Ինձ ոչ թե բերման ենթարկեցին, այլ քաշման. ակտիվիստները չեն ստորագրել, բայց ազատ են արձակվել

aktivԿենտրոնի ոստիկանության բաժանմունքից 15։30-ի մոտ ազատ արձակեցին ՌԴ դեսպանատան մոտից այսօր՝ մարտի 5-ին բերման ենթարկված 4 ակտիվիստներին` Տիգրան Պասիլյանին, Էդուարդ Մկրտչյանին, Լալա Ասլիկյանին, Անտոն Իվչենկոյին։

Ոստիկանությունում ակտիվիստների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն են կազմել՝ հիմնավորելով, որ նրանք չեն ենթարկվել ոստիկանի օրինական պահանջին եւ խախտել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածը:

Արձանագրության տակ ստորագրել է միայն Էդուարդ Մկրտչյանը։

Տիգրան Պասիլյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը չի ստորագրել արձանագրության տակ, քանի որ չի կատարել ոչ թե ոստիկանի օրինական պահանջը , այլ նրա քմահաճույքը:

«Ինձ ոչ թե բերման ենթարկեցին, այլ քաշման ենթարկեցին ոտիկանության բաժին»,- ասաց Տիգրան Պասիլյանը:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Կենտրոնի ոստիկանության մոտ ոստիկանները պատ էին կազմել եւ քաղաքացիական ակտիվիստներին թույլ չէին տալիս մոտենալ ոստիկանության շենքին։

Հիշեցնենք, որ չորս քաղաքացիական ակտիվիստները բերման էին ենթարկվել մարտի 5-ին ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտից, որտեղ հավաքվել էին՝ բողոքելու Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների դեմ։

Դիտվել է 26 անգամ
 


Այս թեմայով