Արմանն աչքերիս առջև է մեծացել. Կարեն Կարապետյանը ցնցված է

121212Կարեն Կարապետյան. «Լույս իջնի շիրիմներիդ, տղերք ջան»

«Անչափելի է բոլորիս վիշտը… Այսօր հուղարկավորեցինք յոթ երիտասարդ տղաների, յոթ օջախների զավակների: Ինչպես յուրաքանչյուր հայ մարդ, ինքս էլ մեծ ցավ եմ ապրում, , անհուն կսկիծ եմ ապրում յուրաքանչյուր երիտասարդի կորստի, նրանց չապրված տարիների համար…
Արմանն աչքերիս առջև է մեծացել՝ բարուրից մինչ չարաբաստիկ այդ օրը, մեծացել է զավակներիս հետ: Աչքերիս առջև են մեծացել նաև մյուս երիտասարդները, նրանց ևս ճանաչում եմ մանկուց: Ու ամեն անգամ Տաշիր այցելելիս, երբ հանդիպում էի այդ երիտասարդներին, անկեղծ ուրախանում էի, որ գալիս է հիանալի սերունդ, որ ունենք հոյակապ երեխաներ, ովքեր արժանիորեն փոխարինելու են ավագներիս… Ավաղ, բնությունը դաժան գտնվեց բոլորիս հանդեպ: Նրանցից յուրաքանչյուրն իմ սրտում իր անկյունն ուներ, ու հիմա այնտեղ այրող վերքի պես ցավ է ու կսկիծ:
Այսօր ես ֆիզիկապես կարողացա մասնակցել միայն մեկ երիտասարդի հուղարկավորությանը, սակայն թե մտքերով, թե հոգով ու սրտով բոլորի հետ էի, բոլորի ընտանիքների ու հարազատների հետ, իսկ իմ ընտանիքի անդամները կարողացել են այցելել բոլորին… Ինքս էլ դեռ կայցելեմ, իսկ հիմա ուղղակի ուզում եմ ցավակցել բոլոր տղաների ընտանիքներին, նրանց հարազատներին, մտերիմներին ու ճանաչողներին: Իրապես խոսքեր չկան ոչ մխիթարելու, ոչ վշտակցելու համար, ապրումներն ու ցավը բոլորիս սրտերում են: Միայն շատ կցանկանայի, որ բոլոր այդ ընտանիքներն ուժեղ լինեն, կորովի, ու ոչ ոք երբեք անիմաստ չհամարի իր ապրելիք տարիները: Որդեկորույս ծնողի վշտից խոր երևի թե ոչինչ չկա, բայց հավատում եմ, որ նրանք ամուր կգտնվեն՝ առաջին հերթին վառ պահելու տղաների հիշատակը, ապրելու նրանց համար, ապրելու իրենց մյուս երեխաների համար: Որքան էլ դաժան, որքան էլ սարսափելի, սակայն ուզենք, թե չուզենք, ստիպված ենք առաջ նայել: Առաջ նայել՝ հավետ հիշելով ու հիշատակելով:
Ցավակցում եմ նաև բոլոր տաշիրցիներին: Իմ հայրենի եզերքում այս օրերին անպատկերացնելի վիշտ է: Բայց հավատում եմ, որ ինչպես մեր ժողովուրդն է դարեր շարունակ տառապանքներից վեր հառնելու, մոխիրներից փյունիկվելու ուժ գտել իր մեջ, այնպես էլ մենք կկարողանանք հաղթահարել ծանրագույն այս վիշտը: Հաղթահարել՝ դարձյալ պարտք ունենալով մեր զոհերի հիշատակի առջև:
Լույս իջնի շիրիմներիդ, տղերք ջան…»,-  իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը:

 

Դիտվել է 209 անգամ
 


Այս թեմայով