Բոլոր հարցերի լուծման միասնական բանալին քաղաքական է. ՀԱԿ

հակ1Հայ ազգային Կոնգրեսի հայտարարությունը:

Իշխող ավազակապետական ռեժիմի դեմ 2007 թվականից ծայր առած Համաժողովրդական շարժման մղած տեւական պայքարը նպաստեց հասարակական կյանքում առաջացած տարբեր խնդիրների շուրջ քաղաքացիական տպավորիչ ընդվզումների առաջացմանը։ Տասնյակ այդօրինակ դրվագներից վերջինը էլեկտրական հոսանքի անհիմն թանկացման դեմ ժողովրդի ընդվզումն է։ Ինչպես նախորդ բոլոր դեպքերում, այս անգամ էլ Հայ ազգային կոնգրեսը սատար կանգնեց ժողովրդի արդար պահանջին՝ ինչպես խորհրդարանում իր խմբակցության միջոցով, այնպես էլ աջակցելով հրապարակային ակցիաներին։

Ավազակապետական իշխանության պայմաններում ռեժիմը լիակատար վերահսկում է ողջ տնտեսությունը, անկախ այն բանից, թե ում սեփականությունն է, ամենաչնչին ապօրինի ֆինանսական հոսքերն ու գոյացումները։ Այլ կերպ անհնար է պահպանել միասնական կոռուպցիոն բուրգը, որը ռեժիմի գոյատեւման հիմքն է։ Ռեժիմի թիվ մեկ խնդիրը ամենօրյա անհագուրդ թալանն է, կոռուպցիոն բուրգի հարստացումը, եւ նա չի կարող իր մասնաբաժինը չունենալ նաեւ ՀԷՑ-ի կրած բազմամիլոն, այսպես կոչված, «վնասներում»։ ՀԷՑ-ը, հոսանք արտադրող ու տեղափոխող տնտեսվարող սուբյեկտները, այս ամենում միայն դերակատարներ են, որոնք չեն կարող չաշխատել ռեժիմի գոյատեւման տրամաբանությամբ ու չգրված օրենքներով։ Անհնար է ՀԷՑ-ում, որեւէ այլ բնագավառում հարյուր միլիոնավոր դոլարների չարաշահում (տասնյակ օրինակներ բացահայտվել են եւ հրապարակվել), որը կատարված չլինի իշխանության ամենաբարձր օղակների կա՛մ թողտվությամբ, կա՛մ հրահանգով։ Եւ անհնար է, որ կուտակված, այսպես կոչված՝ «պարտքի» առյուծի բաժինը մտած չլինի այն «ստվերային բյուջեն», որ, ինչպես բազմիցս արձանագրվել է, երկու-երեք անգամ մեծ է պետական բյուջեից, եւ որը վերահսկվում ու բաշխվում է անձամբ Սերժ Սարգսյանի կողմից։ Եւ հենց դրանով է նաեւ բացատրելի այն անօրինակ ցինիզմը, որով հոսանքի գնի բարձրացման առիթով ժողովրդի հետ խոսում են պետական պաշտոնյաները։

Ինչպես միշտ՝ լոկալ հարցերով ժողովրդի ընդվզումների ժամանակ, այս անգամ էլ հաստատվեց Կոնգրեսի այն սկզբունքային եւ առաջնային թեզը, որ այս համակարգում՝ առանձին վերցրած որեւէ ոլորտում եւ որեւէ խնդրում դժվար, անհնար է էական հաջողության հասնել։ Երկրի պետական ու հասարակական կյանքի տասնյակ ու հարյուրավոր խնդիրները հանգուցված են մեկ կետում՝ Հայաստանում հաստատված ոչ օրինակարգ իշխանության ավազակապետական բնույթի մեջ, ուստիեւ բոլոր հարցերի լուծման միասնական բանալին քաղաքական է՝ իշխող վարչախմբի հեռացումը, օրինակարգ իշխանության հաստատումը, սահմանադրական կարգի վերականգնումը։

Ռեժիմը կենսունակ է այնքանով, քանի դեռ այս մտածելակերպը չի դարձել ամենալայն հասարակության սեփականությունը։ Առանձին վերցրած որեւէ խնդրում, ինչպես տասնյակ անգամ ցույց է տվել փորձը, իշխանությունն ի վիճակի է հաղթանակի հասնել լոկալ հարցում ժողովրդի շահերին հետամուտ քաղաքացիական նախաձեռնությունների նկատմամբ։ Հենց սա է պատճառը, որ իշխանական քարոզչամեքենան անընդհատ տարփողում է անգամ ամենացավոտ հարցերը «չքաղաքականացնելու» իր անհեթեթ թեզը։ Ռեժիմը կդառնա անօգնական ու անզոր, երբ ազգային ու հասարակական կյանքի բոլոր խնդիրները հասարակական գիտակցության մեջ կմեկտեղվեն գործող ռեժիմից ազատվելու, օրինական իշխանություն հաստատելու եւ սահմանադրական կարգը վերականգնելու քաղաքական հարթությունում։ Իսկ լոկալ հարցերում քաղաքացիական ընդվզումներն ու շարժումները հասարակական պատկերացումները դրան տանող կարեւոր միջոցներից են։

Դիտվել է 18 անգամ
 


Այս թեմայով