիս բռնությունների առանձնահատկությունների վերաբերյալ:

Մասնակիցների մեծ մասը հաստատեցին, որ անհրաժեշտ է գործուն միջոցներ ձեռնարկել մեր երկրի և ժողովրդի կյանքում ստալինյան ամբողջատիրության ժառանգությունը բացահայտելու և հաղթահարելու, ներկայումս նորօրյա ձևերի մեջ դրսևորվող ու հետզհետե արմատավորվող դրա սպառնալի մարտահրավերը չեզոքացնելու, մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները երաշխավորելու, այդ թվում՝ քաղբանտարկյալների ազատ արձակմանը հասնելու և քաղաքական հետապնդումների ենթարկվողների իրավունքների պաշտպանությունն ապահովելու նպատակով:

Անկախ իրավիճակի վերաբերյալ գնահատականներից, բոլոր մասնակիցները ահազանգով փաստեցին Հայաստանում տասնյակ քաղբանտարկյալների և տարբեր ձևերով քաղաքական հալածանքների ենթարկվող հազարավոր քաղաքացիների առկայության մասին՝ կարևոր համարելով հրատապ միջոցներ ձեռնարկել նրանց իրավունքների պաշտպանության նպատակով: Որպես առաջին գործուն միջոց՝ մասնակիցները քննարկեցին մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին հանրաճանաչ միջազգային նորմերի ու սկզբունքների հիման վրա և դրանց համապատասխան 2012 թ. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդունած «Քաղաքական բանտարկյալի սահմանում» թիվ 1900 բանաձևի համաձայն Հայաստանում մարդու քաղաքացիական և քաղաքական իրավունքների պաշտպանության նպատակով հասարակության ջանքերը միավորելու ունակ կոմիտե ստեղծելու հարցը:

Քննարկման արդյունքների հետ կապված հետագա զարգացումների մասին կտեղեկացվի ավելի ուշ:

 

Դիտվել է 13 անգամ
 


Այս թեմայով