Փորձ է արվում սպանել ավելի լավ Հայաստան ունենալու ցանկացած նախաձեռնություն. ՕԵԿ խոսնակ

արթուր միսակյան«Բացարձակ անհեթեթություն է տարածած տեղեկությունն այն մասին, թե «Հայկական վերածնունդ» անունը պատահական չէ ընտրված»:

«Ոչ մի քննադատության չի դիմանում այսօր հրապարակված հայտարարությունն այն մասին, թե ՕԵԿ-ի նախաձեռնած հասարակական-քաղաքական համախմբումը ուղղված է որևէ կազմակերպության կամ անհատի դեմ»,- այս մասին ֆեյսբուք սոցիլական ցանցի իր էջում գրել է ՕԵԿ մամուլի խոսնակ Արթուր Միսակյանը:

««Հայկական վերածնունդ» անվանումը ստացած միավորման ստեղծման նախաձեռնությունը նպատակ է հետապնդում պայքարել Հայաստանում առկա բյուր խնդիրների դեմ:
Բացարձակ անհեթեթություն է տարածած տեղեկությունն այն մասին, թե «Հայկական վերածնունդ» անունը պատահական չէ ընտրված, քանի որ «Հայկական վերածնունդ» անվան տակ է գործում սփյուռքահայությանը միավորող շարժումը:
Նախ սփյուռքահայությանը միավորող բազմաթիվ կազմակերպություններ գոյություն ունեն, դա մեկը կամ երկուսը չէ: Երկրորդ՝ շարժումն ու միավորումը բոլորովին տարբեր բաներ են: Ի՞նչ կապ ունի սփյուռքում առկա «Հայկական վերածնունդ» շարժումը Հայաստանում նոր ձևավորվող միավորման հետ, որն ունենալու է կոնկրետ կազմակերպաիրավական ձև, որն իր կազմում ներառելու է տասնյակ կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, անհատ մտավորականներ, բարեգործական և այլ կազմակերպություններ: Այս միավորման նպատակը շատ պարզ ու հասկանալի է՝ միասնական ջանքերով, համատեղ ուժերով դուրս բերել երկիրը այս խորը սոցիալ-տնտեսական ճգնաժամից, մարդկանց վերադարձնել հույսն ու հավատը վաղվա օրվա նկատմամբ:
Վերջիվերջո վերածննդի գաղափարը բոլորին է պետք, բոլորին է հուզում:
Այս նպատակների մեջ միտումնավոր փնտրել դավադրություններ և նման բաներ առնվազն բարոյական չէ: Բարոյական չէ այն տասնյակ կազմակերպությունների նկատմամբ, որոնք համախմբվել են երկրում լավ ու կարևոր գործեր անելու:
Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե նախագիծը դատապարտված է անհաջողության, ապա հստակ արձանագրենք մի հանգամանք՝ նախաձեռնությունն արդեն իսկ հաջողել է, անկախ նրանից թե դա ում է խանգարում, ով է դեմ ու խիստ անհանգստացած: Նախաձեռնությունն արդեն իսկ հաջողել է, քանի որ դրան միացել են 50-ից ավելի հասարակական և քաղաքական կազմակերպություններ, ու նրանց թիվը օր օրի ավելանում է:
Ցավալին ընդամենը հետևյալն է՝ Հայաստանում ի սկզբանե փորձ է արվում մերժել ու սպանել ավելի լավ Հայաստան ունենալու ցանկացած նախաձեռնություն»,- գրել է ՕԵԿ խոսնակը:

Դիտվել է 66 անգամ
 


Այս թեմայով