«168 Ժամ». Նիկոլ Փաշինյան-Սասուն Միքայելյան կ...

Նիկոլ Փաշինյան-Սասուն Միքայելյան դեռևս լուռ հակամարտությունը կարող է նոր թափ ստանալ: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը չի հանդուրժում բոլոր նրանց, ովքեր համարձակվում են իրեն հակադարձել կամ չհամաձայնել իր տեսակետի հետ: Վերջին նման ցայտուն օրինակը հենց Սասուն Միքայելյանն է, ով համարձակվել էր հրապարակավ հակադարձել իրեն:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ից Նիկոլ Փաշինյանը պատասխանելով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին՝ ասել էր, թե Վանեցյանն իր այդ հայտարարությամբ «աղբամանը նետեց իր ուսադիրները»: Սրան հաջորդեց Սասուն Միքայելյանի կոշտ պատասխանը՝ նախ հիշեցնելով, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին, որ ԱԱԾ նախկին պետն իր ընկերն է, որի հետ նա ճանապարհ է անցել, ու մնալու է իր ընկերը, ապա նաև հայտարարել էր, թե ոչ ոք իրավունք չունի ասել՝ «ուսադիրները նետեց աղբամանը», քանի որ ինքն էլ է ուսադիր կրել: Նիկոլ Փաշինյանին ճանաչողները շատ լավ գիտեն, որ նման հայտարարությունն անհետևանք չի կարող մնալ:

Ենթադրվում է, որ այդ մասին գիտի նաև Սասուն Միքայելյանը: Սակայն, մեր տեղեկություններով, Ս. Միքայելյանը նեղ շրջապատում հայտարարել է, որ ինքն այլ բան ասել չէր կարող, և նման հայտարարություն անելով՝ ինքն առաջին հերթին՝ պաշտպանել է իր ուսադիրը, որի արժեքը չեն կարող իմանալ բանակում ծառայություն չանցածները:

Մամուլի հրապարակումների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը դեռևս ԱՄՆ-ից զանգահարել է իր մտերիմ կուսակիցներին և հանձնարարել  իր բացակայության ընթացքում զգոն լինել անհնազանդ կուսակիցների ու պատգամավորների գործունեության նկատմամբ՝ մինչև իր վերադարձը: 

«Իմ քայլը» խմբակցության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Ն. Փաշինյանը խմբակցության ներսում չի քննարկել Սասուն Միքայելյանի հարցը, քանի որ չի վստահում նրանց, ուստի այդ հարցը նա քննարկել է իր վստահելի մի քանի կուսակիցների հետ: Նրանք են՝ Հակոբ Սիմիդյանը, Լիլիթ Մակունցը, Ռուբեն Ռուբինյանը, Տիգրան Ավինյանն ու Էդուարդ Աղաջանյանը:

Սասուն Միքայելյանին պատժելու տարբերակներ դեռևս չեն գտնվել, քանի որ կուսակցությունից նրան հեռացնել չեն կարող, քանի որ նախ՝ Միքայելյանը ՔՊ հիմնադիրներից է, և երկրորդ՝ նա կուսակցության կանոնակարգը չի խախտել: Նշենք, որ ՔՊ կանոնադրության համաձայն՝ կուսակցության անդամները կարող են կարգապահական պատասխանատվության ենթարկվել կուսակցության ծրագրին հակասող գործողություններ կատարելու դեպքում: Իսկ Սասուն Միքայելյանի հայտարարությունը, նույնիսկ մեծ ցանկության դեպքում, որևէ կերպ չի տեղավորվում այս դրույթի տակ ենթադրվող գործողությունների շարքում:

Հաջորդ «պատիժը», որը քննարկվել է իշխանական նեղ շրջանակում՝ Ս. Միքայելյանին ԵԿՄ նախագահի պաշտոնից հեռացնելն է, սակայն դա նույնպես բացառվում է, քանի որ այն ընտրովի մարմին է, իսկ ԵԿՄ-ում Ս. Միքայելյանին դեմ դուրս եկողներ գոնե այս պահին չկան: Այսինքն՝ «անհնազանդ» Ս. Միքայելյանին պատժելու մեթոդ Նիկոլ Փաշինյանը դեռևս չի կարողանում գտնել:


Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։