Օսկանյան ավելի լավ է պատմի, թե ինչո՞ւ Լինսի հիմնադրամը գնաց Հայաստանից

օսկանյանԵրեւանի ավագանիում «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքելով Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի «Ինչպես Քըրքը Հայաստան եկավ» հուշագրությանը՝ գրել է. «Իր պատմության վերջում պարոն Օսկանյանն ասում է.

«Հետագայում, երբ սկսվեց ծրագրի իրականացումը, միացյալ աշխատանքները գլխավորեցին սկզբում Արտաշես Թումանյանը, ապա Արմեն Գևորգյանը, և ծրագրի ամբողջ ընթացքում Հարութ Սասունյանը Լինսի հիմնադրամի ծրագրերի պատասխանատուն էր»: Շատ ճիշտ կլիներ, եթե պարոն Օսկանյանը պատմեր նաև, թե ինչպես Հայաստանում վերոնշյալ պաշտոնյաները տապալեցին «Լինսի» հիմնադրամի գործունեությունը, ինչո՞ւ Քըրք Քըրքորյանը այդ հիմնադրամի գործունեությունը կասեցրեց և այն ետ տարավ: Մի՞թե պարոն Օսկանյանը անձնապես պատասխանատու չէր այդ հիմնադրամի օրինական գործունեության համար՝ գործող նախագահ Քոչարյանի հետ միասին:

Մի՞թե տեղյակ չէր, թե ինչպես է Արմեն Գևորգյանի գլխավորությամբ հոշոտվում «Լինսը» և այդ լուրերը հասնում էին Քըրք Քըրքորյանին: Մասնավորապես, հաշվետվություն էին ներկայացնում հանրապետության 12 դպրոցների հիմնանորոգման մասին, բայց իրականացվում էր 8-9-ը և ամեն մի դպրոցի վրա 1 մլն-ի կարգի գումար էր գրվում: Այդ ՄԵԾ ՄԱՐԴԸ իր ՀԱՅՐԵՆԻՔԸ ոտքի կանգնեցնելու համար 100-ի փոխարեն տվեց 200 մլն դոլար, երկրաշարժի գոտու անօթևան ընտանիքներին բնակարաններ կառուցելու, դպրոցաշինության համար, իսկ դուք՝ պարոն Օսկանյան և Քոչարյան, ինչպե՞ս վարվեցիք:

Ոչ երկրաշարժի գոտին վերականգնեցիք, ոչ դպրոցաշինությունն ավարտեցիք, այդ գումարներով հարստացան ընդամենը պետական ապարատի մի քանի թալանչիներ, որոնց համար հայրենիքը, Հայաստան պետությունը միայն հարստանալու միջոց էր և դա արեցիք նաև Քըրք Քըրքորյանի հաշվին:

ՄԱՐԴՈՒՆ վիրավորեցիք մինչև հոգու խորքը, հիասթափեցրիք իր հայրենիքից ու հայրենակիցներից, զզվեց Հայաստանը թալանողներից, կոռուպցիայի, գողության անպատկերացնելի չափերից ու դադարեց Հայաստան պետությանը կյանք տվող ներդրումային իր ծրագրից: Ու էսօր պատմում եք, թե ինչպես խաբեցիք այդ ՄԱՐԴՈՒՆ, ամոթ է, ամոթ: Գոնե մի խոսեք այդ մասին»:

 


Այս թեմայով