Արմեն Երիցյանն անելանելի իրավիճակում է հայտնվել

արմեն երիցյան1«Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունն այն կառույցը չի, որ կարողանա խոշորների գլխից բռնել»:

Politik.am: ՄԵԿՆԱԲԱՆՈւԹՅՈւՆ: Կառավարության վերջին նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին հանձնարարեց խստացնել անվտանգության ռեժիմների վերահսկողությունը և մշտապես հետևել դրանց:

Այս ամենը եղավ այն բանից հետո, երբ պայթյուն եղավ Գառնի գյուղի գազալցակայանում, ապա՝ Զվաթնոցում: Պայթյունների հետևանքով մի քաղաքացի մահացավ և 3-ը վիրավորվեցին:

Դրանից հետո Արմեն Երիցյանը՝ մայիսի 28-ին,  լրագրողների հետ զրույցում անդրադառնալով գազալցակայանների սեփականատերերի հարցին՝ ասել էր.«Ես չգիտեմ`որն ում է պատկանում: Այն 25-ը որ հանել եմ, դրանց ետևում էլ թույլիկ մարդիկ չէին կանգնած: Ճիշտն ասաց` չի էլ հետաքրքրում»:

Արմեն Երիցյանը, բնականաբար, գիտի թե ում գազալցակայաններն են սփռված Հայաստանի ողջ տարածքով և դրանցից ամենախոշորներն ումն են: Գազալցակայանների բիզնեսն այն   եկամտաբեր բիզնեսներից է, որը իրականացնում են հիմնականում իշխանությունում գտնվող և իշխանության ներկայացուցիչների հովանավորյալ մարդիկ:

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունն այն կառույցը չի, որ կարողանա խոշորների գլխից բռնել, սակայն կարող է Արմեն Երիցյանը հրապարակի խախտումներով շահագործվող գազալցակայանների ցանկը և լրագրողները իրենք կպարզեն, «թույլիկ մարդիկ են կանգնած» դրանց ետևում, թե ոչ:

Կարելի է կարծել, որ Արմեն Երիցյանը լավ տիրապետում է իր ղեկավարած գերատեսչության լիազորություններին, սակայն հայտնվել է անելանելի վիճակում: Հրապարակի՞, թե ոչ այն գործարարների անունները, որոնք չեն պահպանում անվտանգության կանոնները և որի հետևանքով մարդկային զոհեր են լինում: Իշխանության ներկայացուցիչների շրջանում ընդունված չէ և «ամոթ» է համարվում իշխանության համար մեծ աշխատանքներ տարած օլիգարխների անունները «վատ» հարցերով հանրայնացնելը:

Արմեն Երիցյանն այժմ ունի հնարավորություն իր դրական վարկանիշը բարձրացնելու, սակայն կգնա՞ այդ քայլին՝ ժամանակը ցույց կտա:

Դիտվել է 533 անգամ
 


Այս թեմայով