ՀԷՑ-ի տնօրենը չի պատրաստվում լռել և մի շարք հայտարարություններ կանի

ՀԷՑ-ի տնօրենը չի պատրաստվում լռել և մի շարք հայտարարություններ կանիՀԷՑ-երի նախկին տնօրեն Գլադունչիկի օրոք բացահայտվել էր, որ այդ ընկերության հաշվին Բաղրամյան 26-ի համար ավելի քան մեկ տասնյակ մեքենաներ էին գնվել։

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով ԱԺ ղեկավարությունը քննարկում է էլեկտրաէներգիայի թանկացման հարցով հունիսի 12-ին խորհրդարանական լսումները փակ անցկացնելու տարբերակը: Բանն այն է, որ ՀԷՑ–ի տնօրեն Բիբինը, ըստ նույն աղբյուրների, չի պատրաստվում լռել և մի շարք հայտարարություններ է անելու: Ենթադրվում է, որ դրանք այնքան էլ ձեռնտու չեն լինելու իշխանություններին և այդ իսկ պատճառով նրանք մտմտում են լսումները փակ անցկացնելու տարբերակը:

Հիշեցնենք ընդամենը, ՀԷՑ-երի նախկին տնօրեն Գլադունչիկի օրոք բացահայտվել էր, որ այդ ընկերության հաշվին Բաղրամյան 26-ի համար ավելի քան մեկ տասնյակ մեքենաներ էին գնվել։ Չի բացառվում, որ մոտավորապես այս կարգի բացատրություններ կարող է ներկայացնել Եվգենի Բիբինը լսումների ժամանակ: Այդուհանդերձ. ինչպես պնդում են իշխանական շրջանակներում, հայկական կողմը պատրաստվում է ռուսական կողմի հետ լուրջ քննարկել ՀԷՑ–ում տիրող իրավիճակը և արդեն հասցրել է բողոքել, թե լուրջ գումարներ են փոշիացվել:

Նկատենք, որ ՀԷՑ–երի տարեկան հասույթը կազմում է 500 միլիոն դոլար, իսկ դա ՀՀ ամբողջ բյուջեի (2 միլիարդ դոլար) 25 տոկոսն է։ Այնինչ սույն ընկերությունը վերջին տարիներին հասցրել է 75 միլիոն դոլարի վնաս կուտակել: Այդ վնասը փակելու համար Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն հայտ է ներկայացրել՝ էլեկտրաէներգիան 17 դրամով թանկացնելու համար:

Մեր աղբյուրները պնդում են, որ արդեն հստակ՝ որոշված է, որ Ռոբերտ Նազարյանի գլխավորած հանձնաժողովը էլէներգիան թանկացնելու է 7-7.5 դրամով: Ի դեպ, դեռ մեկ ամիս առաջ մասնավոր զրույցներում իշխանության ներկայացուցիչները խոսում էին հոսանքն ընդամենը 6 դրամով թանկացնելու մասին: Բայց ըստ վերջին խոսակցությունների, էլէներգիայի ցերեկային սակագինը 41 դրամ 85 լումայից կդառնա մոտ 50 դրամ 1 ԿՎՏ. ժամի դիմաց: Իսկ դա, բնականաբար, դոմինոյի էֆեկտով կբերի այլ ապրանքների թանկացմանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 


Այս թեմայով