Սուրիկ Խաչատրյանը, ում որդին այժմ ոստիկանությունում է, կարևորեց անասնաշուկայի բացումը

սուրեն խաչատրյանԱյսօր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ներկա էր Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի Խոտ գյուղի մոտ կառուցված անասնաշուկայի բացմանը: Ներկա էին Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լ. Գասսերը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների փոխնախարար Վ. Տերտերյանը, ռազմավարական զարգացման գործակալության ղեկավար Մ. Այվազյանը, փոխմարզպետ Վ. Դավթյանը, Գորիս քաղաքային համայնքի ղեկավար Վ. Ադունցը, գյուղական համայնքների ղեկավարներ, գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչներ, ֆերմերներ:
Անասնաշուկան կառուցվել է ռազմավարական զարգացման գործակալության կողմից, որը ֆինանսավորում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը: Այն նպատակ ունի խթանել խոշոր եղջերավոր անասունների առևտուրը Սյունիքի տարածաշրջանում:
Սյունիքի և Վայոց Ձորի տարածաշրջաններում գործող անասնապահական շուկան կառուցվել է  «Անասնապահության զարգացումը Հայաստանի հարավում»  նախագծի շրջանակներում:

Կկիրառվեն առևտուրը խթանելու ավելի նոր մեթոդներ, որոնք կնպաստեն ֆերմերների կարողությունների զարգացմանը` նրանց անընդհատ մատուցելով գործարար աջակցություն, տեղեկատվական խորհրդատվություն:
Անասնաշուկա-համալիրի տարածքում շրջայցի ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին ադմինիստրատիվ-գործարար բաժնի, դեղանյութի և ագրովաճառակետ ցուցասրահների, հանրային սննդի սրահների հնարավորություններն ու նպատակային գործառույթները:

Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան L. Գասսերը նկատեց, որ Սյունիքը շատ նման է իր հայրենիքին` Շվեյցարիային. «Ինձ համար մեծ հաճույք է լինել Սյունիքիում, որտեղ գեղեցիկ լեռներ կան, որտեղ ապրող մարդիկ հպարտ են և հայտնի են որպես լավ զինվորներ: Ես Սյունիքի և Շվեյցարիայի միջև մեծ նմանություններ եմ տեսնում. կարծում եմ իրականացվող ծրագրերը կխթանեն գյուղատնտեսության զարգացմանը»:
Մարզպետ Ս. Խաչատրյանը, խոսելով անասնաշուկայի կարևորության մասին, նշեց.
«Անասնապահական շուկայի բացումն անկասկած դրական խթան կհանդիսանա տարածաշրջանում անասնապահության զարգացման համար»։

«Շվեյցարիայի կառավարության և նրա ֆինանսական զորակցությամբ ոչ կառավարական կազմակերպությունների կողմից իրականացվող հումանիտար և զարգացման ծրագրերին նոր չէ, որ ծանոթանում ու գնահատում են սյունեցիները: Միայն վերջին հինգ տարիների ընթացքում իրականացվել են այնպիսի մեծածավալ ծրագրեր, ինչպիսիք են անասնապահության զարգացման ծրագրերը Գորիսի և Սիսիանի 40 համայնքներում , «Շուկաներ Մեղրիի համար», «Սոցիալական տուն աջակից պայմաններով» ծրագրերը. վերջինիս արդյունքում Գորիսում փախստականների համար կառուցվեց 22 բնակարանոց շենք: Միայն նշված ծրագրերը կյանքի կոչելու համար ներդրվել է շուրջ 2 մլրդ դրամ».- ասել է նա։

Այս մասին հայտնում է մարզպետարանի մամլո ծառայությունը։

Դիտվել է 80 անգամ
 


Այս թեմայով