Իշխանություններին հաջողվեց ավիացիայի ոլորտն ամբողջությամբ քայքայել

Իշխանություններին հաջողվեց ավիացիայի ոլորտն ամբողջությամբ քայքայելՉվերթները վերսկսելու ուղղությամբ դեռ հստակ նորություն չկա: 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն երկու տարուց ավել է՝ Հայաստանն ազգային ավիափոխադրող չունի, և դեռ պարզ չէ, թե երբ կունենա և ընդհանրապես կունենա՞ արդյոք: Ինչպես հայտնի է՝ «Արմավիայի» սնանկանալուց հետո ազգային փոխադրողի իրավունքը տրվեց «Էյր Արմենիա» ավիաընկերությանը: Այս ընկերությունն ընդամենը մի քանի ամիս կանոնավոր չվերթներ կազմակերպելուց հետո ծանր ֆինանսական կացությունում հայտնվեց ու դադարեց թռիչքներ իրականացնել: Կանոնավոր չվերթների վերսկսման ժամկետներն արդեն կես տարուց ավել է՝ պարբերաբար հետաձգվում են:

«Էյր Արմենիա» ավիաընկերության մամլո խոսնակ Սիրակ Համբարձումյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում չի կարողացել ասել, թե երբ է իրենց ավիաընկերությունը նախատեսում վերսկսել իր չվերթները:

«Չվերթները վերսկսելու ուղղությամբ դեռ հստակ նորություն չկա: Այս պահին տեխնիկական հարցեր կան՝ կապված գումարը Հայաստան փոխանցելու հետ, որն էլ գտնվում է լուծարման փուլում: Առաջիկայում պարզ կլինի»,- ասել է «Էյր Արմենիայի» մամուլի խոսնակը: Այսպիսով կարող ենք արձանագրել, որ ՀՀ ներկա իշխանություններին հաջողվեց ավիացիայի ոլորտն ամբողջությամբ քայքայել: Սա այն դեպքում, երբ այդ ոլորտի տարեկան շրջանառությունը կազմում է մոտ 500 մլն դոլար, որի մոտ կեսը կարող էր մուտք գործել Հայաստանի տնտեսություն:

ՀՀ Կառավարությունը տարիներ շարունակ փաստացի ոչնչացրեց ավիացիան և որպես ոլորտի տապանաքար հայտարարեց «բաց երկնքի» քաղաքականության անցնելու մասին` փաստացի ոլորտում շրջանառվող միջոցները նվիրելով օտարերկրյա ավիաընկերություններին: Սա էլ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի «նվերն» էր մեզ»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 40 անգամ
 


Այս թեմայով