Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » «168 ժամ». Զարուհի Փոստանջյանը՝ Լեւոն Զուրաբյանին. Այ Լյովիկ, էլի թռար

«168 ժամ». Զարուհի Փոստանջյանը՝ Լեւոն Զուրաբյանին. Այ Լյովիկ, էլի թռար

7229Երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի սենյակում լեզվակռվի են բռնվել խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներ` Լեւոն Զուրաբյանը եւ Զարուհի Փոստանջյանը: Այս մասին գրում է «168 ժամը» եւ հավելում. «Հովիկ Աբրահամյանն իր մոտ է հրավիրել խմբակցությունների ղեկավարներին, որպեսզի նրանց հայտնի միջազգային խորհրդարանական կազմակերպություններում հայաստանյան պատվիրակությունների կազմավորման կարգի փոփոխությունը, որի արդյունքում` «Ժառանգություն» խմբակցությունը զրկվել է ԵԽ ԽՎ-ում իր ունեցած տեղից:
Այսինքն՝ Հովիկ Աբրահամյանը կատարել է մի փոփոխություն, որի նպատակը եղել է Զարուհի Փոստանջյանին ԵԽ ԽՎ պատվիրակության կազմից հանելը: Զ. Փոստանջյանին զայրացրել է այն հանգամանքը, որ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը որեւէ դիրքորոշում չի արտահայտել այդ առնչությամբ, եւ, որ Հովիկ Աբրահամյանի որոշումը չի որակել` որպես ընդդիմության նկատմամբ խտրականության դրսեւորում:

«Այ Լյովիկ, էլի թռար: Ոնց որ Եվրախորհրդի նիստի ժամանակ հատուկ ուշ գրանցվեցիր, որ Սերժ Սարգսյանին հարց չտաս, հիմա էլ այստեղ ես թռնում, որ հանկարծ իշխանությունների հետ հարաբերություններդ չվատացնես»,- մոտավորապես այսպես է ՀԱԿ խմբակցության ղեկավարի հետ խոսել «Ժառանգություն» խմբակցության նորընծա ղեկավար Զ. Փոստանջյանը:

Լեւոն Զուրաբյանը բովանդակային բանավեճի մեջ չի մտել Փոստանջյանի հետ՝ ասելով, որ ինքը «Լյովիկ չէ, այլ Լեւոն Զուրաբյան» եւ խորհուրդ տվել, որ Փոստանջյանն իրեն կոռեկտ պահի:

Այսպիսով, Հայաստանի ընդդիմադիր դաշտում շարունակվում է պայքարը թիվ մեկ, կամ «իրական» ընդդիմության տեղի համար: Այդ պայքարում Զ. Փոստանջյանը միայնակ է` ընդդեմ մի փոքր ավելի բազմամարդ ՀԱԿ խմբակցության: Բայց չնայած ուժերի անհավասարությանը, Փոստանջյանը կարողանում է ավելի «արմատական եւ ծայրահեղ ընդդիմադիր» երեւալ, քան ՀԱԿ ներկայացուցիչները: Նրանք կարող են ասել, որ Զ. Փոստանջյանն իրեն դուրս է դրել Էթիկայի բոլոր նորմերից եւ անում է քայլեր, որոնք հակասում են տարրական բանականությանը:

Երեկ խորհրդարանում տեղի ունեցածը հերթական անգամ ցույց է տալիս ընդդիմադիր դաշտի սնանկությունը: 2012 թվականին «իշխանությունների դեմ պայքարի» կարգախոսներով խորհրդարան մտած ընդդիմադիր ուժերն արդեն մեկուկես տարի իշխանության դեմ պայքարելու փոխարեն` զբաղված են բացառապես իրենց խմբակցությունների ներսում հարաբերություններ պարզելով, իրար դեմ կատաղի պայքար մղելով»,- գրում է «168 ժամը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

 

Դիտվել է 61 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy