Արարատի ցեմենտի գործարանում 1 տոննա հերոին է ոչնչացվել

Officer of the General Criminal Investigation Unit of the Basque regional police Ertzaintza shows heroin seized following Operation Outage in BilbaoՄոտ մեկուկես տարի առաջ` 2014 թվականի հունվարի 17-ին Ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչությունը Մեղրիի մաքսակետում հայտնաբերել է 928 կիլոգրամ «հերոին» տեսակի թմրամիջոց, ինչն, ըստ նախաբացթողումային հսկողության վարչության պետ Վահրամ Գուրողլյանի, աննախադեպ քանակ է ոչ միայն Հայաստանի մաքսային ծառայության ողջ գործունեության ընթացքում, այլև տարածաշրջանում, տեղեկացնում է Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ մոտ 1 տոննա հերոինը փորձ է արվել փոխադրել բեռնատարի միջոցով, ինչի նկատմամբ դեռևս 2013-ի դեկտեմբերի 27-ից էր հսկողություն սահմանվել Նախաբացթողումային հսկողության վարչության կողմից, երբ տարանցիկ փոխադրմամբ Վրաստանից Իրան այդ մեքենայով փայտանյութ  էին տեղափոխել:
Վահրամ Գուրողլյանի խոսքով` հենց այդ ժամանակ էլ Բագրատաշենի սահմանային անցակետում «Rapiskan» ռենտգեն համակարգով մեքենան զննման ենթարկելուց հետո, ռենտգեն պատկերն ուղարկվել է Նախաբացթողումային հսկողության վարչություն` վերլուծություն և ռիսկային  գնահատում կատարելու համար։

«Համապատասխան վերլուծությունից հետո բեռնատարի պատկերը գնահատվել է ռիսկային  և վերցրել հսկողության: Վարչության աշխատանքներին կասկածանքի հիմք տվեց  նաև  այն  հանգամանքը, որ  փայտանյութը  կիսով  չափ  էր բեռնված  և  մեքենայի կցորդի  խցիկը սառնարանային  էր»,– ասել է նա

Նա նշել է, որ մինչ բեռնատարը կհատեր հայ-իրանական սահմանը, ռենտգեն պատկերն անմիջապես ուղարկվել է Մեղրիի մաքսակետ, որպեսզի մեքենայի սահմանահատման ժամանակ նույնպես ռենտգեն պատկերների համեմատություն  կատարվի: 2013-ի դեկտեմբերի 28-ին, փայտանյութ տեղափոխող մեքենան հատել է հայ-իրանական սահմանը, իսկ շուրջ 20 օր հետո` 2014-ի հունվարի 16-ին, ժամը 17-ի սահմաններում հսկողության վերցված «DAF» մակնիշի բեռնատարն, արդեն դատարկ վիճակում մուտք է գործել Մեղրիի մաքսակետ, որտեղ «Rapiskan» համակարգով կրկին զննման է ենթարկվել և ռենտգեն պատկերը կրկին ուղարկվել Նախաբացթողումային հսկողության վարչություն:

 

«Համադրելով այդ 3 ռենտգեն  պատկերները, պարզվել է, որ բեռնատարի կցորդի  հատակային  մասում, իսկապես առկա է օտար մարմին: Մաքսանենգության կասկածանքով անմիջապես որոշում եմ կայացրել բեռնատարն ուժեղացված մաքսային հսկողության պայմաններում Մեղրիից տեղափոխել Երևան և «Ալյանս Տերմինալ» մաքսային պահեստում նախաբացթողումային հսկողության շրջանակում ենթարկել առավել մանրակրկիտ զննության: Արդյունքում, ինչպես արդեն գիտեք, 2014-ի հունվարի 17-ին, ժամը 19-ի սահմաններում, բեռնատարին ամրակցված կցորդի հատակային մասում հայտնաբերված հատուկ հարմարեցված թաքստոցներից դուրս է բերվել «հերոին» տեսակի թմրամիջոցով լցված 47 փաթեթ, որոնց ընդհանուր քաշը կազմել է 927,6 կիլոգրամ»,- տեղեկացրել է Նախաբացթողումային հսկողության վարչության պետը:

ՀՀ վերաքննիչ դատարանի` 20.05.2015թ. որոշումն ուժի մեջ մտնելուց հետո «հերոին» տեսակի թմրամիջոցը ենթակա է ոչնչացման: Այն այրման միջոցով ոչնչացվել է հունիսի 6-ին` Արարատի ցեմենտի գործարանի վառարանում:

Դիտվել է 123 անգամ
 


Այս թեմայով