Գործարարները ևս տագնապած են. իրավիճակը էապես բարդանում է

էներգիա3Սակագնի ամենամյա ավանդույթի վերածվող բարձրացման սպասումները  տագնապ են առաջացրել երկրի գործարար շրջանակներում:

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարաների  (գործատուների) միությունն ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման՝ հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«Էլեկտրաէներգիայի սակագնի ամենամյա ավանդույթի վերածվող բարձրացման սպասումները  տագնապ են առաջացրել երկրի գործարար շրջանակներում:

Ցավոք, արդարանում են այն մտավախությունները, որոնք այս հարցի կապակցությամբ վերջին տարիներին բազմիցս հնչեցվել են Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների(գործատուների) միության  կողմից:

Թե 2013, թե 2014-ին էլեկտրաէներգիայի թանկացման պատճառների մեր գնահատականերին կառավարության արձագանքը սահմանափակվեց  համապատասխան պրոֆիլային կառույցների  անլուրջ պատասխան գրություններով: Արդյունքում ստացանք այն,ինչը միանգամայն կանխատեսելի էր` պատկերի հայելային կրկնություն 2015թ-ին: Միակ տարբերությունն այն 4.0 մլրդ. դրամն է, որով «Հայաստանի էլեկտրական բաշխիչ  ցանցեր» առեւտրային ընկերության 2015թ. ֆինանսական ճեղքվածքը աճեց 2014թ. համեմատ:

Ցավոք , կարծես թե կրկնվում է նաեւ այս հարցում կառավարության մոտեցումը, այն է`  հարմարվել  «Հայաստանի Էլեկտրական  Ցանցեր»  ՓԲԸ-ի տնտեսական անթույլատրելի վարքագծի հետ եւ կոմպենսացնել  նրա ֆինանսական «կորուստները» սեփական ազգաբնակչության եւ սեփական արտադրողի հաշվին:

Այսօր սակայն իրավիճակը էապես բարդանում է ներքին սպառման եւ արտահանման ծավալների (հետեւաբար ազգաբնակչության եկամուտների) կտրուկ  նվազմամբ: Այս պայմաններում պետք է հասկանալ թե ունենալով էլեկտրաէներգիայի ամենաբարձր սակագինը Եվրասիական միության անդամ երկրների մեջ, ինչի  հաշվին ենք բարձրացնելու  մեր առանց այդ էլ անբավարար մրցունակությունը  այդ նույն շուկայում: Պարզ չէ նաեւ, թե մենք ինչու ենք հանդուրժում Հայկական ԱԷԿ-ի արդեն ռիսկային դարձած հետագա շահագործումը (որն ընդամենը   5.7 դրամ սակագնով ապահովում է երկրի անհրաժեշտ  էլեկտրաէներգիայի  40% -ից ավելին), եթե սպառողին այդ նույն հոսանքը պետք է հասնի մոտ 10 անգամ բարձր գնով: Ինչու ենք հանդուրժում երկրի էկո համակարգին վնասող շուրջ 150 փոքր ՀԷԿ-երի առկայությունը:

Մեկ անգամ  եւս պնդում ենք, որ քանի դեռ ոլորտի համար պատասխանատու պետական կառույցների կողմից չի գիտակցվել երկրի էներգոհամակարգի կառավարման լրջագույն փոփոխությունների անհրաժեշտությունը, չի հստակեցվել «Հայաստանի էլեկտրական բաշխիչ ցանցեր» ընկերության հետ տնտեսա-իրավական հարաբերությունների դաշտը, ինքնարժեքի առանձին հոդվածների մասով չեն կիրառվել որոշակի նորմատիվային սահմանափակումներ, իրավիճակի հետագա վատթարացումը ոլորտում լինելու է անխուսափելի:

Գիտակցելով հարցի թե տնտեսական, եւ թե սոցիալական լրջագույն հետեւանքները, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների(գործատուների) միությունը  կոչ է անում կառավարությանը համակողմանի վերլուծել ոլորտում ստեղծված իրավիճակը՝ չբացառելով այս աշխատանքներում միջազգային անկախ աուդիտորական ընկերության ներգրավումը:

Իր կողմից Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների(գործատուների) միությանը  պատրաստ է կառավարությանը ցույց տալ հնարավոր աջակցություն»:

Դիտվել է 67 անգամ
 


Այս թեմայով