ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասրյանը բացառում է թանկացման չեղարկումը

Vahram-Baghdasaryan1«Կառավարությունը` մինչև ՀԷՑ-ում աուդիտի ավարտը, կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի սակագնի հավելյալ ծախսը, բայց ոչ բյուջեի հաշվին»,- այս մասին հայտարարել էր վարչապետ Հովիկ Ամբրահամյանը` հունիսի 30-ին «Տնտեսական օրակարգ 2015» համաժողովում, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ` չմանրամասնելով սուբսիդավորման միջոցներն ու աղբյուրները:

Այս հայտարարությունը նույնիսկ համարվեց համաշխարհային տնտեսագիտության մեջ նորություն, որ պետության իշխանավորները պետական հարցի նկատմամբ ցուցաբերում են «այլ աղբյուր» տերմինը: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ «Առաջին լրատվական»-ը զրուցել է այլ աղբյուրների պատկանելության, ինչպես նաև Բաղրամյան պողոտայում շարունակվող բողոքի ցույցերի, գլխավոր պահանջի՝ էլէներգիայի սակագինը բարձրացնելու որոշումը չեղյալ հայտարարելու հավանականության մասին:

«Այլ աղբյուրների» մասով Բաղդասարյանը հնարավոր է համարում նաև նվիրատվությունը, բայց թե ում կողմից և ինչ մոտեցմամբ ու ինչի դիմաց՝ դրա մասին վստահեցրեց, որ բաց և թափանցիկ կհայտարարեն: Ստացվում է, որ կառավարության ուսերին է դրվել ֆինանսական միջոցները հայթայթելու գործը:

– Պարոն Բաղդասարյան, ցուցարարների հուժկու հանրահավաքի ճնշման ներքո Սերժ Սարգսյանը ռուսական կողմի հետ ՀԷՑ-ում աուդիտ իրականացնելու գործընթացի շուրջ համաձայնություն ձեռք բերեց, իսկ մինչև դրա ավարտը Էլէներգիայի սակագնի բարձրացված 7 դրամի բեռը դրեց կառավարության վրա, սակայն վարչապետը հատարարում է, որ դա չի լինելու բյուջեի հաշվին, այլ՝ ուրիշ աղբյուրների: Ի՞նչ աղբյուրների մասին է խոսքը:

– Դրա անունը կլինի նվիրատվություն կամ այլ բան, դա բյուջեի հետ կապ չունի: Բնականաբար, մենք դա արդեն վերցրել ենք: Աուդիտը 5-6 ամսից ոչ պակաս կտևի, որպեսզի այս բեռը առանց պարզաբանումների չմնա հանրության՝ սպառողների ուսերին, մենք վերցրինք այդ բեռը հանրության ուսերից կառավարության ուսերին: Կառավարությունը այդ միջոցները պետք է ներգրավի: Բազմիցս ենք ասում՝ միակ լուծումը միջոցներ հայթայթելն է: Այդ միջոցները հայթայթելու ճանապարհները մենք կարծես թե գտնում ենք, փնտրում ենք՝ առանց բյուջեի հետ որևէ կապ ունենալու: Սա բացահայտ հայտարարվել է, սա չի կարող բյուջեի հետ որևէ կապ ունենալ:

– Քանի որ չեք նշում աղբյուրները, կարծիքներ կան, որ Ռուսաստանն է նվիրատվություն արել Հայաստանին՝ ցույցերը խաղաղեցնելու, «մայդանը», իշխանափոխության պահանջը կանխելու նպատակով:

-Չեմ կարծում, որ նման տիպի երեույթ կլինի, և ընդհանուր առմամբ դեռ պարզ չէ, թե որտեղից մենք կհայթայթենք: Երբ որ այդ գումարները լինեն, մենք բոլորս շատ պարզ կհայտարարենք այդ գումաների մասին:

– Այսինքն, դեռ չկա՞ն:

– Եղանակների մասին եմ խոսում: Ես չեմ ուզում դեռ պաշտոնական հայտարարություն անել, երբ որ կլինի, բոլորդ դրա մասին կտեղեկանաք: Ի՞նչ է նշանակում՝ իշխանափոխություն չլինելու դիմաց են գումար տալիս. չկա նման երևույթ:

– Երիտասադրության հուժկու ցույցերի 4-րդ, 5-րդ օրը Սերժ Սարգսյանը հայտարարեց որոշակի լուծման՝ աուդիտի և 7 դրամի բեռը կառավարության ուսերին դնելու որոշման մասին, այսինքն՝ եթե չլիներ հանրային ճնշումը, իշխանությունը կշարունակեր բարձրացված սակագնով և ոլորտում առկա խնդիրները շրջանցելո՞վ:

– Ո՛չ: Եթե ուշադրություն դարձնեք, երբ որ ցույցերը չկային, պարոն Բիբինին էլ հրավիրել էինք, բարձրացվում էր աուդիտի մասին: Առողջացման ծրագիրը մեկուկես ամիս առաջ էներգետիկայի նախարարությունը մեզ ներկայացրել էր:

– Խոսքը հատկապես 7 դրամի բեռը կառավարության վրա դնելու մասին է:

– Այդտեղ ես արդեն Ձեզ հետ կարող եմ համաձայնել, քանի որ խնդիրն առաջացավ լսումների արդյունքում, քանի որ շատ էր հնչում այդ բանը, որ գողության, թալանի հետ կապված խնդիրներ կան, անորոշության վիճակ է, մենք չէինք կարող բեռը թողնել սպառողի վրա ու սպասել՝ ինչ կլինի: Եթե կա անորոշություն, պիտի դա պարզվի:

– Բայց մինչև բողոքը թողել էիք ժողովրդի վրա…

– Պետք չի էստեղ իշխանություն, ժողովուրդ առանձացնել. դրանք միասնական մարմին են: Մենք ասում ենք՝ եթե կան նման երևույթներ, եկեք կառավարությունը, իշխանությունը վերցնի իր վրա: Եթե դա էլ չլիներ, ինչպես սոցիալական անապահով խավի համար որոշում կայացվեց՝ նպաստով փոխհատուցելու, այնպես էլ նմանատիպ որոշում պիտի կայացվեր մյուսների համար, որ բեռը թեթևանար: Սրա կարճ ճանապարհը դա էր՝ բեռը վերցնել, լրիվ պարզաբանում տալ, որից հետո նոր օրենքը կիրառել: Մենք որևէ մեկին նեղություն չենք տալու:

– Բոլորը հետաքրքրված են «այլ միջոցների» աղբյուրներով, ովքե՞ր են այդ միլիոնները տալու՝ ներսի՞ ուժերը, դրսի՞, Ռուսաստա՞նը: Որտեղի՞ց այդ գումարը:

– Ասում եմ՝ բացահայտ ամեն ինչ կդրվի հանրության աջև, թե որտեղից ենք հայթայթել: Քի՞չ գումարներ ենք գտել. Հյուսիս-հարավ ճանապարհ ենք կառուցել, հեռուստամարաթոն ենք արել:

– Դրա համար էլ մարաթոն կանե՞ք:

– Չեմ կարծում, որ դրա անհրաժեշտությունը կլինի: Միլիոնների մասին է խոսքը: Կհայտարարենք: Այսօր Վրաստանն էլ նույն վիճակում էր, իհարկե, էնտեղ աղետ էր, բայց 50-60 միլիոնի խնդիր կար, կարծես թե լուծվեց:

– Պարոն Բաղդասարյան, 10 օր է՝ ցուցարարները փակել են Բաղրամյան պողոտան՝ պահանջելով չեղյալ հայտարարել ՀԾԿՀ-ի սակագնի բարձրացման որոշումը, որքանո՞վ եք հավանական համարում պահանջի կատարումը:

– Ցավում եմ, որ մասնագիտական մոտեցում չեն ցուցաբերում, մեկ անգամ ևս կրկնում եմ՝ նրանք անհնարին բան են պահանջում, որը հնարավոր չէ ընդհանրապես: Ինձ թվում է, որ այն մասսան, որը տրամադրված էր հարցին լուծում տալու համար, նրանք գիտակցաբար ըմբռնումով մոտեցան այդ խնդիրին և հասկացան, իսկ այն մասսան, որը ոչ թե հարցի լուծման, այլ ուրիշ ուղղությամբ է մտածում,  ցանկանում է ներքաղաքական իրավիճակի լարում մտցնել: Սա քաղաքական շահարկում է արդեն: Հանրապետության նախագահը շատ պարզ բացատրեց խնդրի էությունը և ասաց, որ նման տիպի երևութ հնարավոր չէ, հակառակ դեպքում մենք կարող ենք շատ լուրջ խնդիրների առաջ կանգնել, մեկ կամ երկու տարի հետո մենք կարող ենք հիշել 90-ականները: Կարող ենք կորցնել այս ձեռքբերումները:

– Քաղաքացիները չեն հեռանում, մինչև խնդիրը չլուծվի: Դուք ինչպե՞ս եք պատկերացնում լուծումը, եթե ոչ որոշման չեղյալ հայտարարումով:

– Ոչ, չի կարող լինի, չի կարող կենտրոնը կաթվածահար լինել, դա արդեն քաղաքական շահարկումներ են: Դուք տեսաք՝ ինչ մասսա փոխվեց այնտեղ: Եվ այն երիտասարդները, որոնք շատ կազմակերպված էին, արդեն այնտեղ չեն: Ես ցավում եմ այդ ամենի համար, որ մարդիկ հազար-երկու հազար կանգնած մարդ են տեսնում, գնում են, դա օգտագործում իրենց քաղաքական նպատակների համար: Եթե Ձեզ թվում է, որ այդպես երկարելու է, ես չեմ կարծում, որ կհանդուրժի ոստիկանությունը: Համապատասխան քայլեր պետք է ձեռնարկի, հակառակ դեպքում, եթե նրանք ուզում են իրենց ցույցը շարունակվի, դրա համար կա սահմանված կարգ, արտոնված ցույցեր, կարող են դիմել ու շարունակել իրենց գործողությունները: Սա արդեն դավադրություն է, որ այսպես են շարունակում: Ամբողջ աշխարհի ուշադրությունը հրավիրում են իրենց վրա, ինչպես տեսնում եք՝ տարբեր լրագրողներ են եկել Ուկրաինայից, Ռուսաստանից, Եվրոպայից:

– Բողոքի ցույցերի շրջանակում Պերմյակովը վերադարձվեց ՀՀ քննչական մարմիններին, ինչի համար ձմռանը մեծ բողոքի ցույց տեղի ունեցավ, սակայն ռուսական կողմը սկզբունքորեն հրաժարվում էր:

– Ոչ, ռուսները դեռ ժամանակին էին ասում՝ մեզ ժամանակ է պետք, որպեսզի հասկանանք՝ ինչ է կատարվում մեր ռազմաբազայում: Նրանց ժամանակ էր հարկավոր, նրանք վերադարձնելը չէին ժխտում: Որևէ մի անգամ չեն ասել՝ ո՛չ չպետք է տանք, նրանք ասում էին՝ մենք մինչև չպարզենք՝ ինչ է կատարվում մեր ներսում, այս խնդրի պատասխանը չենք կարող տալ: Մարդիկ իրենց պարզաբանումները տվել են, և մի՛ կապեք Պերմյակովի վերադարձը այս խնդիրների հետ: Օրինակ, ես սա գիտեի երեք ամիս առաջ, որ պետք է գա ժամանակը, և հանձնեն Հայաստանի Հանրապետության քննչական մարմիններին:

Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում:

Դիտվել է 80 անգամ
 


Այս թեմայով