Իշխանափոխությունից հետո ինչպե՞ս է պետք օրինականություն հաստատել

նիկոլ փաշինյանԿարեւորագույն հարցերից մեկը հետեւյալն է.

Իշխանության փոփոխությունից հետո ինչպե՞ս է պետք օրինականություն հաստատել, որ այդ պրոցեսը չվերածվի վենդետայի, վհուկների որսի, «նախորդ իշխանությունների» ներկայացուցիչների քաղաքական հետապնդմումների ու վրեժխնդրության:

Սա իսկապես կարեւոր հարց է, որովհետեւ չի կարելի թույլ տալ, որ օրինականության անվան տակ քաղաքական ռասիզմի գործընթաց սկսվի: Մյուս կողմից՝ մեզ պետք է հասկանալ եւ չեզոքացնել Երրորդ հանրապետության պատմության ընթացքում տեղ գտած աղաղակող ապօրինությունների հետեւանքները:

Երրորդ հանրապետության պատմության ընթացքում տեղ գտած ապօրինությունները բաժանվում են երկու մասի:

1. Ապօրինություններ, որոնք կապված են արյան հետ, այսինքն՝ հասցված վնասները հնարավոր չէ վերականգնել, որովհետեւ մարդը սպանվել է, զրկվել կյանքից:

2. Հանցագործություններ, որոնք կապված չեն արյան հետ, այսինքն՝ դրանց հետեւանքները տեսականորեն հնարավոր է վերականգնել:

Առաջին խումբ ապօրինությունների պարագայում որեւէ կոմպրոմիս հնարավոր չեմ համարում եւ այստեղ օրենքը պետք է գործի ողջ խստությամբ, պայմանով, որ ապացույցները լինեն անառարկելի՝ իրավաբանորեն եւ հանրայնորեն վստահություն ներշնչեն:

Երկրորդ խումբ ապօրինությունները հնարավոր է եւ անհրաժեշտ է հանգիստ պայմաններում քննարկել, հասկանալ, որովհետեւ երկրում հաստատված մթնոլորտի պատճառով հաճախ դրանք անխուսափելի են եղել նաեւ կատարողների համար: Այս ապօրինությունների հետեւանքով պետությանը եւ հանրությանը հասցված վնասը պետք է վերականգնվի: Բայց դա պետք է անել այնպես, որ սեփականության վերաբաշխում տեղի չունենա, հոնքը սարքելու փոխարեն աչքը չհանենք:

Վնասի վերականգման երկարաժամկետ մեխանիզմի գործարկումը, օրինակ, նման դեպքերում կարող է նաեւ քրեական հետապնդումից հրաժարվելու հիմք դառնալ, ինչը նախատեսված է նաեւ այսօր գործող օրենսդրությամբ:

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի  ֆեյսբուքյան էջից:

 


Այս թեմայով