1000 դրամների մասին օրենքը կտարածվի 183 զոհվածի ընտանիքի և զինհաշմանդամի վրա. նախարար

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանության արժանացրեց օրենքի նախագիծ, որով առաջարկվում է սահմանել ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ կամ զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքին դրամական աջակցություն տալու կարգը և դրամական աջակցության չափերը։ Հարցի զեկուցող Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին վարչապետն առաջարկեց հասարակությանն այս որոշման մասին առավել մանրամասն իրազեկել․ 

«Խոսքը Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ստացած անձանց և նրանց հարազատներին հատուցելու օրենքի նախագծի մասին է, դա հանրության շրջանում հայտնի է 1000 դրամների մասին օրենք անվամբ։ Գիտեք, որ ընթացիկ կարգով նախատեսվում էր, որ այդ մեխանիզմի շահառու են համարվում 2017 հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած անձինք կամ նրանց հարազատները։ Պաշտպանության նախարարության հետ համատեղ քննարկեցինք և պարզեցինք, որ կա հնարավորություն այդ ամսաթիվը երկու տարով հետ տանել։ Ըստ այդմ՝ օրենսդրական կարգավորումը կտարածվի 2015 թ․-ի հունվարի մեկից հետո տեղի ունեցած դեպքերի վրա»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նաև նկատեց, որ Ապրիլյան պատերազմի զոհերը և տուժածներն այս օրենքի շահառու չէին համարվում, և այս որոշմամբ լուծվում է նաև այդ խնդիրը։

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ հայտնեց, որ նշված գործընթացի շահառուներ կարող են դառնալ 183 զոհվածի ընտանիք և զինհաշմանդամ, այդ թվում՝ 156 ընտանիք և 27 զինհաշմանդամ։

Այս թեմայով