ԼՂ վարչապետը խոստովանում է՝ վարձակալած հողերից շահույթ է ստանում

արայիկ հարությունյանԼեռնային Ղարաբաղի վարչապետ Արայիկ Հարությունյանը հաստատում է, որ մի քանի համայնքներում հողեր է վարձակալում՝ եկամուտ ստանալու համար:

Լրագրողների հետ հանդիպմանը Հարությունյանը պնդեց՝ տարածքները վարձակալում է դեռ 1997 թվականից, երբ դրանք պետության պահուստային ֆոնդի մեջ էին մտնում, իսկ 2005-ին Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելուց հետո իր գործընկերներն են կառավարել դրանք: Այս մասին փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Նրանք այդ իրավունքը ունեն, իմ կողմից տրված է, կառավարվում է նրանց կողմից, ստանում եմ ամեն տարի շահույթ, չեմ թաքցնում, շահույթի մի մասը ուղղում եմ իմ ընտանիքին, մեծ մասը այլ ծրագրերին: Մի մասը մնում է, իհարկե, հետագա ներդրումները իրականացնելու համար», — ասաց Ղարաբաղի վարչապետը։

2014 թվականին ներկայացրած պաշտոնական հայտարարագրի համաձայն՝ վարչապետն անցած տարում ավելի քան 107 միլիոն դրամի եկամուտ է ունեցել, սակայն հայտնի չէ՝ այդ գումարի որ մասն է Հարությունյանը ստացել հողատարածքների վարձակալությունից:

Հարությունյանի կարողությունների ու, մասնավորապես, վարձակալած հողատարածքների հարցը քննարկման թեմա դարձավ, երբ ընդդիմադիր Հայկ Խանումյանը խորհրդարանում հարց բարձրացրեց՝ գյուղացին ինչպե՞ս կարող է իր տնտեսությունը զարգացնել, երբ, օրինակ, Ուղտասարում տասնյակ հեկտար տարածքներ վարձակալության են տրված վարչապետին: Ի պատասխան Արայիկ Հարությունյանը պնդել էր՝ ինքը Ուղտասարում համայնքային հողեր չի վարձակալում, իր ունեցածը պահուստային ֆոնդի հողերն են:

«Իմ և իմ ընտանիքի կողմից չկա վարձակալված հող՝ այդ տարածքում: Եթե կան մարդիկ, որոնք վարձակալել են, վարձակալել են մեր օրենսդրության պահանջներին համապատասխան, պահուստային հողերից, աճուրդային եղանակով, և նրանց արգելված չէ հող մշակել»,- հայտարարել էր վարչապետը:

Դիտվել է 35 անգամ
 


Այս թեմայով