2014 թվականի պետական բյուջեի նախագիծը

varchapetԱզգային ժողովի հարգարժան նախագահ,
Հարգելի գործընկերներ,
Հայաստանի Հանրապետության կառավարությունն Ազգային ժողով է ներկայացրել 2014 թվականի պետական բյուջեի նախագիծը: Ինչպես արդեն նախագահողը նշեց, որ 2014 թվականի պետական բյուջեի նախագիծն ունի մի առանձնահատկություն, այն է՝ առաջին անգամ մենք ձեզ ներկայացնում ենք ծրագրային պետական բյուջեի նախագիծ: Սա նոր մոտեցում է: Կառավարությունն այդպիսի օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկավ և բյուջետային համակարգի մասին փոփոխություն կատարեց՝ առաջարկելով ձեզ այդ դրույթները ներառել օրենքի մեջ, ինչը, բնականաբար, լրացուցիչ պարտավորություններ է դնում պետական գերատեսչությունների առջև: Մենք առաջին անգամ ենք այդ մոտեցումով բյուջեն ձեզ ներկայացնում և այդ առումով խնդրում ենք շատ խիստ չդատեք մեզ, քանի որ մեր գնահատականներով առնվազն երեք տարի է մեզ անհրաժեշտ լինելու, որպեսզի ամբողջությամբ ներդնենք ծրագրային բյուջետավորման համակարգ, որը հնարավորություն է տալու որակական և քանակական չափանիշներ սահմանել ծրագրերում, ինչը պետական բյուջեի իրականացումը կդարձնի ավելի վերահսկելի՝ արդյունքների հասնելու տեսակետից:
Ցանկանում եմ նաև ձեզ տեղյակ պահել, որ իրականում այս մոտեցումը պահանջում է բավականին մեծ ծավալի աշխատանք. նախարարություններում շեշտակիորեն պետք է ավելացնենք մասնագիտական կարողություններ, որպեսզի կարողանանք իրականացնել բոլոր նորմատիվային ակտերի ազդեցության գնահատական և ներկայացնենք հանրությանը՝ մինչև նախագծերի ընդունումը: Դեռևս նույնիսկ շատ զարգացած երկրներում այդ գործառույթի ներդրումն առնչվում է շատ խնդիրների, որովհետև այդ վարժությունը բավականին բարդ է, և մեզ, ուզում եմ կրկնել, առնվազն երեք տարի է անհրաժեշտ լինելու, որպեսզի այդ կարողությունները ձևավորենք: Սակայն ավելի լավ է մենք այսօր սկսենք այդ գործառույթը, և Ազգային ժողովում քննարկումները նույնպես մեզ կօգնեն ավելի լավ հասկանալ, թե ըստ գերատեսչությունների` ծրագրերի մեջ որ շեշտադրումներն են առավել կարևոր, որ ցուցանիշները` ինչպես քանակական, այնպես էլ որակական:
Մեր տնտեսական ծրագրերի 2013 թվականի կատարողականը բնութագրվում է առաջին հերթին այն հանգամանքով, որ տնտեսական աճի տեմպը դանդաղում է նախորդ տարվա համեմատ: Իհարկե, մենք այս հարցին ավելի մանրամասն կանդրադառնանք, երբ ձեզ ներկայացնենք 2013 թվականի պետական բյուջեի հաշվետվությունը, բայց այս պահի դրությամբ արդեն կան միտումներ, որոնք ուզում եմ ներկայացնել ձեր դատին:
Առաջին հերթին, որոնք են տնտեսական աճի տեմպերի նվազման պատճառները. պետական բյուջեի կատարողականի վրա ազդեցությունները բաղկացած են երկու խմբից: Առաջինը՝ արտաքին գործոններն են, որոնք մշտապես ազդեցություն են թողնում մեր տնտեսության վրա, քանի որ մենք բաց տնտեսական մոդել ենք ներդրել Հայաստանի Հանրապետությունում և հասկանալի է, որ հիմնական գործընկեր երկրներում տեղի ունեցող սոցիալական, տնտեսական, քաղաքական իրադարձություններն իրենց ազդեցությունն են թողնում մեր տնտեսական ցուցանիշների վրա: Մասնավորապես, տեղյակ եք, որ Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը 2013 թվականի բոլոր տնտեսական ցուցանիշները նվազեցրել են, քանի որ սպասվածից ավելի վատ միջավայր է ձևավորվել տնտեսական աճի պարագայում, և առաջին հերթին մեր ռազմավարական գործընկերների մոտ, որոնց հետ մեր հիմնական ապրանքաշրջանառությունն է, և դրանով պայմանավորված այդ ֆոնը 2013-ին եղել է բացասական: Բայց ես ավելի մանրամասն կանգ կառնեմ այն գործոնների վրա, որոնք պայմանավորված են մեր երկրի ներսում տեղի ունեցող գործընթացներով:
Առաջին հերթին մեր ուշադրության կենտրոնում պետք է լինի բիզնես միջավայրի բարելավումը և այստեղ մենք արձանագրում ենք, որ դեռևս ունենք չլուծված խնդիրներ, իսկ որոշ չափանիշներով նաև նահանջ ունենք: Այս ցուցանիշը չափազանց կարևոր է, որովհետև տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը պետք է լինեն մասնավոր ներդրումները, իսկ դրանց տեսակարար կշիռը ՀՆԱ-ում վերջին հինգ տարիների ընթացքում կայուն կերպով նվազում է, ինչը, բնականաբար, մտահոգում է մեզ, և սա ամենակարևորագույն գործոնն է: Դա նշանակում է, որ բիզնես միջավայրի բարելավումը մեզ համար պետք է լինի առաջնահերթություն: Չնայած որ մենք այդ ցուցանիշով 180 երկրների համեմատության մեջ առաջին 40 երկրների շարքում ենք, դա իհարկե մեզ չի կարող բավարարել երկու պատճառով. հաշվի առնելով աշխարհաքաղաքական ռիսկերը, որոնք իրենց էական և բացասական ազդեցությունն են թողնում բիզնես միջավայրի վրա, մենք պարտավոր ենք հայտնվել առնվազն առաջին քսանյակում: Այդ ցուցանիշի երկրորդ առանձնահատկությունը կայանում է նրանում, որ ցուցանիշների բաշխվածությունն անհավասարաչափ է: Կան ցուցանիշներ, որտեղ մենք աշխարհում զբաղեցնում ենք 5-րդ, 6-րդ, 7-րդ տեղերը, բայց կան նաև ցուցանիշներ, որ նույնիսկ 100-յակի մեջ չենք մտնում: Հենց այդ ցուցանիշներն էլ էապես զսպում են տնտեսական աճը Հայաստանի Հանրապետությունում: Խոսքն առաջին հերթին գնում է վարչարարության, առևտրի պայմանների, հարկային բեռի, ինչպես նաև պայմանագրերի կատարման գործընթացների մասին: Միևնույն ժամանակ, մեզ մտահոգում է շինարարության ոլորտում ստեղծված վիճակը՝ ելնելով երկու հանգամանքից: Առաջինը, որ բիզնես միջավայրի ցուցանիշի տեսակետից մենք դեռևս ունենք բյուրոկրատիայի բարձր աստիճան շինթույլտվությունների բնագավառում: Երկրորդը՝ վերջին հինգ տարիների ընթացքում շինարարության ոլորտում ունենք կայուն նվազում, և այդ միտումները շարունակվում են նաև 2013 թվականին:
Հաջորդ բացասական գործոնը, որն ազդել է տնտեսական աճի վրա՝ բարձր գնաճային միջավայրն է, և առաջին հերթին պայմանավորված այն հանգամանքով, որ 2013 թվականին Հայաստանի Հանրապետությունում շեշտակիորեն բարձրացան գազի և էլեկտրաէներգիայի գները, ինչը բնականաբար չէր կարող չանդրադառնալ տնտեսական աճի ցուցանիշի վրա: Դա իր հերթին ստիպեց Կենտրոնական բանկին բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այն այսօր կազմում է 8,5 տոկոս, որը նույնպես բնականաբար ունի զսպողական ազդեցություն տնտեսական աճի վրա: Հաջորդ գործոնն այս պայմաններում պետական բյուջեի դեֆիցիտի ցածր մակարդակն է, ինչն առաջին հերթին պայմանավորված է այն հանգամանքով, որ Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության ծրագիրն ավելի դանդաղ տեմպերով իրականացավ, քան մենք պլանավորում էինք, այն պարզ պատճառով, որ մենք նախապատվությունը տվեցինք որակական չափանիշներին և թույլ չտվեցինք, որպեսզի շինարարական աշխատանքներն ավելի մեծ ծավալով իրականացվեն, մինչև մեզ չներկայացվեին լրացուցիչ երաշխիքներ, որ ճանապարհի որակը համապատասխանում է միջազգային լավագույն չափանիշներին: Միայն այդ պահանջները բավարարելուց հետո մենք թույլ տվեցինք, որ շինարարությունը սկսի: Այս գործոնները բնականաբար իրենց բացասական ազդեցությունն են թողել 2013 թվականի տնտեսական աճի վրա:
Միևնույն ժամանակ, պետք է նշենք, որ արդյունաբերական և դիվերսիֆիկացիային միտված մեր քաղաքականությունը 2012-2013 թվականներին տալիս են դրական արդյունքներ, մենք այդ միտումների պահպանումն արձանագրում ենք նաև 2013 թվականին: Մասնավորապես, արդյունաբերության մեջ տեսնում ենք, որ աճի տեմպերը բավականին բարձր են, չնայած որ միջազգային շուկաներում կոնյուկտուրան մեզ չի բավարարում, այնուամենայնիվ հանքահումքային արդյունաբերությունում ունենք 10 տոկոսանոց աճ: Մեզ համար չափազանց կարևոր է, որ մշակող արդյունաբերությունը շարունակում է ցույց տալ բարձր աճի տեմպեր՝ շուրջ 8 տոկոս, գյուղատնտեսությունում նույնպես այս տարի ակնկալում ենք տնտեսական աճի բարձր ցուցանիշներ:
Մակրոտնտեսական ցուցանիշների տեսակետից դրական միտումները կայանում են նրանում, որ ընթացիկ հաշվի ճեղքվածքը նախորդ տարվա համեմատ նվազում է, և այն 2012 թ.-ի 11,5 տոկոսի փոխարեն կկազմի 10 տոկոս: 1,5 տոկոսային բարելավումն էական նշանակություն ունի: Առաջին հերթին ընթացիկ հաշվի բարելավումը պայմանավորված է նրանով, որ մենք արտահանման աճի տեմպեր ունենք, որոնք այսօր մի քանի անգամ գերազանցում են ներմուծման աճի տեմպերին: Երկրորդը` արձանագրում ենք, որ 2013 թվականին մասնավոր տրանսֆերտների տեսակարար կշռի աճի տեմպը պահպանվում է և այս երկու գործոններով պայմանավորված վճարային հաշվեկշիռն ունի բարելավման միտում:
Այժմ հարգելի գործընկերներ, ելնելով այս առանձնահատկություններից և այն միտումներից, որոնք արձանագրել ենք 2013 թվականին, մենք 2014 թվականին պետական բյուջեի ծրագրերը մշակելիս շեշտադրումներ ենք անում, թե որոնք պետք է լինեն մեր առանջնահերթությունները:
Առաջին հերթին 2014 թվականի պետական բյուջեի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ առաջին անգամ պետական բյուջե ենք ներկայացնում, որը չի նախատեսում հարկային վարչարարության բեռի ավելացում: Այսինքն, առաջին անգամ հարկեր-ՀՆԱ ցուցանիշը թողնում ենք նույնը: Դուք հիշում եք, որ միջնաժամկետ ծրագրում և այն քաղաքականության մեջ, որը վերաբերում էր այս ոլորտին ու համատեղ իրականացնում ենք միջազգային կառույցների հետ, ունեինք պարտավորություն, որ տարեկան 0,3-ից 0,4 տոկոսով պետք բարելավվի հարկեր-ՀՆԱ ցուցանիշը՝ առաջին հերթին վարչարարության բարելավման միջոցով, նպատակ ունենալով կրճատել ստվերային տնտեսությունը, գնահատել Հայաստանի Հանրապետությունում նոր ստեղծված արժեքը և բացահայտել այն ոլորտները, որտեղից ավելի քիչ հարկեր ենք հավաքում և վարչարարության շնորհիվ ավելացնենք հարկային մուտքերը: Ինչու ենք ընդունել այս քաղաքական որոշումը և 2014 թվականին չենք ավելացնելու վարչարարության բեռը: Առաջինը, որովհետև 2013-ին այդ առումով բավականին մեծ ծավալի միջոցառումներ են իրականացվել և վարչարարությունը խստացել է ու ինքնստինքյան դա բիզնես միջավայրի վրա բացասական ազդեցություն է թողել: Երկրորդը՝ այսուհետև շեշտադրումն անելու ենք ոչ թե վարչարարության գործիքների խստացման, այլ ռիսկերի վրա հիմնված վերահսկողության մեթոդների ներդրման վրա, որպեսզի ստուգումների քանակը նվազեցնենք և առաջին հերթին բացահայտենք ռիսկային ոլորտներն ու ստուգումներ իրականացնենք ռիսկային ոլորտներում: Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ այս քաղաքական որոշումները պետք է հարկային ճնշումները 2014 թվականին 2013 թվականի համեմատ նվազեցնեն:
Այդ առումով, եկամուտների ցուցանիշը 2013 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված է 1 տրիլիոն 134 մլրդ դրամ, ծախսերը՝ 1 տրիլիոն 244 մլրդ, և շուրջ 110 մլրդ բյուջեի դեֆիցիտն է: Բյուջեի դեֆիցիտի առումով էլ, ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ չնայած սա բավականին ցածր բյուջեի դեֆիցիտ է, մենք այնուամենայնիվ 2014 թվականին, եթե մեր բոլոր միջազգային ծրագրերով ունենանք կատարումների ավելի լավ ցուցանիշներ, չենք բացառում, որ կարող ենք ունենալ ծրագրայինից ավելի մեծ պետական բյուջեի դեֆիցիտ, որովհետև կարծում ենք, որ ընդլայնողական հարկաբյուջատային քաղաքականությունը 2014 թվականին նույնպես կարող է խթանել տնտեսական աճը:
Հաջորդ առանձնահատկությունը պետական բյուջեի նախագծի՝ աշխատավարձերի բնագավառում իրականացվող փոփոխություններն են: Մենք ձեզ հետ միասին այս հարցը բավականին երկար ենք քննարկել և պարտավորություն ենք ստանձնել ձեր դատին ներկայացնել աշխատավարձերի միասնական սանդղակ: Բավականին երկար ենք աշխատել այս փաստաթղթի վրա, և առաջին անգամ մեր նորանկախ պետության պատմության մեջ աշխատավարձերի առումով ունենալու ենք բոլոր պետական կառույցների համադրումները: Միևնույն ժամանակ, սանդղակի ներդրմամբ արձանագրում ենք նաև, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որդեգրել է մի քաղաքականություն, որը ենթադրում է հետևողականորեն իրականացնել աշխատավարձերի բարձրացման քաղաքականություն: Դա վերաբերելու է ոչ միայն պետական, այլև մասնավոր հատվածին: Հիշում եք, մեր ծրագրում նախատեսված էր, որ նվազագույն աշխատավարձը 35 հազարից մտադիր ենք հասցնել մինչև 70 հազար դրամ: Այդ առումով էլ, մենք հետևողական այս ծրագիրն իրականացնում ենք:
2014 թվականի պետական բյուջեի հաջորդ առանձնահատկությունը վերաբերում է սոցիալական քաղաքականությանը: Այս քաղաքականությունը վերջին տարիների ընթացքում ենթարկվել է արմատական փոփոխությունների, և կառավարության կողմից ներկայացված ծրագիրն իր մեջ պարունակում է սոցիալական քաղաքականության հիմնական շեշտադրումները: Այսուհետ սոցիալական քաղաքականությունն ուղղված է լինելու ոչ թե հետևանքների դեմ պայքարին, այլ սոցիալական խնդիրներ ծնող պատճառների վերացմանը: Հիշում եք` մեր ծրագրում արձանագրված է, որ Հայաստանի Հանրապետությունում երկու հիմնական պատճառ կա, որը ծնում է աղքատություն: Առաջինը՝ աշխատատեղերն են, երկրորդը` կրթությունը: Աղքատ ընտանիքների ճնշող մեծամասնությունը հնարավորություն չունի իր ընտանիքի անդամներին տալ պատշաճ կրթություն: Եվ քաղաքականությունը, որ մենք որդեգրել ենք և շարունակելու ենք 2014 թվականին, կայանում է հետևյալում. աղքատ ընտանիքների համար ֆինանսական միջոցների բացակայությունը չպետք է պատճառ հանդիսանա, որ նրանց երեխաները չստանան կրթություն, ցանկացած՝ բարձրագույն, միջնակարգ, մասնագիտական կրթություն, թե վերապատրաստում: Այս առումով, պետական բյուջեում շեշտակիորեն ավելացրել ենք ֆինանսական միջոցներն այս խնդիրը լուծելու համար:
Հաջորդ փոփոխությունը սոցիալական քաղաքականության մեջ ինտեգրացված սոցիալական համակարգի ներդրումն է. ևս 18 կենտրոններ, որոնք մատուցելու են այսպիսի ծառայություններ, կստեղծվեն 2014 թվականին: Այս քաղաքականության իմաստը կայանում է նրանում, որ մենք սոցիալական օժանդակություն ցուցաբերելիս հրաժարվում ենք ֆորմալ մոտեցումից: Այդ օժանդակությունը լինելու է առարկայական` ըստ սոցիալապես խոցելի խավերի կողմից ներկայացվող պահանջների: Մի ընտանիքի համար դա սոցիալական նպաստի գումարն է, մյուս ընտանիքի համար` կրթությունը, երրորդի համար՝ առողջական խնդիրներն են, չորրորդի համար իրավական խնդիրները: Այդ բոլոր խնդիրները գտնվելու են ինտեգրացված սոցիալական ծառայության ուշադրության կենտրոնում և ծառայությունները, որոնք տրամադրվելու են այդ կենտրոնների կողմից, լինելու են ավելի արդյունավետ:
Երրորդ ուղղությունը թոշակների բնագավառում իրականացվող քաղաքականությունն է, որը նույնպես որակական փոփոխությունների է ենթարկվում: Այն փոփոխությունները, որոնք մենք սկսեցինք իրականացնել, մեզ հնարավորություն տվեց ներդնել ավելի արդյունավետ համակարգ: Այսօր ձեզ զեկուցում ենք, որ տարեկան արդեն իսկ տնտեսում ենք 12 մլրդ դրամ, այն պարզ պատճառով, որ հին համակարգում գոյություն ունեին մեխանիզմների այնպիսի թերություններ, որ թոշակներ ստանում էին մարդիկ, որոնք չպետք է ստանային, կամ կային մարդիկ, որոնք մի քանի տեղից էին թոշակներ ստանում, կամ մահացած մարդկանց անունով թոշակներ էին դուրս գրվում և այդ պետական միջոցները փոշիանում էին: Այս նոր մեխանիզմների ներդրումը հնարավորություն է տալիս էապես բարձրացնել արդյունավետությունը:
Նոր մոտեցումը, որն առաջարկվում է 2014 թվականին, վերաբերվում է նաև գործազրկության նպաստներին: Նախորդ տարիների փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մենք ունենք խիստ անարդյունավետ համակարգ: Ֆինանսական միջոցների 94 տոկոսը, որոնք հատկացվում էին այդ համակարգի միջոցով, չէին հասնում շահառուին, այսինքն այն մարդուն, որն աշխատանք է որոնում: Միայն 6 տոկոսն էր, որ հասնում էր շահառուին: Այս համակարգը մեր երկրի համար, կարծում եմ արդյունավետ չէ: Մենք ուսումնասիրել ենք միջազգային փորձը, շատ երկրներ կան, որ ընդհանրապես այսպիսի համակարգ չունեն, առավել ևս աղքատ երկրների համար այս համակարգն, ըստ միջազգային փորձագետների, չի կարող լինել արդյունավետ: Այսինքն, հին համակարգի ներքո բավարար էր, որ երկու տեղեկանք ներկայացվեր մեր սոցիալական ծառայություններին, մասնավորապես, որ մարդն ունի մեկ տարվա աշխատանքի ստաժ և որ նրան ազատել են աշխատանքից: Նրա սոցիալական կարգավիճակը բացարձակապես չէր հետարքրում այս համակարգին և հազարավոր մարդիկ ստանում էին ուղղակի ֆինանսական միջոցներ, որոնք ամենևին չէին նպաստում մի կողմից սոցիալական խնդիրների լուծմանը, մյուս կողմից` լրացուցիչ աշխատատեղերի ստեղծմանը:
Մենք առաջարկում ենք ֆինանսական միջոցներն այդ առումով ուղղել ակտիվ սոցիալական քաղաքականության ծրագրերի ներքո նոր աշխատատեղերի ստեղծմանը, սոցիալապես անապահով ընտանիքներին լրացուցիչ ծառայությունների մատուցմանը և աշխատանքով ապահովելուն, սոցիալական նպաստներ վճարներ հատկացնելուն այն մարդկանց, ովքեր սոցիալապես խոցելի խմբերի ցուցակներում են գտնվում: Այն պարագայում, երբ մեր մասնագետների վերջին տարիների փորձի ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այդ 18 հազար դրամանոց նպաստները ստանում էին սոցիալապես ապահով մարդիկ, որոնք աշխատանքի որոնման որևիցե պետական ծրագրերից չէին օգտվում: Այժմ ամբողջությամբ փոխվում է այս ծրագրի բովանդակությունը: Արդեն մի քանի պիլոտային ծրագիր իրականացրել ենք: Մասնավորապես, հրապարակային ձևով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը զեկուցել է Արմավիրի մարզում նոր ծրագրի ներդրման մասին, որը հնարավորություն է տվել աշխատանք որոնողներին ապահովել աշխատանքով և լրացուցիչ վճարումներ անել: Այդպիսի տասնյակ ծրագրեր 2014 թվականի ընթացքում մենք ներդնելու ենք՝ ունենալով երկու նպատակ. առաջինը, բացահայտել աշխատանք որոնողներին և երկրորդը, նրանց առարկայական օժանդակություն ցուցաբերել՝ ֆինանսական և այլ տիպի: Դա նշանակում է, որ այս պարագայում պետության ֆինանսական միջոցները չեն փոշիանա և կծառայեն բուն նպատակին:
Հաջորդ ուղղությունը թոշակների բարձրացումն է: Հունվարի 1-ից թոշակները ՀՀ-ում բարձրանալու են, և այստեղ նույնպես կա փոփոխություն. նվազ թոշակներ ստացողների մոտ թոշակների աճի տեմպը լինելու է ավելի բարձր, քան գումարային առումով ավելի բարձր թոշակ ստացողների մոտ, իսկ 93 հազար դրամ և ավելի թոշակ ստացողների մոտ՝ թոշակների բարձրացում չի լինելու: Արդյունքում 2014 թվականի հունվարի 1-ից 32 հազար մարդ աղքատության շեմից դուրս կգա միայն թոշակների բարձրացման շնորհիվ:
Ցանկանում եմ նշել, որ ընդհանուր առմամբ սոցիալական քաղաքականության փոփոխությունը 2013 թվականին արդեն իսկ իր դրական արդյունքները ցույց է տալիս, քանի որ տեսնում ենք, որ գործազուրկների դինամիկան նվազման միտում ունի: 2013 թվականին աղքատության ցուցանիշը ևս նվազման միտում է դրսևորում, իսկ սոցիալական ուղղվածություն ունեցող պետական բյուջեն 2014 թվականին էապես նպաստելու է այս քաղաքականության իրականացմանը: Ցանկանում եմ նաև ձեզ զեկուցել, որ 2014 թվականի բյուջեի ֆինանսական միջոցների վերաբաշխումը գնում է հօգուտ սոցիալական բյուջեի: Այսինքն՝ եթե վերցնենք ոչ միայն բացարձակ թվերը, այլև տոկոսները ՀՆԱ-ի հետ համադրենք, երեք բնագավառներում մենք 2014 թվականին ավելացնում ենք ֆինանսավորումը. դա կրթությունն է, առողջապահությունը և սոցիալական ոլորտը: Այս երեք վերաբաշխումները հնարավորություն են տալու այս բնագավառներում ապահովել առաջընթաց:
2014 թվականի պետական բյուջեի յոթերորդ առանձնահատկությունն արդյունաբերական քաղաքականությունն է: Այն առաջին հերթին ենթադրում է, որ պետք է շարունակենք արտահանմանը միտված արդյունաբերական քաղաքականությունը, որը, ես արդեն նշեցի, տալիս է իր դրական արդյունքները: Մի կողմից՝ տեսնում ենք, որ արտահանման աճի տեմպերն են բավական բարձր, մյուս կողմից՝ տեղի է ունենում տնտեսության դիվերսիֆիկացիա, և այստեղ հարցադրումը հետևյալն է. ի՞նչ նոր գործիքներ կկիրառվեն 2014 թվականին, որոնք կնպաստեն այս քաղաքականության շարունակականությանը: Առաջինն արդյունաբերական հիմնադրամն է, որը ստանում է լրացուցիչ ֆինանսական միջոցներ, որտեղից մենք իրականացնում ենք պետություն-մասնավոր հատված համագործակցության սկզբունքի հիման վրա մեր պարտավորությունների կատարումը մասնավոր հատվածի նկատմամբ՝ նրանց հետ ստորագրելով հուշագրեր և ստանձնելով փոխադարձ պարտավորություններ: Այս միտումը 2014 թվականին շարունակվելու է: Մենք այս տարի ֆինանսական միջոցներ հատկացրեցինք պետական բյուջեից, և Կենտրոնական բանկ ենք ներկայացնում արտահանման ապահովագրական ընկերության փաստաթղթերը: Այդ ընկերությունն իր գործունեությունը կծավալի 2014 թվականին՝ նպատակ ունենալով խթանել այն ձեռնարկություններին, առաջին հերթին, փոքր և միջին, որոնք կունենան արտահանման ծրագրեր, և նրանց համար ֆինանսական միջոցները հասանելի կլինեն ավելի ցածր տոկոսադրույքներով, քան նախկինում էր: Երրորդ գործիքը, որ մենք կկիրառենք, վենչուրային հիմնադրամն է: Այս տարի ֆինանսական միջոցներ հատկացրեցինք, և պետություն-մասնավոր հատված համագործակցության սկզբունքի ներքո առաջին անգամ հիմնադրում ենք վենչուրային հիմնադրամ, որը նույնպես կնպաստի տնտեսության զարգացմանը: Այստեղ ես ցանկանում եմ նշել, որ առաջին հերթին վենչուրային հիմնադրամը մասնագիտանալու է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում և նորարարությունների ֆինանսավորմամբ: Այստեղ էլ պետք է արձանագրենք, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն այսօր դառնում է մեր տնտեսության շարժիչ ուժերից մեկը, քանի որ 2013 թվականին նույնպես բարձր աճի տեմպեր ենք արձանագրում և այդ միտումները պահպանվելու են նաև 2014 թվականին:
Հաջորդ գործիքը, որն էական ազդեցություն է թողնելու, ավիափոխադրումների լիբերալիզացիայի քաղաքականությունն է: Տեղյակ եք, որ կառավարության նախորդ նիստում հաստատեցինք այն ծրագիրը, որը մշակել էր Մաքքենզի ընկերությունը: Տեղյակ եք, որ Ազգային մրցունակության հիմնադրամը պատվեր էր տվել այդ ընկերությանը, և աշխարհի լավագույն մասնագետների մասնակցությամբ մշակվել է մի համալիր ծրագիր: «Մաքքենզիի» գնահատականներով՝ այդ լիբերալիզացիայի ռազմավարությունը նպաստելու է ՀՆԱ-ի աճին, տուրիզմի զարգացմանը, ուղևորափոխադրումների ծավալի աճին, ինչպես նաև գների նվազմանը: Կարծում ենք, որ 2014 թվականին այս գործիքի ներդրումը հնարավորություն կտա նույնպես բարելավել տնտեսական միջավայրը: Առանձնահատկությունը, որ մեզ սպասվում է 2014 թվականին, այն քաղաքական որոշումն է, որ պետք է միանանք Մաքսային միությանը, իսկ դա նշանակում է, որ մենք ձեզ հետ միասին մի քանի տասնյակ օրենքներ, միջազգային պայմանագրեր պետք է քննարկենք, և մեր օրենսդրությունը համապատասխանեցնենք Մաքսային միության օրենսդրությանը: Պետք է ձևավորենք այնպիսի միջավայր, որը խթանելու է մեր տնտեսվարող սուբյեկտներին, և այստեղ էլ մեզ ձեզ հետ միասին սպասվում է մեծածավալ աշխատանք ու առարկայական քննարկումներ՝ ըստ ոլորտների, ինչպիսի փոփոխություններ ենք առաջարկելու և ինչպիսի ազդեցություն են թողնելու այդ սուբյեկտները մեր տնտեսվարող սուբյեկտների վրա:
Ես ուզում եմ մի քանի թվեր հրապարակել սոցիալական ոլորտի տեսակարար կշիռների փոփոխությունների վերաբերյալ: Մասնավորապես, նշեցի, որ առանձնահատկությունը պետական բյուջեի կայանում է նրանում, որ ֆինանսական միջոցների և լրացուցիչ եկամուտների վերաբախշումը տեղի է ունենալու ի օգուտ սոցիալական ոլորտի, մասնավորապես սոցիալական ոլորտի տեսակարար կշիռը ՀՆԱ- ում 10,7 տոկոսից դառնալու է 12 տոկոս: Սա բավականին լուրջ փոփոխություն է, մասնավորապես տեսակարար կշռի ծախսերը ՀՆԱ-ի մեջ կրթությունում 2,38 տոկոսից հասնելու ենք 2,59-ի, առողջապահությունում` 1,59-ից 1,71-ի, սոցիալական պաշտպանության ոլորտում` 6,73-ից 7,63-ի:
Միևնույն ժամանակ, ուզում եմ նշել, որ աշխատավարձերի և թոշակների բարձրացումը սկսվելու է հունվարի 1-ից: Ուժային կառույցների աշխատավարձերը շուրջ 10 տոկոսով բարձրանալու են հունվարի 1-ից, իսկ քաղծառայողների աշխատավարձերը` հուլիսի 1-ից: Սոցիալական ոլորտի առանձնահատկություններից մեկը կայանում է նրանում, որ մենք ավելացնելու ենք 3 և 4 երեխա ունեցողների միանվագ նպաստները. այսօր այն կազմում է 430 հազար դրամ, այս ցուցանիշը դառնալու է 1 մլն և 1մլն 500 հազար: Մասնավորապես, կանխիկ վճարումը հունվարի 1-ից 430-ից դառնալու է 500 հազար դրամ: Ձևավորվել է նաև մայրական կապիտալ, որը հնարավորություն են ունենալու օգտագործել բազմազավակ ընտանիքները հետևյալ նպատակներով. առաջին` բնակարանների ձեռքբերում, քանի որ հիմնական այսօր խնդիրը, որը զսպում է ծնելիության ծրագրի արդյունավետ իրականացումը, երիտասարդ ընտանքիներին բնակարանների հասանելիության խնդիրն է և այդ առումով մենք 2014թ. արմատական փոփոխություններ ենք առաջարկելու: Դա վերաբերելու է նաև սոցիալական ոլորտին, որ այս ընտանքիներին մենք հնարավորություն ենք տալու, որպեսզի նրանք ձեռք բերեն բնակարաններ: Այս գումարները կարող են ուղղվել բնակարան ձեռք բերելու վարկերի մարմանը, տոկոսադրույքների մարմանը, հիպոթեքային ծրագրերից օգտվելուն, ինչպես նաև այս միջոցներից հնարավորություն են ունենալու ձեռք բերել առողջապահական ապահովագրական պոլիսներ, ինչպես նաև ֆինանսավորել ցանկացած կրթական ծրագիր, որը վերաբերում է իրենց ընտանիքին:
Մյուս առանձնահատկությունը 2014թ. պետական բյուջեի վերաբերում է առողջապահության ոլորտին: Ընդհանուր առմամբ, պետք է նշեմ, որ կոռուպցիայի ընկալման ցուցանիշը, որը խիստ մտահոգում է մեզ և մեր քաղաքացիներին, առաջին հերթին դրսևորվում է երկու ոլորտներում. դա առողջապահությունն է և կրթությունը: Եվ հենց այս երկու բնագավառներում էլ արձանագրում ենք, որ կոռուպցիայի ընկալման ցուցանիշի վատթարացում գոյություն ունի: Եվ սա նշանակում է, որ անհրաժեշտ է ֆինանսական մեխանիզմների այնպիսի փոփոխություն, որ էապես նվազեն կոռուպցիոն ռիսկերը: Եվ այս երկու ոլորտում էլ այդպիսի միջոցառումներ պետք է իրականացնենք 2014թ.-ին: Մասնավորապես, առողջապահության ոլորտում առաջարկելու ենք ապահովագրական նոր մեխանիզմի ներդրում, ինչի մասին նաև ես հայտարարություն արեցի Ազգային ժողովում` պատասխանելով տիկին Սարգսյանի հարցադրմանը և այն մտահոգությանը, որ ապահովագրական ընկերությունների միջոցով իրականացվող մեխանիզմներն այնքան էլ արդյունավետ չեն: Մենք 2013թ. փորձարկեցինք նոր մոտեցումը` ուժային կառույցների առողջապահության ապահովագրական պոլիսներն այլևս չենք իրականացնում ապահովագրական ընկերությունների միջոցով, այլ` առողջապահության նախարարության գործակալության, որի արդյունքում ունեցանք ֆինանսական միջոցների տնտեսում, ինչը բնականաբար կարող է ուղղվել առողջապահական ծառայությունների որակի բարձրացմանը: Եվ 2014թ.-ին մտադիր ենք նաև մեր պետծառայողների ապահովագրական համակարգն այդ առումով փոխել:
Մյուս ծրագիրը, որն առաձնահատկությունն է 2014թ. պետական բյուջեի նախագծի, այն է, որ էապես ավելացնում ենք կրթական ոլորտում տեխնիկական, մասնագիտական կրթությանը հատկացվող գումարները, որոնք աճում են 52 տոկոսով, և առաջին հերթին, որպեսզի իրացնենք այն սկզբունքը, որ անապահով ընտանիքների երեխաները կարող են ստանալ անվճար կրթություն այս հաստատություններում: Ինչպես նաև էապես ավելացնում ենք բարձրագույն ուսումնական հաստատություններում անապահով ընտանիքների երեխաներին հատկացվող գումարների ծավալները, որպեսզի նրանք նաև կարողանան ուսանողական բոլոր վճարներն իրականացնել պետական բյուջեի հաշվին: 2014թ.-ին ներդրվելու է նաև ուսանողական վարկ ինստիտուտը:
Շարունակելու ենք խնայբանկի ավանդների ծրագրի իրականացումը: Այստեղ 2014թ.-ին շեշտադրումը փոխվելու է. առաջին հերթին թիրախային խումբը լինելու է Հայաստանի Հանարապետության պաշտպանության ժամանակ հաշմանդամ դարձած մեր քաղաքացիները և նրանց հավասարեցված քաղաքացիները. ըստ հաշվառման ցուցակների նրանց թիվն այսօր շուրջ 4600 է: Տեղյակ եք, որ մենք սկսել ենք աշխատանքներ ազատամարտիկների հասարակական կազմակերպությունների հետ, ստեղծվել են 4 աշխատանքային խմբեր: Այդ աշխատանքները ղեկավարելու է պաշտպանության նախարարը, նպատակն է` հստակեցնել առաջին հերթին այն ցուցակները, այն անձանց, որոնք ստանալու են պետական աջակցություն և օգտվելու են սոցիալական ծրագրերից:
Հարգելի գործընկերներ, վերջին շեշտադրումը, որն ուզում եմ անել դա շինարարության ոլորտի ծրագրերն են, քանի որ այսօր տնտեսական աճի լրջագույն խնդիրն առնչվում է շինարարության ոլորտի հետ: Այստեղ ներդնելու ենք նոր ծրագրեր, որոնք վերաբերելու են երիտասարդ ընտանքիներին, պետական ծառայողներին լրացուցիչ ֆինանսական միջոցներ հատկացնելուն, որպեսզի նրանց համար բնակարանները լինեն հասանելի և ավելի մատչելի:
Հարգելի գործընկերներ, ավարտելով իմ խոսքը, ուզում եմ նշել, որ բնականաբար այս բոլոր ծրագրերի իրականացումը ենթադրում է համատեղ աշխատանք Ազգային ժողովի հետ, ենթադրում է բազմաթիվ նորմատիվային ակտերի քննարկում ձեզ հետ միասին, նոր օրենքների ընդունում, նոր ծրագրերի ներդրում: Մենք ակնկալում ենք, որ այդ աշխատանքները մեզ հնարավորություն կտան արդյունավետ իրականացնել 2014թ. պետական բյուջեի նախագիծը:
Շնորհակալություն, ուշադրության համար:

Դիտվել է 73 անգամ
 


Այս թեմայով