Լրագրողների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին մինչև 6 տարի ազատազրկում է սպառնում

լրագրողներԼրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերով հարուցվել է քրեական գործ: Այս մասին Politik.am-ը տեղեկացավ հատուկ քննչական ծառայությունից:

«Զանգվածային լրատվության միջոցներում հրապարակված հաղորդումների, նյութերի եւ տեսաձայնագրությունների  ուսումնասիրությամբ ձեռք են բերվել տեղեկություններ այն մասին, որ Երեւանի Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած ցույցը, ապա նստացույցը դադարեցնելու նպատակով 2015 թվականի հունիսի 23-ին իրականացվող հատուկ միջոցառումների ընթացքում, ինչպես նաեւ հետագա օրերին, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձինք, ակնհայտորեն դուրս գալով իրենց լիազորությունների շրջանակից, Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում, հարակից տարածքներում եւ ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում ցույցի մասնակիցների եւ իրադարձությունները լուսաբանող մի շարք լրագրողների նկատմամբ գործադրել են բռնություն, պատճառել  մարմնական վնասվածքներ, վնասել կամ ոչնչացրել վերջիններիս տեսաձայնագրող սարքերը, որով խոչընդոտել են լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը` անձանց, կազմակերպությունների իրավունքներին եւ օրինական շահերին, հասարակության եւ պետության օրինական շահերին պատճառելով էական վնաս:

Բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ եւ  164-րդ հոդվածների 2-րդ մասերով եւ 185-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ առաջ քաշված հոդվածները սահմանում են պատժի կրման հետևյալ ձևերը՝

ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ եւ  164-րդ հոդվածների 2-րդ մասեր՝ 

1.Պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. պատժվում են ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մաս՝

1.պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

 


Այս թեմայով