Քննությունները որակական առումով պետք է ավելի լավը լինեն. Հովիկ Աբրահամյան

Քննությունները որակական առումով պետք է ավելի լավը լինեն. Հովիկ ԱբրահամյանՎարչապետ Հովիկ Աբրահամյան. «2015 թ. միասնական քննությունները պետք է լինեն առավելագույնս թափանցիկ և արդար»:Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել 2015 թ. միասնական քննությունների կազմակերպման վերաբերյալ խորհրդակցություն, որին մասնակցել են «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավարությունը և քննական կենտրոնների ղեկավարները:  Այս մասին Politik.am-ը տեղեկացավ կառավարությունից:
«Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գագիկ Մելիքյանը զեկուցել է 2015 թ. միասնական քննությունների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ, որոնք մեկնարկել էին ս.թ. հունվարից: Նշվել է, որ այս տարի կա 11803 դիմորդ և 34 քննական կենտրոն՝ 10-ը Երևանում, 24-ը՝ ՀՀ բոլոր մարզերում, ընդ որում՝ որոշ մարզերում 2-3 քննական կենտրոն: Առաջին քննությունը տեղի կունենա հունիսի 2-ին, վերջինը՝ հունիսի 23-ին, հաստատված է քննական կենտրոնների ղեկավարների ցանկը: Շտեմարանների հիման վրա մշակված թեստերն արդեն ուղարկվել են Անգլիա՝ տպագրության համար, և մայիսի 25-ին արդեն կլինեն Հայաստանում: Գագիկ Մելիքյանը նշել է, որ քննական գործընթացի կազմակերպման վերաբերյալ տեղեկատվությունը զետեղված է «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքում:
Վարչապետը հետաքրքրվել է քննական կենտրոններում առկա խնդիրներով և նշել, որ կառավարությունը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել դրանց լուծմանը: Հովիկ Աբրահամյանը կարևորել է միասնական քննական կենտրոնների արդյունավետ գործունեությունը և պահանջել ներդնել բոլոր ջանքերը՝ քննական գործընթացում արդարության ու թափանցիկության ապահովման համար: «2015 թ. միասնական քննությունները պետք է լինեն առավելագույնս թափանցիկ և արդար: 2014 թ. այս առումով հանրությունից մեծ դժգոհություն չի եղել, և այս տարի քննությունները որակական առումով պետք է ավելի լավը լինեն, ամենակարևորը, պետք է հասարակության վստահությունը վերականգնենք», — նշել է վարչապետը:
Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ 2015 թ. միասնական քննությունները գտնվելու են իր ուշադրության կենտրոնում և անարդարության յուրաքանչյուր դեպքի մեղավորները պատասխանատվության կենթարկվեն: Վարչապետը նշել է, որ պետության նպատակը կրթության ոլորտում ազնիվ և արդար մրցակցության պայմանների ստեղծումն է, որպեսզի յուրաքանչյուր դիմորդ գիտելիքներն իրացնելու և բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն ունենա:

 


Այս թեմայով