1-2 ամսում չեն կարողանա պատրաստվել ու գնալ ընտրությունների

Կարծում եմ՝ այն քաղաքական ուժը, որն իշխանության ժամանակ կարողացել է շատ օպերատիվ աշխատել, նույն հաջողությամբ պետք է ընդդիմադիր դաշտում աշխատի։

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ՀՀԿ-ն կարո՞ղ է լավ հանդես գալ ընդդիմության դիրքերից։ Բաղդասարյանը գտնում է, որ եթե գաղափարական քաղաքական ուժ ես, ապա պետք է պատրաստ լինես և՛ ընդդիմություն, և՛ իշխանություն լինելու։

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի՝ արտահերթ ընտրությունների մասնակցությանը, Վահրամ Բաղդասարյանն ասաց․ «Ընտրական օրենսգրքի քննարկումը վաղը կկազմակերպենք, որից հետո մասնակցության հետ կապված կորոշենք»։

Հարցին՝  ԸՕ-ի փոփոխությունների՞ց է կախված ձեր մասնակցությունը, պատգամավորը պատասխանեց․ «Մի քանի բաղադրիչներից է կախված, մենք դեռ ուսումնասիրություններ ենք կատարում, որից հետո որոշումը կկայացնենք»։ Ինչ վերաբերում է հարցին, թե առանց ՀՀԿ-ի ինչ խորհրդարան կլինի, նա ասաց․ «Տխուր կլինի»։

Բաղդասարյանը, խոսելով ընտրություններից հետո խորհրդարանի հնարավոր պատկերի մասին, շեշտեց, թե իրենք կողմնակից են, որ խորհրդարանում քաղաքական շատ ուժեր ներկայացված լինել, բայց ոչ մարդ-կուսակցությունների տեսքով։

«Օրենքն ասում է, որ 4-ից պակաս չի լինելու, 4-ից պակաս դա այն իրավիճակը չէ, որը հարիր է խորհրդարանական երկրին, բայց ամենակարևոր հանգամանքն այն է, որ խորհրդարանում ձևավորվի իրական ընդդիմություն»,- շարունակեց նա։

Դիտարկմանը, թե որոշ քաղաքական ուժեր սխալ են համարում խորհրդարանում պարտադիր 4 ուժ ունենալու դրույթը, քանի որ արհեստականորեն, օրինակ՝ 1 տոկոս հավաքած ուժին կարող են 4 տոկոս դարձնել, Վահրամ Բաղդասարյանն արձագանքեց․ «Մենք գնում էինք գլոբալիզացման՝ մարդ-կուսակցությունների հետ կապված, սակայն, կարծես թե, այդ քայլին են գնում, որ մարդ-կուսակցություններ ներկայացված լինեն։ Բնական է, որ ի սկզբանե դեմ ենք եղել դրան։ Խորհրդարանական պետությանը հարիր երկրում պետք է կայացած քաղաքական ուժերը մուտք գործեն, և ձևավորվի իրական ընդդիմություն, իսկ դեկտեմբերին ընտրություն անելն այդ հնարավորությունը չի տալիս։ Այս պատճառով ենք մենք դեմ եղել ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու հետ կապված, որպեսզի քաղաքական ուժերին հնարավորություն տրվի լավ պատրաստվել։ Խոսքը նաև նոր ստեղծված քաղաքական ուժերի մասին է, քանի որ նրանք 1-2 ամսում չեն կարողանա պատրաստվել ու գնալ ընտրությունների»։

Այս թեմայով