Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Տարոն Մարգարյանը հանդիպել է Սերգեյ Չերյոմինի և Ալեքսեյ Շապոշնիկովի հետ

Տարոն Մարգարյանը հանդիպել է Սերգեյ Չերյոմինի և Ալեքսեյ Շապոշնիկովի հետ

001 (1)Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Մոսկվայի օրերը Երևանում» միջոցառումների շրջանակում Երևանում գտնվող Մոսկվայի կառավարության նախարար, արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Չերյոմինի և Մոսկվայի քաղաքային դումայի նախագահ Ալեքսեյ Շապոշնիկովի հետ:

Հանդիպմանը մասնակցել է նաև Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Մակար Նահապետյանը։

Բարձր գնահատելով երկու մայրաքաղաքների միջև ձևավորված բարեկամական սերտ կապերն ու գործընկերային հարաբերությունները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է երկուստեք հարաբերությունների խորացման և ամրապնդման կարևորությունը՝ նկատելով, որ «Մոսկվայի օրերը Երևանում» միջոցառումների անցկացումը ևս մեկ հնարավորություն է` քննարկելու երկու մայրաքաղաքների միջև իրականացվող ծրագրերի ընթացքն ու նախանշելու առաջիկա անելիքները:

«Երկու մայրաքաղաքների միջև հաստատված համագործակցության շրջանակում իրականացվել և իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, որոնք աչքի են ընկնում արդյունավետությամբ: Այդ ամենն իր հերթին նպաստել է Երևան-Մոսկվա գործնական կապերի ամրապնդմանը, և համոզված եմ, որ ձևավորված գործնական մթնոլորտը շարունակելու է զարգանալ՝ ապահովելով համատեղ ծրագրերի շարունակականությունը: Ու վստահ եմ, որ համատեղելով մեր ուժերը, նոր որակ կհաղորդենք երկու մայրաքաղաքների փոխգործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Մոսկվայի կառավարության նախարար, արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Չերյոմինն ու Մոսկվայի քաղաքային դումայի նախագահ Ալեքսեյ Շապոշնիկովը նախ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի ջերմ ողջույններն են փոխանցել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ ընդգծելով, որ Մոսկվան բարձր է գնահատում Երևանի հետ փոխգործակցությունը, և վստահեցրել են, որ այն էլ ավելի ընդլայնելու և զարգացնելու ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակական են:

«Հայ-ռուսական բարեկամությունը դարերի պատմություն ունի: Դա նպաստել է, որ մենք այսօր ունենանք ոչ միայն գործընկերային, այլև  ջերմ բարեկամանական հարաբերություններ: Եվ մենք նույնպես վստահ ենք, պարոն քաղաքապետ, որ երկու մայրաքաղաքների գործընկերային հարաբերությունները հետզհետե կզարգանան ու կընդլայնվեն համագործակցության ուղղությունները: Պետք է առանձնակի կարևորեմ նաև Երևանում Մոսկվայի և Մոսկվայում Երևանի օրերի անցկացումը. այս նախաձեռնությունն իսկապես սիրված և սպասված է դարձել երկու մայրաքաղաքների բնակիչների համար»,-նշել է Սերգեյ Չերյոմինն ու շնորհակալություն հայտնել Երևանում Մոսկվայի օրերի բարձր մակարդակով անցկացման համար:

Untitled-1 copy - Copy - Copy