Home » ՔՈ ԽՈՍՔԸ » Ինչպես չվնասել Բաքվում գտնվող Հայաստանի մարզիկներին

Ինչպես չվնասել Բաքվում գտնվող Հայաստանի մարզիկներին

988Բաքվում կայանալիք՝ Եվրոպական մարզական խաղերի լուսաբանման առանձնահատկությունները տեղական ԶԼՄ-ներում, հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում

Politik.am: ԿԱՐԾԻՔ: 2011 թվականին  Եվրոպական Օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն հանդես եկավ հայտարարությամբ՝ առաջարկելով անցկացնել Եվրոպական մարզական խաղեր: Այդ առաջարկը հավանության արժանացավ նաև Միջազգային Օլիմպիական կոմիտեի՝ արդեն նախկին նախագահ Ժակ Ռոգեյի կողմից և մեծ խանդավառություն առաջացրեց ինչպես մարզաշխարհում, այնպես էլ, առհասարակ, սպորտասեր հասարակության մեջ՝ այդ թվում և Հայաստանում: Սակայն 2012 թվականի դեկտեմբերի 8-ին՝ Եվրոպական Օլիմպիական Կոմիտեի 41-րդ գլխավոր ասամբլեան (Հռոմ՝ Միջազգային օլիմպիական կոմիտեի շտաբ-բնակարան) քվեարկությամբ ( 84% կողմ ձայներով ) որոշում ընդունեց հաստատել անցկացման համար հայտ ներկայացրած միակ երկրի` Ադրբեջանի (Բաքու) թեկնածությունը: Այս փաստը նոր իրավիճակ ստեղծեց մեզ համար և Հայաստանի մասնակցությունն այդ միջոցառմանը հարցականի տակ դրվեց: Միջազգային Օլիմպիական Կոմիտեի և անձամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի (ով նաև այդ երկրի օլիմպիական կոմիտեի նախագահն է)  կողմից համապատասխան անվտանգության երաշխիքներ ստանալուց հետո՝ այնուամենայնիվ Հայաստանի մարզական ղեկավարությունը որոշում ընդունեց մասնակցել  հունիսի 12-ից 28-ը կայանալիք  խոշոր մարզական իրադարձությանը: Չնայած այն բանին, որ որոշումն իրենից ոչ մի պարտադրանք չէր ենթադրում, ( ըստ որոշման` մարզիկները Բաքու պետք է մեկնեին կամավորության սկզբունքով) այնուամենայնիվ,  որոշումը կայացվեց շատ դժվար՝ քննարկումների և բանավեճերի արդյունքում և միանշանակ չընդունվեց շատերի կողմից, իսկ որոշման՝ ճիշտ կամ սխալ լինելուն ուղղված քննարկումներն ու բանավեճերը  շարունակվեցին, և ակնհայտ է, որ կշարունակվեն մինչև խաղերի ավարտը և անգամ դրանից հետո՝ ինչպես «սուրճի սեղանի», այնպես էլ ավելի բարձր հարթականերում:

Ակնհայտ է նաև այն, որ այդ կարևոր իրադարձությունից անմասն չէին կարող մնալ նաև ԶԼՄ-ները: Ընդգծելով  ԶԼՄ-ների մեծ դերն ու նշանակությունը, հակամարտություններ «ծնելու», դրանք բորբոքելու, սառեցնելու՝ կամ դրանց կարգավորման գործում, կփորձեմ ներկայացնել այս թեմայի լուսաբանման առանձնահատկությունները հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում` խոսելով նաև եթերից հնչող  տարբեր պաշտոնյաների և շարքային քաղաքացիների էմոցիոնալ արտահայտությունների և դրանց  հնարավոր հետևանքների մասին:

Եվրոպական առաջին մարզական խաղերի թեմային անդրադարձող ցանկացած ոգ` առավել ևս ԶԼՄ ներկայացուցիչները և պաշտոնատար անձինք, պետք է հստակ հաշվի առնեն հայ-ադրբեջանական սահմանի լարված իրավիճակը, և այն, որ մեր պատվիրակությունը տևական ժամանակ պետք է գտնվի Բաքվում: Եթե այս ամենին հավելում ենք նաև Ադրբեջանի՝ երաշխիքներ տալու և իր տված երաշխիքներին տեր կանգնելու  «լավագույն ավանդույթները», պարզ է դառնում այն մեծ պատասխանատվությունը, որը պետք է գիտակցենք յուրաքանչյուրս, այս թեմային անդրադառնալիս:

Պետք է երբեք չմոռանալ այն, որ վաղուց անցել են այն ժամանակնեը, երբ տեղեկատվության տարածման ամենաարդյունավետ  միջոցը աղավնիներն էին: Մեզանից յուրաքանչյուրս ցանկացած խոսք ասելիս, առավել ևս, երբ այդ խոսքը հնչում է հրապարակային, պետք է հիշենք, որ այն վայրկյանների ընթացքում կարող է հասնել այնտեղ  որտեղ պետք է և նաև այնտեղ` որտեղ պետք չէ: Ուստի, իրադարձության մասնակից բոլոր կողմերը՝ մարզիկները, մարզիչները, պատվիրակության անդամները, պաշտոնյաները, մրցումները լուսաբանող լրատվամիջոցները, մարզական մեկնաբանները և այլք, իրենց գործողությունների և արտահայտությունների մեջ պետք է լինեն առավելագույնս զուսպ:

Բոլորը պետք է զերծ մնան էմոցիոնալ և կրքեր բորբոքող հայտարարություններ անելուց, որովհետև, անկախ,  Միջազգային Օլիմպիական կոմիտեի  և Իլհամ Ալիևի տված անվտնագության երաշխիքներից, նմանատիպ դրսևորումները կարող են վտանգի տակ դնել թե´ մեր պատվիրակության անվտանգությունը Բաքվում և թե´ էմոցիաների ֆոնին, ավելի սրել  սահմանի՝ առանց այն էլ լարված իրավիճակը:

Պետք չէ ավելորդ անգամ կենտրոնանալ Բաքվում հայկական եռագույնը ծածանելու հանգամանքի վրա: Բոլորի համար էլ պարզ է, որ ցանկացած միջազգային մրցաշարում հաղթանակի կամ մրցանակային տեղ գրավելու դեպքում` համապատասխանաբար և´ դրոշն է բարձրանում, և´ օրհներգն է հանչում, անկախ նրանից,  թե այդ միջոցառումը Բաքվում է, Երևանում կամ Փարիզում: Այս իրադարձության արդյունքում ձեռք բերված մարզական հաղթանակները չպետք է տանել քաղաքական և սպորտից դուրս` որևէ այլ հարթություն:

Այս ամենից թող տպավորություն չստեղծվի, որ թերագնահատում եմ մարզական նվաճումների դերն ու նշանակությունը և բնականաբար խոսքը չի գնում մարզական պայքարը զիջելու մասին: Մեր մարզիկները պետք է հնարավոր ամեն ինչ անեն մարզական հաղթանակներ տոնելու համար, բայց եթե լինեն այդպիսիք և  վստահ կարելի է ասել, որ կլինեն, գոնե մինչև հայկական պատվիրակության ետ վերադարձը  պետք չէ էմոցիոնալ և կրքերը բորբոքող հայտարարություններով աղաղակել  դրանց մասին: Պետք է պատրաստ լինել նաև ամեն տեսակ սադրանքների և իրավիճակը սրող գործողությունների (ինչպես օրինակ տեղի ունեցավ սամբոյի մրցաշարի ժամանակ, երբ Ադրբեջանցի մարզիկը անհարգալից վերաբերմունք ցույց տվեց  ՀՀ օրհներգի և դրոշի նկատմամբ) և դրանց վերաբերվել համբերությամբ ու սառը անտարբերությամբ, որովհետև մեր ունեցած ամենամեծ հաղթանակներն անգամ զրոյական արժեք կունենան, եթե մեր պատվիրակությունն այնտեղից վերադառնա անդառնալի կորուստներով:

Ընդհանրացնելով հարցը հարկ է նկատել.

Այո´, մենք հաղթանակած պետություն ենք և անկախ ամեն ինչից մեզ պետք է դրսևորենք մեր հաղթանակներին վայել: Մեզ պետք էր Արցախն ազատագրել և այսօր՝ անկախ Արցախն արդեն իրողություն է:

Մենք կարիք չունենք ոչ մեկին՝ անգամ ինքներս մեզ, դա կրկին անգամ ապացուցելու, իսկ ովքեր,  այնուամենայնիվ, ապացույցների կարիք ունեն, թող մի պահ հիշեն   «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» իրողությունը:  Հարկ է նկատել, որ հաղթանակած  պետությանն ու իրեն հաղթող համարող ժողովրդին հարիր չէ   պատեհ ու անպատեհ առիթներով հիշեցնել կամ աղաղակել իր՝  հաղթանակների մասին և դրանով փորձել ինքնահաստատվել իբրև հաղթող:

 Արցախի ազատագրման և անկախացման գոյամարտի ռազմական փուլն արդեն ավարտված է և մենք հաղթել ենք այդ փուլում և կարիք չկա, անտեսելով մյուս փուլերը, պայքարը նորից տանել ուժային և ռազմական հարթություն: Այժմ մենք պետք է պահպանենք այդ փուլում ձեռք բերված հաղթանակը և պայքարի ուղղությունն ու հաղթանակների ակնկալիքներն ուղղենք մնացած փուլերում հաղթանակներ տանելուն, որոնցով և կամրապնդենք արդեն նվաճած հաղթանակները:

Մեր պայքարն արդեն պետք է լինի դիվանագիտական և քաղաքական հարթությունում, հակառակորդի կողմից մեր սահմանին կատարած ոտնձգություններն ու պայքարը նորից ռազմական և ուժային հարթություն տանելուն ուղղված քայլերն արդյունավետորեն կանխելու մեջ: Մենք այժմ պետք է պայքարենք հզոր, բարեկեցիկ, համամարդկային արժեքների վրա հիմնված և աշխարհում բարձր հեղինակություն վոյելող Հայաստան կառուցելու համար: Մեր պայքարը պետք է ուղղված լինի ոչ թե Ադրբեջանական հասարակության մեջ հայերիս հանդեպ թշնամանքը խորացնելուն, այլ հակառակը՝մեր քայլերը պետք է ուղղված լինեն Ադրբեջանական ժողովրդի միջից  մեր հանդեպ սերմանված ատելությունն ու թշնամանքը  դուրս հանելուն, (հիշենք այն դեպքը, երբ ադրբեջանական օդանավը հարկադրված վայրէջք կատարեց Երևանում, հասկանալի է թե ինքնաթիռում գտնվող Ադրբեջանցիները ինչ սարսափով են տեղեկացել, որ պետք է վայրէջք կատարեն Երևանում, քանի որ նրանց ամեն օր սերմանվում է այն, որ մենք վատն ենք, մարդասեր չենք, մեր քայլերը միտված են նրանց ոչնչացնելուն և այլն, և որքան մեծ է եղել նրանց զարմանքը, երբ տեսել են մեր բարեհամբույր մոտեցումը և գոնե այդքան մարդ Հայաստանից հեռացել է հասկանալով, որ մենք իսկապես «գիշատիչ» չենք) որովհետև որքան խորանա այդ թշնամանքը, այնքան ավելի կմեծանա պատերազմի վերսկսման վտանգը, իսկ իրավիճակի սրումն ու դրանից բխող բոլոր հետևանքները ցանկալի չեն ոչ մեզ և ոչ էլ Ադրբեջանի գիտակից քաղաքացիների համար:

Պետք է հստակ գիտակցել, որ հասարակության բարոյահոգեբանական ոգին բարձրացնելը չպետք է լինի հակառակորդին հայհոյելու և թերագնահատելու միջոցով, այլ արդեն կերտված հաղթանակներն ու այդ հաղթանակները կերտողներին գնահատելով և արժևորելով:

    Կարճ ասած՝ մենք միշտ խաղաղ ու կանգուն կլինենք մեր լեռների պես, եթե կայուն լինենք մեր սկզբունքների և դավանած արժեքների մեջ, եթե իրադարձություններին ու երևույթներին նայենք սթափ՝ մեր պետության  շահի և ոչ թե դատարկ ու շատ կարճ տևող էմոցիաների տեսանկյունից, որովհետև կարճատև էմոցիաները բնորոշ են ոչ թե հավերժ ու կանգուն լեռներին, այլ միային ժամանակավոր ու վայրագ հողմերին, որոնց ճակատագիրը հայտնի է բոլորիս…:

Դանիել ՍՈւՔԻԱՍՅԱՆ

Կապը հեղինակի հետ՝ danielsuqiasyan@gmail.com

Դիտվել է 205 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy