Բաց նամակ. Հիմնադիր խորհրդարանից՝ դեսպանություններին

Բաց նամակ. Հիմնադիր խորհրդարանից՝ դեսպանություններինՀիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչներն այսօր բաց նամակներ են հանձնել ՀՀ-ում գործող օտարերկրա պետությունների և միջազգային կազմակերպություններ​ի​ դիվանագիտական ներկայացուցիչներին՝ Հայաստանում առկա քաղբանտարկյալներին ազատ արձակելու և քաղաքական հետապնդումները դադարեցնելու նպատակով։

Ստորեւ ներկայացնում ենք դիվանագիտական ներկայացուցիչներին հանձնված նամակի տեքստը.

«Հայաստանում և արտերկրում բնակվող հայությանը,

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին,

Ընդդիմադիր ուժերին և անհատներին,

Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին,

Իրավապաշտպան կազմակերպություններին.

Հայաստանի Հանրապետությունում ժողովրդի իշխանությունը բռնությամբ յուրացրած հանցավոր ռեժիմը, լինելով ստալինիզմի հոգեզավակ և ժառանգորդ, ձգտում է իրավական բռնության նորացված մեթոդներով իսպառ վերացնել քաղաքական ընդդիմության և գործունեության բոլոր օջախները:

Ռեժիմի նման գործելակերպի հետևանքով իրենց քաղաքական հայացքների ու գործունեության համար բանտերում են հայտնվել Վոլոդյա Ավետիսյանը, Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները, Հայկ Կյուրեղյանը:

Նույն պատճառով շինծու մեղադրանքով շուրջ մեկ ամիս ժամկետով բանտարկվեցին Հիմնադիր խորհրդարանի և նրա քարտուղարության անդամներ Ժիրայր Սէֆիլյանը, Գարեգին Չուգասզյանը, Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը և Գևորգ Սաֆարյանը, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոփոխվեց միայն աջակիցների և միջազգային կազմակերպությունների ու պետությունների ջանքերի շնորհիվ:

Սակայն նրանց նկատմամբ այդ կեղծ մեղադրանքը մնում է ուժի մեջ, իսկ նրանց ու նրանց աջակիցների նկատմամբ քաղաքական հետապնդումը շարունակվում է, որովհետև հանցավոր ռեժիմը նպատակ է դրել առհասարակ խափանելու Հիմնադիր խորհրդարանի ընդդիմադիր գործունեությունը:

Այդ նպատակին հասնելու համար ռեժիմը հատուկ ծառայություններին, իրավապահպան մարմիններին և դատարաններին օգտագործում է որպես պատժիչ կառույցներ: Զուգահեռաբար՝ լրացուցիչ կերպով ձևով գործի է դրվում նաև ռեժիմի մաս կազմող քրեական-օլիգարխիկ շրջանակների ռեսուրսը:

Ընդ որում՝ այդ մարմիններն ու քրեական-օլիգարխիկ շրջանակները գործում են  միասնաբար և ըստ պլանի բաշխված դերերին համաձայն: Արտաքուստ օրինապահ երևալու նպատակով այս համակարգված հանցավոր գործունեությունն իրականացվում է օրենքով այդ մարմիններին տրված լիազորությունների քողածածկույթի ներքո: Տարբեր աղբյուրներից ստացված տեղեկությունը և այդ մարմինների գործունեության մեթոդների ու ձևերի դիտարկումը ցույց է տալիս, որ Հիմնադիր խորհրդարանի գործունեությունը խափանելու վերաբերյալ ռեժիմի առաջադրանքը կատարելու համար մշակվել և իրականացվում է գործողությունների ստորև ներկայացվող սխեման:

1. Սկզբում Քննչական կոմիտեն, չարաշահելով իր լիազորություններն ու անցնելով դրանց սահմանները, Հիմնադիր խորհրդարանի և նրա քարտուղարության անդամների նկատմամբ կեղծ մեղադրանքով հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննության պատրվակով կանչում է հարյուրավոր մարդկանց՝ հիմնականում երիտասարդների ու ուսանողների և հոգեբանական ճնշման ու ահաբեկման միջոցով փորձում է նրանց հետ պահել Հիմնադիր խորհրդարանի քաղաքական գործունեությանը մասնակցելուց, ինչպես նաև ճշտել Հիմնադիր խորհրդարանի օգտին առավել ակտիվ քարոզչական և կազմակերպական գործունեություն իրականացնող անձանց:

Մասնավորապես՝ Քննչական կոմիտեն, չարաշահելով անսահմանափակ քանակով և պարբերականությամբ վկաներ կանչելու վերաբերյալ օրենքով սահմանված իր լիազորությունը, դեռևս լիարժեք կերպով հոգեբանորեն չկայացած երիտասարդներին հարցաքննության է կանչում մեկից ավելի անգամ և ընդամենը թռուցիկներ բաժանած կամ հանրային որևէ միջոցառմանը ներկա եղած այդ անձանց հարցեր է ուղղում Հիմնադիր խորհրդարանի և նրա քարտուղարության անդամներին մեղսագրվող ծանր հանցագործության՝ զանգվածային անկարգությունների կազմակերպման նախապատրաստման իբրև թե գոյություն ունեցող մանրամասների վերաբերյալ: Ընդսմին՝ նրանց ուղղվող հարցերը տրվում են այնպիսի խոսքային ու հոգեբանական համատեքստում, որպեսզի վերջիններս իրենց մեղսակից զգան այդ ծանր հանցագործության կատարման մեջ: Զուգահեռաբար՝ հատուկ կարևորության գործեր քննելուն կոչված քննիչները հոգեբանորեն խոցելի այս խմբի անձանց բացահայտ և քողարկված սպառնալիքների, կեղծ բարեկամական հորդորների և այլ հնարքների միջոցով ստիպում են հրաժարվել հետագա քաղաքական ակտիվությունից, ինչպես նաև տվյալներ հայտնել առավել ակտիվ երիտասարդների մասին:

2. Այնուհետև նույն Քննչական կոմիտեն, ինչպես նաև հատուկ ծառայությունները, Ոստիկանությունը և քրեական-օլիգարխիկ շրջանակները Քննչական կոմիտեի կողմից ապօրինի կերպով ձեռք բերած տվյալներն օգտագործում են ռեժիմի թիրախում հայտնված առավել ակտիվ քաղաքացիների նկատմամբ հոգեբանական և այլ բնույթի բռնություն գործադրելու համար, որպեսզի վերջիններս դադարեցնեն իրենց քաղաքական  գործունեությունը:

Այս ամենի հետ մեկտեղ, ռեժիմը ցուցաբերում է քրեական-օլիգարխիկ շրջանակների միջոցով Հիմնադիր խորհրդարանի աջակիցների շարքերում վախի մթնոլորտ սերմանելու և, զուգահեռաբար, նրա դեմ գործող այդ շրջանակներին քաջալերելու վարքագիծ: Այդ նպատակով ռեժիմը մի կողմից ակնհայտ կերպով ցույց է տալիս, որ քայլեր չի կատարում հանցագործություններ կատարած անձանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, իսկ մյուս կողմից՝ հովանավորում է իր կամքից անկախ բացահայտված հանցագործներին: Նշվածի մասին են վկայում Հիմնադիր խորհրդարանի ավտոմեքենաները հրկիզած և Գևորգ Սաֆարյանի նկատմամբ մահափորձ կատարած անձանց անհայտ մնալու, Բերձորյան ջարդի և 2015 թ. մարտի 7-ի և 28-ի Գյումրիի դեպքերի հայտնի մասնակիցներին պատասխանատվության չենթարկելու, ինչպես նաև 2015 թ. մարտի 28-ին Գյումրիում Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Հրաչիկ Միրզոյանին դանակահարած անձին կալանքից ազատելու դեպքերը:

Հիմնադիր խորհրդարանի քաղաքական գործունեությունը խափանելու նպատակով ռեժիմի համակարգված քայլերի մասին է վկայում նաև մեկ այլ հանգամանք: Երևանում գտնվող հյուրանոցները և հանրային միջոցառումների համար վարձակալությամբ տարածքներ տրամադրող մյուս կազմակերպությունները ռեժիմի թելադրանքով հրաժարվում են նույն վարձակալության կարգով Հիմնադիր խորհրդարանին դահլիճ տրամադրել նրա կազմակերպած հանրային միջոցառումներն անցկացնելու համար: Այդօրինակ վերջին դեպքը գրանցվել է նախորդ շաբաթվա ընթացքում: Հիմնադիր խորհրդարանը ստիպված եղավ փոփոխել «Քաղաքական հետապնդումները և ստալինիզմի ուրվականը Հայաստանում» թեմայով կլոր-սեղան քննարկման վայրը, օրն ու ժամը և այն անցկացնել փոքրիկ ու նկուղային մի տարածքում, ինչի պատճառով հրավիրվածների և ԶԼՄ-ների մի մասը չկարողացան մասնակցել դրան, ինչպես նաև միջոցառումը տուժեց ներկայացուցչականության առումով:

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը մեր ժողովրդին, բոլոր ընդդիմադիր ուժերին ու անհատներին, հատկապես՝ երիտասարդությանը կոչ է անում անտեսել ապազգային ու հանցավոր ռեժիմի այս անօգուտ ջղաձգումները, համախմբվել և ավելի մեծ թափով ու ոգևորությամբ շարունակել պայքարը:

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը դիմում է նաև Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին, ինչպես նաև միջազգային ու հայաստանյան իրավապաշտպան կազմակերպություններին և նրանց հորդորում է շարունակել ժողովրդի իշխանությունը յուրացրած հանցավոր ռեժիմի նկատմամբ ճնշումը՝ քաղբանտարկյալներին ազատ արձակելու ու քաղաքական հետապնդումները դադարեցնելու նպատակով»:

Դիտվել է 21 անգամ
 


Այս թեմայով