10 մլրդ-ը դարձել է 47 մլրդ

արամ«Բյուջեի մուտքերի մեջ որքա՞ն է կազմում փոքր և միջին բիզնեսի մասը։ Խնդրում եմ ասել նաև բյուջեի ներքին համախառն արդյունքի դինամիկան՝ անցյալ տարվա նկատմամբ դոլարով։ Դուք հաշվում եք ՀՆԱ-ներդրում, ՀՆԱ-պարտք հարաբերակցությունը դրամով, իսկ Համաշխարհային բանկին, Վալյուտային ֆոնդին դրանք դոլարայի՞ն արտահայտությամբ են ներկայացվում, թե՞ դրամով»,-ԱԺ-ում Ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը։

«Այս պահին իմ ձեռքի տակ ՓՄՁ-ի կողմից կատարված վճարումների մասին տեղեկատվությունը բացակայում է»,-պատասխանեց պարոն Ջանջուղազյանը։ Նա շեշտեց, որ օրենսդրությամբ սահմանված է, որ ներդրումների և պարտքերի վերաբերյալ տեղեկատվությունը պետք է ներկայացվեն դրամով։ «Սակայն դուք իրավացի եք, որ միջազգային կազմակերպությունները փորձում են վերլուծություն կատարել, դրանք վերածում են իրենց հասկանալի արժույթի»։

«Իմ համոզմամբ՝ դոլարային արտահայտությամբ պարտքի 50 տոկոսը մենք անցել ենք։ Դուք ներկայացնում եք դրամայինով և ասում եք՝ չենք անցել»,-նկատեց Արամ Մանուկյանը։ Պատգամավորը նաև հիշեցրեց. «Մենք խոսում ենք կոռուպցիայից և կառավարությունն էլ ծառայողական մեքենաների մասին էր խոսում։ Ես կարդում եմ հոդվածը՝ 10 մլրդ դրամ մեքենաներ և սարքավորումներ։  Մենք այստեղ հաստատել ենք բյուջեի մեջ այդ թիվը։ Տարվա ընթացքում 10 մլրդ-ը դարձել է 47 մլրդ։ Սա կոռուպցիա՞ է, թե՞ ոչ։ Եվ ի՞նչ իրավունք ուներ կառավարությունը 5 անգամ թիվը մեծացնել»։

Ատոմ Ջանջուղազյանն ասաց. «Մեքենաներ-սարքավորումներ անվանումը մեքենաների հետ քիչ առնչություն ունի»։

Դիտվել է 215 անգամ
 


Այս թեմայով