«168 ժամ». Զոհրաբ Մնացականյանի գաղտնի այցը Մո...

«168 ժամ» թերթը գրում է.

«Եվ այսպես, կարծես թե հստակեցվում է Փաշինյան-Ալիեւ հերթական հանդիպման վայրն ու ժամանակը՝ Վիեննա, 29-ը մարտի։ Թե ինչ հարցեր են քննարկվելու այդ հանդիպման ժամանակ, եւ ինչի շուրջ են բանակցելու կողմերը, չի հաղորդվում, սակայն ակնհայտ է, որ այդպիսի հանդիպում նախապատրաստվում է առնվազն ԱԳՆ ղեկավարների մակարդակով։ Օրեր առաջ տեղի էր ունեցել Մնացականյան-Լավրով հեռախոսազրույց, որի բովանդակության մասին ոչինչ չէր ասվում։ Պարզվում է, սակայն, որ հեռախոսազրույցից բացի՝ տեղի է ունեցել նաեւ Մնացականյանի այցը Մոսկվա, որի մասին տեղեկությունը թաքցվում է հանրությունից։

Ըստ «168 Ժամի» հավաստի աղբյուրների՝ Մնացականյանի այցը տեղի է ունեցել մարտի 21-22-ն ընկած ժամանակահատվածում։

«168 Ժամը» այս տեղեկատվությունը ճշտելու նպատակով հարցում ուղարկեց ՀՀ Արտաքին գործերի նախարարություն՝ պարզաբանում խնդրելով այն մասին, թե Զոհրաբ Մնացականյանը մարտի 21-22-ն ընկած ժամանակահատվածում ի՞նչ նպատակով է բացակայել երկրից։ Մենք խնդրել էինք պարզաբանել՝ գործուղմա՞ն է եղել, թե՞ ոչ, ի՞նչ հանդիպումներ է ունեցել Զ. Մնացականյանը, եւ ինչո՞ւ այդ մասին պաշտոնական որեւէ հաղորդագրություն չի տարածվել։ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն ի պատասխան՝ գրել է. «Ի պատասխան հարցման՝ նշեմ, որ մարտի 21-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը գտնվել է Երեւանում, մարտի 22-ին բացակայել է Երեւանից:

Այս իմաստով հաղորդագրություն չի տարածվել, քանի որ հրապարակման անհրաժեշտություն չի եղել»։ Այս պատասխանը, ըստ էության, հաստատում է մեր տեղեկությունը, որ Զոհրաբ Մնացականյանը մարտի 22-ին գտնվել է Մոսկվայում։ Ի դեպ, ինքնաթիռում նրան ուղեկցել է ԱԳՆ աշխատակից, ով նախարարի հետ մեկնել է բիզնես դասով։ Այսպիսով, նախարարը մեկօրյա այց է ունեցել Մոսկվա, որտեղից վերադարձել է մարտի 22-ի լույս 23-ի գիշերը։ Ենթադրվում է, որ տեղի է ունեցել Լավրով-Մնացականյան հանդիպում՝ վերոնշյալ Ալիեւ-Փաշինյան հանդիպման նախաշեմին։

Ուրեմն ի՞նչ է նշանակում ԱԳՆ պատասխանը, թե «նախարարի՝ երկրից բացակայելու իմաստով հաղորդագրություն չի տարածվել, քանի որ հրապարակման անհրաժեշտություն չի եղել»։ Եթե նախարարը գործուղման է, ապա նա գործուղման է մեկնել պետական բյուջեի հաշվին, հետեւաբար՝ հարկատուներս իրավունք ունենք իմանալ, թե ո՞ւր եւ ի՞նչ նպատակով է մեկնել նախարարը։ Իսկ եթե գործուղման չի եղել եւ աշխատանքային օրով երկրից մեկնել է, նշանակում է՝ իր հաշվին արձակուրդ պետք է վերցրած լիներ։

Արձանագրենք, որ ԱԳՆ պատասխանն ավելի քան զարմանալի, եթե չասենք՝ տարօրինակ է, քանզի երկրից նախարարի բացակայելն այն դեպքում, երբ գործուղման մասին վարչապետի հրաման չկա, որովհետեւ Կառավարության կայքում այդ մասին որեւէ հաղորդագրություն չկա, սովորական երեւույթ չէ։ Այս պատասխանն ավելի շատ նոր հարցեր է առաջացնում, քան տալիս է նախկին հարցերի պատասխանը։

Օրենքի խախտմա՞մբ է նախարարը բացակայել երկրից, թե՞ այնուամենայնիվ, գործուղման է մեկնել Մոսկվա՝ իր պաշտոնակցի հետ հանդիպելու եւ Փաշինյան-Ալիեւ հանդիպումը նախապատրաստելու համար։ Այս պատմության մեջ ամենաուշագրավն այն է, թե հատկապես ի՞նչ հարց կամ հարցեր են քննարկվել Մոսկվայում, որոնք թաքցնելու անհրաժեշտություն է առաջացել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում