Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Քաղաքակրթությունը կատարյալ չէ. Ինչ ակնկալիքներ ունի մեծ բարերար Անդրանիկ Բաղդասարյանը

Քաղաքակրթությունը կատարյալ չէ. Ինչ ակնկալիքներ ունի մեծ բարերար Անդրանիկ Բաղդասարյանը

Անդրանիկ ԲաղդասարյանՕրերս կայացավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն 2016»-ը, որն անցկացվեց «Իմ Արցախը» խորագրի ներքո՝ արձանագրելով 15,428.777 ԱՄՆ դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում: Հանգանակությունները կուղղվեն Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանության ապահովմանը, ինչպես նաեւ Արցախի բազմազավակ ընտանիքների համար առանձնատների կառուցմանը:
«Հեռուստամարաթոն 2016»-ի ամենախոշոր նվիրատուն Անդրանիկ Բաղդասարյան է՝ կնոջ՝ Սեդայի հետ (ԱՄՆ, 5 միլիոն ԱՄՆ դոլար)։ Անդրանիկ Բաղդասարյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի երրորդ խոշոր միանվագ նվիրատվություն կատարողն է՝ Քըրք Քըրքորյանից ու Սամվել Կարապետյանից հետո։ Ասում է՝ 26 տարի առաջ Բեյրութից Լոս Անջելես է գնացել դատարկ գրպանով։ Այժմ նա Կալիֆորնիայում մեծ ճանաչում վայելող Karoun Dairies կաթնամթերքի կայսրության սեփականատերն է։ «Եթե ես 50 մլն ունենայի, ես 50 միլիոնը կտայի, քանի որ այսօր է օրը»,-ասել է նա հեռուստամարաթոնի ուղիղ եթերում։
«Թող ըլլա մեզի շնորհավոր Հայաստանի ու Ղարաբաղի համար շատ կարևոր Thankgiving (Գոհաբանության օր) այսօր»,-ներկաների ծափողջուններով ուղիղ եթերում իր խոսքն է եզրափակել Բաղդասարյանը։
Կուլիսներում լրագրողի հետ զրույցի ժամանակ նա իր խոսքն է ուղղել Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս ապրող յուրաքանչյուր հայի առ այն, որ սա «շատ կրիտիկական պահ է 21-րդ դարի մեր պատմության մեջ»։
«Մենք կարծում էինք, թե 1915-ի կոտորածն ավարտվել է, սակայն 6 ամիս առաջ ունեցանք մինի կոտորած, երբ զոհվեց ավելի քան 100 մարդ։ Նրանք կտրեցին նրանց գլուխները, ականջները։ Նրանց կողմից իրականացված բարբարոսական արարքը մեզ ստիպեց մտածել, որ քաղաքակրթությունը դեռևս կատարյալ չէ, մենք դեռ անելիք ունենք, պետք է պատրաստ լինենք, մենք՝ հայերս, չենք սիրում սպանել, կոտորել, մենք քաղաքակիրթ ժողովուրդ ենք։ Մեր պատմության հազարավոր տարիների ընթացքում մենք երբեք նման իրավիճակ չենք ունեցել, անհարմար է դրա մասին խոսելը, սակայն դա իրականություն է։ Մենք պետք է առերեսվենք դրան, և յուրաքանչյուր հայ, ինչ ուժ էլ ունենա՝ լինի դա մտավոր, ֆիզիկական, ֆինանսական, պետք է ուժեղ աջակցություն ցուցաբերի այս մարտահրավերներին և ցույց տա աշխարհին հարցերի կարգավորման քաղաքակիրթ ճանապարհը։ Ես սա եմ ակնկալում 21-րդ դարում»,-ասել է նա։
2014 թվականին Բաղդասարյանը հիմնադրամին շնորհել էր 900 հազար դոլար։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ Արևմտյան շրջանի ատենապետն ու բարերար-անդամն ավելի վաղ հարցազրույցներից մեկում Հայաստանի Հանրապետության և Արցախի շենացումն անվանել էր «ամենասուրբ գործ»: Նրա խոսքով` իր նվիրատվությունները սկզբում փոքր էին, սակայն աշխատանքային հաջողությունները թույլ են տվել ավելացնել նվիրաբերվող գումարը: «Եթե տալիս ես, դա քեզ վերադառնում է: Որքան նվիրատվություն տվել եմ, տասնապատիկ ինձ հետ է եկել»,-ասել է նա։
Բաղդասարյանը, սակայն, կարևորում է ոչ այնքան գումար նվիրել ինքնին, որքան «երկրին, բանակին, զավակներին տեր լինելու միտքը»։ Նա կարծում է, որ նվիրատվության գործում դժվարն առաջին քայլն է, որից հետո, տեսնելով կատարված աշխատանքի արդյունքը, արդեն հաջորդ նվիրատվությանն ես մղվում։
Անդրանիկ Բաղդասարյանը բազմիցս գովել է Արևմտյան շրջանի հայերի ակտիվությունը դրամահավաքների ժամանակ, մասնավորապես Գյումրիում անօթևաններին տուն տրամադրելու գործում։ Լոս Անջելեսում 2014 թվականին անցկացված փոքրիկ հեռուստամարաթոնին մարդիկ հազարներով մասնակցել են՝ 20 դոլար ձեռքներին։ Արդյունքը եղել է այն, որ հարկաբաժիններ են հանձնվել «դոմիկներում» ապրողներին: Սրտացավ բարերարը շարունակում է իր հայրենանվեր գործունեությունը՝ ակնկալելով հասարակության լայն շրջանակների մասնակցություն։

Untitled-1 copy - Copy - Copy