Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Տարոն Մարգարյանը մասնակցել է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երրորդ համաժողովի բացման արարողությանը

Տարոն Մարգարյանը մասնակցել է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երրորդ համաժողովի բացման արարողությանը

35b6fc98fb989227baebbcced9800081ffa5b433Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեի հետ միասին մասնակցել է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երրորդ համաժողովի պաշտոնական բացման արարողությանը: Հարկ է նշել, որ համաժողովին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել նաև ՀՀ համայնքների ու մասնավորապես Երևանի հետ համագործակցող ֆրանսիական քաղաքների տասնյակից ավելի պատվիրակություններ:
Ողջունելով համաժողովի մասնակիցներին` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ ապակենտրոնացված համաժողովները լավ առիթ են` գործընկերներով հանդիպելու, գործնական քննարկումներ ծավալելու, կատարածը գնահատելու, ինչպես նաև համագործակցության նոր ուղղություններ բացահայտելու համար:
«Նախորդ երկու համաժողովների արդյունքում մենք նախանշեցինք ապակենտրոնացված համագործակցության գերակա ուղղությունները` տեղական ինքնակառավարման զարգացում, տնտեսության և զբոսաշրջության զարգացում, ֆրանսերենի ուսուցում, կրթություն և մշակույթ: Երևան համայնքի երկկողմ և բազմակողմ միջազգային լայն համագործակցության շրջանակում մեզ համար կարևոր տեղ է զբաղեցնում ֆրանսիական գործընկեր քաղաքների և ռեգիոնների հետ տարբեր ոլորտներում և ուղղություններով համագործակցության խորացումը՝ համատեղ ծրագրերի իրականացում, փորձի փոխանակում, վերապատրաստման ծրագրեր և այլն։ Վերջին տարիներին Երևանն աստիճանաբար զարգացրել է համագործակցությունը Ֆրանսիայի խոշորագույն քաղաքների և ռեգիոնների, մասնավորապես, Փարիզի, Լիոնի, Մարսելի, Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի և Նիցայի հետ՝ իրականացնելով բազմաթիվ ծրագրեր կրթության, մշակույթի, զբոսաշրջության, տնտեսության, ճարտարապետության, քաղաքաշինության և այլ բնագավառներում։ Մենք արդյունավետ համագործակցում ենք նաև Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի հետ, որի շրջանակներում իրականացվել են մի շարք ծրագրեր՝ մայրաքաղաքի հանրակրթական, արվեստի և երաժշտական դպրոցներում: Առիթն օգտագործելով՝ նաև իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնում մեր գործընկեր քաղաքներին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման միջոցառումների կազմակերպմանը գործուն աջակցություն ցուցաբերելու և մասնակցության համար»,- ընդգծել է քաղաքապետը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև ընդգծել է, որ Երևան քաղաքը շահագրգիռ է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման ու զարգացման հարցում, որտեղ Երևանն իսկապես մեծ հեռանկարներ է տեսնում:
«Մենք պետք է կարողանանք ընտրել ապակենտրոնացված համագործակցության ծրագրերի լավագույն մոդելային տարբերակներ: Ըստ այդմ, առաջարկում եմ համատեղ իրականացվող ծրագրերի միջոցով զարգացնել ցանցային համագործակցությունը՝հատկապես փորձի փոխանակման, վերապատրաստման, մշակութային, կրթական և այլ ծրագրերի միջոցով: Այս համատեքստում, կարծում եմ, արդյունավետ կլինի Ֆրանսիայում գործող հայկական կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանում գործունեություն իրականացնող ֆրանսիական կազմակերպությունների ներգրավվածության ընդլայնումը ծրագրերի իրականացման գործում: Համոզվա՛ծ եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ կարող ենք էապես բարձրացնել համագործակցության արդյունավետությունը», – նշել է Երևանի քաղաքապետն ու համաժողովի մասնակիցներին մաղթել արդյունավետ աշխատանք։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 204 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy