Հայտնիների հոսանքը չի թանկացել

98Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը «չի տարածվել» բոլորի  ընտանիքների վրա:

Politik.am: ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ: Երեկվանից հասարակական ամենաքննարկվող թեման էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման խնդիրն է: Ազատության հրապարակում շարունակվում է նստացույցը և պահանջը չի փոխվել՝ սակագնի թանկացման որոշման վերանայում: Պահանջի վերջնաժամկետը երկուշաբթի է և սպասվում է նոր քայլեր, պայքարի նոր դրսևորում:

Շատերը էլեկտրաէներգիայի շուրջ հասունացող անհնազանդությունը նույնացնում են 2013 թվականին տեղի ունեցած «100 դրամի ակցիա»-ի հետ և պնդում են, որ այս դեպքում էլ է հնարավոր հասնել հաջողության ու մատնանշվում է հասարակական տրանսպորտի սակագնի վերանայման փաստը:

Հարկ է նկատել, որ հասարակական տրանսպորտը թանկացավ միայն Երևանում և բողոքի ակցիաները միայն Երևանում էին, սակայն էլեկտրաէներգիան թանկացել է Հայաստանի ողջ տարածքում ու թանկացում է սպասվում  նաև Արցախում:

Պետք է հիշել, որ հասարակական տրանսպորտի թանկացման ժամանակ փողոցային պայքարին մասնակցեցին հայտնի մարդիկ, դերասաններ, հաղորդավարներ, քաղտեխնոլոգներ և այլն, իսկ երբ էլեկտրաէներգիան է թանկացել, նման դրսևորումներ չի նկատվում:

Երեկվանից մինչ այսօր նստացույց հայտարարած քաղաքացիների կողքին չեն և´ «Արմենիա» հեռուստաընկերության աստղաբույլը, և´ ոչ էլ «Վիտամին»-ի տղաները, չկա ոչ Հայկոն և ոչ Հովհաննես Ազոյանը: Այս շարքը կարելի է երկար թվել, սակայն խնդիրն ըստ էության միայն այս անձերի շուրջ չի պտտվում:

Տպավորություն է, որ հոսանքը ամեն տեղ թանկացել է, բայց ոչ հասարակական, մշակութային, շոու բիզնեսի ներկայացուցիչների և  առավել ևս մտավորականության տներում (մտավորականությանն առանձին անդրադարձ կանենք):

Բազմիցս է խոսվել, որ «մտավորականությունը»  ժողովրդի հետ է կամ կողքին, կամ շալակը, սակայն ե՞րբ: Չի կարելի բացառել, որ հասարակության ոչ համարժեք արձագանքը բխում է նաև քաղաքացիական ակտիվիզմի ամբիցիաների առատությամբ: Մերժելով քաղաքական ուժերի հետ համագործակցությունը, պայքարի անունը դնելով քաղաքացիական՝ նախաձեռնությունը մոտ է Սերժ Սարգսյանի իմպիչմենտի պահանջին: Սակայն այս պարագայում դժվար է ասել, սոցցանցերում հայրենասիրական և ժողովրդանվեր գործունեություն ծավալող հասարակական դեմքերն ո՞ւր են այժմ: Հավանաբար շոգ է դրսում և պայքարելները չի գալիս:

Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը  վերաբերում է ՀՀ յուրաքնչյուր քաղաքացու՝ անկախ մասնագիտությունից, հեռուստաէկրանին հաճախ երևալու հատկությունից, և թե ժողովրդի մասին երգելուց:

Դիտվել է 2,603 անգամ
 


Այս թեմայով