Իրանի տեղն ու դերը Հայաստանում ու Ադրբեջանում

PAG 134«Իրանը միջինարևելյան տարածաշրջանային տերություններից է, իսկ աշխարհաքաղաքական տեսանկյունից, թերևս, ամենանպաստավոր երկիրն է էներգակիրների և օգտակար հանածոների պաշարների ծավալով ու աշխարհագրական դիրքով»

Էմմա Բեգիջանյան 

Իրանագետ

 

 

Միջազգային հարթության վրա պետությունների փոխհարաբերություններում, անկասկած, նշանակալի դեր ունի յուրաքանչյուր պետության աշխարհաքաղաքական և երկրառազմավարական դիրքը:

Մի կողմից Իրանի, մյուս կողմից՝ նրան սահմանակից Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխհարաբերությունների բազմակողմանի ուսումնասիրության համատեքստում անհրաժեշտ է նախևառաջ համառոտ անդրադառնալ նրանց աշխարհաքաղաքական դիրքին, որի ներքո ի նկատի են առնվում այդ երկրների նյութական և հոգևոր կարողությունները, այդ թվում՝ աշխարհագրական դիրքը, բնական պաշարները, տնտեսական ներուժը, երկրի տարածքը, բնակչությունը, ազգային համերաշխությունը, հոգեբանությունը և ազգային այլ հատկանիշներ:

Իրանը միջինարևելյան տարածաշրջանային տերություններից է, իսկ աշխարհաքաղաքական տեսանկյունից, թերևս, ամենանպաստավոր երկիրն է էներգակիրների և օգտակար հանածոների պաշարների ծավալով ու աշխարհագրական դիրքով. այն ցամաքով ու ծովով սահմանակից է 16 երկրների, այդ թվում՝ Հայաստանին և Ադրբեջանին: Հաշվի առնելով նաև բնակչության թիվը և մտավոր ներուժը, գիտության տարբեր ոլորտներում արձանագրած ձեռքբերումները՝ արևմտյան որոշ տնտեսագետներ նշում են, որ Իրանը կարող է դառնալ Միջին Արևելքի «Բրազիլիան»: Իր այդպիսի աշխարհաքաղաքական դիրքի շնորհիվ Իրանը, անշուշտ, շահելու է նաև իր միջուկային ծրագրերի շուրջ «Իրան-5+1» ձևաչափով վերջնական համաձայնագիր կնքելուց:

Սակայն, Իրանի աշխարհաքաղաքական դիրքն ունի նաև խոցելի կողմեր՝ պայմանավորված նրա բազմազգ բնակչությամբ, սակավաջրությամբ, նաև՝ սահմանային գետերի առկայությամբ, որն սպառնալիք է ազգային անվտանգության համար: Ահավասիկ, Իրանի փոխնախագահի՝ ջրի, գյուղատնտեսության ու շրջակա միջավայրի հարցերով գլխավոր խորհրդական Իսա Քյալանթարին ապրիլի 26-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե Իրանը, շահագործելով իր քաղցրահամ ջրի վերերկրյա պաշարների շուրջ 97 տոկոսը, գործնականում չորացրել է գետերը: Նա նախազգուշացրել է, որ եթե ջրի սպառումը նույն տեմպով շարունակվի եւ Իրանը կիսով չափ չկրճատի ջրի օգտագործումը, ապա տեսանելի ապագայում բնակչության շուրջ 50 միլիոնը հարկադրաբար կարտագաղթի երկրից (Իրանի պաշտոնյան զգուշացնում է ջրային ճգնաժամի մասին, որը կարող է հանգեցնել զանգվածային արտագաղթի, http://www.al-monitor.com/pulse/originals/2015/04/iran-water-crisis-mass-migration.html#ixzz3cqxVC2g5, 27 ապրիլի, 2015թ.):

Հարավկովկասյան խոշորագույն երկիր Ադրբեջանի աշխարհաքաղաքական դիրքը ևս նպաստավոր է էներգակիրների պաշարների և աշխարհագրական դիրքի առումներով, սակայն խոցելի կողմերը նույնպես շատ են, որոնցից են տարածքային միասնականության բացակայությունը, ազգաստեղծման (nation-bulding) խնդրի առկայությունը, ազգային փոքրամասնությունների, քաղցրահամ ջրի լուրջ խնդիրները: Վրաստանից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը տարածաշրջանի հաջորդ ամենաջրառատ երկիրն է:  Թերևս, Ադրբեջանի նկրտումները ԼՂՀ-ի հանդեպ բացատրելի են նաև այս տեսանկյունից։

Թեև Հայաստանը Հարավային Կովկասի ամենափոքր երկիրն է, սակայն իր աշխարհագրական և աշխարհաքաղաքական նպաստավոր դիրքի շնորհիվ տարածաշրջանի կարևոր երկրներից է: Այն իր աշխարհագրական դիրքով բացառում է Իրանի տարածքային ամբողջականությանն սպառնացող թուրքական տարածքների միասնությունը: Թերևս նաև հենց այս հանգամանքով է պայմանավորված Իրանի շահագրգռությունը՝ Հայաստանը տեսնել հզոր ու անկախ:

Բացի այդ Հայաստանն աչքի է ընկնում նաև բնակչության միատարրությամբ, ինչից զուրկ են հարևան երկրները, և մտավոր ներուժով: Քաղցրահամ ջրի պաշարներով էլ Հայաստանն ակնհայտորեն ավելի նպաստավոր վիճակում է, քան իր հարևանները: Հայաստանից Ադրբեջան հոսող Արփա, Աղստև և Դեբեդ գետերը կարող են որպես լծակ կիրառվել Բաքվի դեմ, ինչպես դա արել և անում է Թուրքիան Սիրիայի ու Իրաքի նկատմամբ՝ կրճատելով դեպի այդ երկրներ հոսող Եփրատ ու Տիգրիս գետերի ջրերի ծավալները:

Իրանի և Ադրբեջանի միջև սերտ, բարեկամական փոխհարաբերությունների ձևավորման համար ևս որոշակի նախադրյալներ կան: Սակայն փոխադարձ անվստահության պայմաններում դրանք ի սկզբանե ընթանում են լուրջ վայրիվերումներով: Բայց և այնպես իրանական կողմն առավել մեծ շահագրգռություն է դրսևորում բարիդրացիական սերտ փոխհարաբերություններ հաստատելու հարցում և բազմիցս շեշտել է, որ Իրան-Ադրբեջան սերտ բարեկամական  փոխհարաբերություններ հաստատելու լուրջ հիմքեր կան․

ա) երկու երկրներն ունեն պատմամշակութային, կրոնական արմատական ընդհանրություններ, բ) տոկոսային հարաբերությամբ Ադրբեջանն իսլամական աշխարհում Իրանից հետո շիա ուղղություն դավանող երկրորդ երկիրն է, գ) Իրանում ապրում է շուրջ 20-30 միլիոն ադրբեջանցի բնակչություն, դ) Իրանի արտաքին քաղաքականության առանցքային հիմնադրույթներից է փոխհարաբերություններ հաստատելիս իսլամական երկրներին առաջնայնություն տալը:

Բացի այդ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի արտաքին քաղաքականության մեջ առավելապես կարևորվում են հարևան երկրների հետ փոխհարաբերությունները:

Սակայն  իրականում երկու երկրների՝ շիա ուղղություն դավանելը և Իրանում 20-30 միլիոն ադրբեջանցիների առկայությունն այդ երկրների միջև փոխադարձ անվստահության  գլխավոր պատճառներն են: Բաքուն մտավախություն ունի, թե Իրանի օրինակով Ադրբեջանում շիա հոգևորականները հեղափոխությամբ կտապալեն աշխարհիկ վարչակարգը: Իսկ Ադրբեջանը, ի ծնե, իր կոչումով Իրանի նկատմամբ ունենալով տարածքային հավակնություններ, երբեմն բացահայտ, երբեմն քողարկված ջանքեր է գործադրում Իրանի ադրբեջանաբնակ նահանգներում անջատողական տրամադրություններ հրահրելու համար: Այսուհանդերձ, իրանական կողմը հակված է Թեհրան-Բաքու փոխհարաբերությունների ոչ պատշաճ զարգացումը պատճառաբանել Ադրբեջան-Իսրայել սերտ փոխհարաբերություններով՝ մասնավորապես, Թել Ավիվիին Իրանի դեմ Ադրբեջանի տարածքից գործունեություն ծավալելու հնարավորություն ընձեռելով:

Իսկ Բաքուն իր նման նկրտումները զսպելու կամ առնվազն բացահայտ քարոզչություն չծավալելու և բարիդրացիական փոխհարաբերություններ հաստատելու հարցում, թերևս, իր պատճառներն ունի: Ադրբեջանը միայն Իրանի տարածքով կարող է ցամաքային կապ հաստատել վերջինիս բազմակողմանի աջակցությունը վայելող Նախիջևանի ինքնավար Հանրապետության հետ: Ադրբեջանում ապրում են իրանական ծագումով թաթեր ու թալիշներ, որոնք որպես ազգային փոքրամասնություններ լիովին զրկված են իրենց իրավունքներից: Իսկ թալիշների մոտ կենտրոնախույս տրամադրությունները նկատելիորեն արտահայտված են:

Հատկանշական է, որ, եթե «Իրան-5+1» բանակցությունները հանգուցալուծվեն վերջնական համաձայնագրի ստորագրմամբ, ապա Ադրբեջանի, ինչպես նաև Միջին Արևելքի որոշ երկրների, այդ թվում՝ Թուրքիայի, աշխարհաքաղաքական իրավիճակն զգալիորեն տուժելու է: Թեհրանի հետ փոխհարաբերությունները բարելավելու և ընդլայնելու Բաքվի վերջին շրջանի ձգտումները նաև այս հանգամանքով են պայմանավորված:

Հայաստան-Իրան փոխհարաբերությունները, հաշվի առնելով երկուստեք փոխշահավետությունը, ենթադրվում էր, որ տարիների ընթացքում պետք է բուռն զարգացում արձանագրեին: Սակայն իրականում դրանք թույլ են զարգացել՝ չնայած առկա հնարավորություններին ու ներուժին, ինչը պայմանավորված է մի շարք գործոններով.

ա) ՀՀ-ի վրա արտաքին ուժերի ազդեցություն, ինչը, թերևս, անխուսափելի է նման փոքր, միաժամանակ աշխարհաքաղաքական կարևոր դիրք ունեցող երկրի դեպքում: բ) ԼՂՀ-Ադրբեջան հակամարտության համատեքստում Հայաստանի քրիստոնյա երկիր լինելու հանգամանքը. ինչպես Ադրբեջանը, այնպես էլ մահմեդական որոշ երկրներ, շահարկման առարկա դարձնելով դա, Թեհրանից պահանջել և պահանջում են ոչ միայն չաջակցել Երևանին, այլև ճնշում գործադրել նրա վրա՝ հօգուտ Բաքվի: Ավելին, շահագրգիռ որոշ երկրներ և ուժեր փորձեցին ղարաբաղյան հակամարտությանը կրոնական երանգ հաղորդելով Իրանին անմիջականորեն ներքաշել ռազմական բախումների մեջ։ գ) Իրանի կառավարության վրա ադրբեջանական որոշ շրջանակների գործադրած ճնշումը: դ) Իրանի իսլամական քաղաքական համակարգի աջ և ձախ հոսանքներում տեղ գտած ծայրահեղականները, որոնք ոչ միայն դեմ էին (թերևս այսօր էլ դեմ են) Իրան-Հայաստան կապերի սերտացմանը, այլև քննադատում են անգամ Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը՝ նշելով, որ այն երկփեղկում է իսլամական աշխարհը: Մինչդեռ դա, ինչպես նշվեց, բխում է Իրանի ազգային անվտանգության շահերից (“Ջոմհուրե Էսլամի” օրաթերթ, 5-ը օգոստոսի, 1995թ.):

Ահա թե ինչու երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների ծավալը տարեկան  ընդամենը 200 միլիոն դոլար է կազմում, իսկ Իրան-Հայաստան գազատարի կառուցումը, որը կարող էր  Հայաստանը դարձնել տարանցիկ երկիր, ձգձգվեց շուրջ 12 տարի: Նշվածից զատ երկու երկրների համատեղ խոշոր նախագծերից են «Հարավ-Հյուսիս» մայրուղու և «Իրան-Հայաստան» երկաթգծի կառուցումը, որի իրականացումը դեռևս հարցականի տակ է, ինչպես նաև Արաքս գետի վրա կառուցվող ՀԷԿ-ը:

Անկասկած, Իրանի դեմ պատժամիջոցների վերացումով Հայաստան-Իրան փոխհարաբերությունների ընդլայնման ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծվում, և այդ պարագայում Հայաստանը նույնիսկ կարող է դիտարկվել իրանական գազի արտահանման այլընտրանքային և առավել ապահով տարանցիկ երկիր: Այդուհանդերձ, հազիվ թե երկու երկրների փոխհարաբերություններում լուրջ փոփոխություններ տեղի ունենան, չնայած որ Արևմուտքը անցյալում, նկատի ունենալով Իրանի համար Հայաստանի՝ ոչ մեծ շուկա լինելու և շրջափակման մեջ գտնվելու հանգամանքները, անգամ Իրանի դեմ կիրառված ամենախիստ պատժամիջոցների պայմաններում աչք է փակել հայ-իրանական տնտեսական կապերի զարգացման վրա: Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդի էներգետիկայի հարցերով փորձագետ դոկտոր Շտե‎ֆան Մայստերն այս առնչությամբ նշել է, որ Իրանն ապահովում է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի գազի և էներգիայի պահանջարկի որոշ մասը, սակայն Եվրամիությունն ու ԱՄՆ-ը  չեն բողոքում դրա դեմ՝ հաշվի առնելով դրանց ոչ մեծ ծավալը։ (www.dw.de, 5 դեկտեմբերի, 2012թ.):

Այլ կերպ ասած` եթե երկուստեք քաղաքական կամք լինի, ապա երկու երկրների փոխհարաբերությունների զարգացման, մասնավորապես Հայաստանում ներդրումներ կատարելու, համատեղ հիմնարար նախագծեր իրականացնելու հարցերում չեն լինի անհաղթահարելի արգելքներ: Մանավանդ, որ նման քայլերը կնպաստեն Հայաստանի զարգացմանը, ինչը համընթաց է Իրանի ազգային անվտանգության շահերին:

 

 

«Անվտանգության  քաղաքականությունների  քննարկումների  բարելավումը  Հայաստանում»  ծրագիր

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

 


Այս թեմայով