Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Տարոն Մարգարյանը հանդիպել է Բադեն Վյուրտեմբերգի երկրամասի պատվիրակության հետ

Տարոն Մարգարյանը հանդիպել է Բադեն Վյուրտեմբերգի երկրամասի պատվիրակության հետ

83643a8de2395ce2ecd2d848967e0958f1d14c03Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Գթության խոհանոց» ծրագրի 23-րդ շրջանի բացման միջոցառումներին մասնակցելու նպատակով Գերմանիայի Բադեն Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության ներկայացուցիչ, քահանա Կառլ-Հայնց Շայդեյի հետ միասին Երևան այցելած երկրամասի Օստալբի նահանգապետի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը:

Ողջունելով հյուրերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել Բադեն Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպությանն ու բոլոր նվիրատուներին՝ մայրաքաղաքում իրականացվող բարեգործական ծրագրի համար, ընդգծելով, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է աջակցել նմանատիպ նախաձեռնություններին:

«Շուրջ 22 տարի կազմակերպությունը մարդասիրական գործունեություն է իրականացնում Հայաստանի, այդ թվում՝ Երևանի տարածքում, ինչի համար մեկ անգամ ևս մեր երախտագիտությունն ենք հայտնում ձեզ: Համոզված եղեք, որ սոցիալական ծրագրերի իրականացումն ու տարբեր նախաձեռնությունների կյանքի կոչումը Երևանի քաղաքապետարանի ծրագրային առաջնահերթությունների շարքում են: Այդ համատեքստում մեր կողմից առանձնակի կարևորվում է նաև Երևանում «Գթության խոհանոց» ծրագրի իրականացումը, որն իսկապես արդյունավետ ու հաջողված նախաձեռնություն է, և մենք մշտապես պատրաստ ենք մեր լիազորությունների շրջանակում համապատասխան աջակցություն ցուցաբերելու», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Առանձնակի կարևորելով Երևանի քաղաքապետի պատրաստակամությունը և շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Բադեն Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության ներկայացուցիչ, քահանա Կառլ-Հայնց Շայդեն նշել է, որ քաղաքապետարանի աջակցությունն իրենց բարեգործական նախաձեռնություններին հնարավորություն է տվել շարունակելու և ընդլայնելու իրականացվող ծրագրերը:

«Պարոն քաղաքապետ, բարեգործական ծրագրերի կյանքի կոչման հարցում իսկապես կարևոր է ունենալ վստահելի գործընկերներ, ովքեր աջակցում են նման ծրագրերի շարունակականության ապահովմանն ու լիարժեք կյանքի կոչմանը: Եվ այսօր մեկ անգամ ևս մենք կարող ենք փաստել, որ ի դեմս Երևանի քաղաքապետարանի ունենք վստահելի գործընկեր: Ձեր աջակցությունը բարեգործական մեր նախաձեռնություններին հնարավորություն է տվել շարունակելու և ընդլայնելու իրականացվող ծրագրերը»,- նշել է Կառլ-Հայնց Շայդեն:

Բադեն Վյուրտեմբերգի երկրամասի Օստալբի նահանգապետ Կլաուս Պավելը և Շվեբիշ Գմյունդի քաղաքապետ Ռիխարդ Յոզեֆ Առնոլդն էլ իրենց հերթին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել են, որ մարդասիրական նման ծրագրերին աջակցություն ցուցաբերելն առանձնակի է կարևորված իրենց կողմից, ինչի մասին է վկայում նաև պատվիրակության կազմում քաղաքային խորհրդի բազմաթիվ ներկայացուցիչների ընդգրկումը: Նրանք նաև վստահեցրել են, որ այսուհետ ևս շարունակելու են գործուն աջակցությունը ծրագրի շարունակականությունն ապահովելու համար:

Դիտվել է 181 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy