Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Վիճաբանություն ԱԺ-ում

Վիճաբանություն ԱԺ-ում

collageԱզգային ժողովում շարունակվում են 2017 թվականի պետական բյուջեի քննարկումները:

 ԱԺ-ում բյուջեի քննարկմանը Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման համար 2017 թ-ին 6.8 մլրդ դրամ է հատկացվելու՝ ներառյալ ասիական և այլ բանկերի կողմից տրվող գումարները:

ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանը նախ նշեց, թե Երևան-Աշտարակ, Երևան-Արտաշատ ճանապարհահատվածներում կամուրջներ են գործարկվել, հետո փակվել և այդ պատճառով եղել են մահվան ելքով ավտովթարներ:

Նախարար Վահան Մարտիրոսյանը համաձայնեց, որ եղել են թերացումներ, մասնավորապես, որ հետո են սկսել կառուցել կամուրջները, բայց վստահեցրեց՝ ճանապարհը վնասված չէ, անձամբ 2 անգամ եղել է այնտեղ ու համոզվել:

Իսկ ճանապարհի բացումն, ըստ նախարարի, 2017 թ-ի վերջին էր նախատեսված. «Բայց բոլոր շինարարների հետ զրույցների արդյունքում հասանք նրան, որ մինչև մայիսի սկիզբ բացվի ընդհանուր ճանապարհը, իսկ որոշ հատվածներ մինչև նոր տարի, կամուրջներն էլ կլինեն վերևում: Մահացու դեպքերի հետ կապված սպասենք արդյունքներին, հետաքննությանը։ Չենք կարող ասել, որ այդ ճանապարհի պատճառով է եղել վթարը, կարող է՝ խմած է եղել»,-ասաց նախարարը:
Վահան Մարտիրոսյանը նշեց, թե բոլոր ճանապարհահատվածներն ապահովված են նշաններով։ Պետավտոտեսչության հետ աշխատել են, ու նշաններ կան նաև շրջանցիկ ճանապարհների վրա:


Արամ Մանուկյանն արձագանքեց, թե այդ զոհերը եղել են այդ ճանապարհին բախվելու հետևանքով:

Նիստը վարող Տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հորդորեց պատգամավորին նման գնահատականներ չտալ, ինչը վիճաբանության պատճառ դարձավ:

«Հանգիստ»,-ասաց Մանուկյանը:

«Ես հանգիստ եմ, դու հանգստացի: Ոնց որ կռիվ ման գաս նստածդ տեղը, նախարարն ասում է՝ հետաքննությանն սպասենք, դուք ասում եք՝ ճանապարհի մեղքով է եղել, հարց տվեք»,-հորդորեց նա:

Արամ Մանուկյանն էլ իր հերթին հորդորեց չխանգարել իրեն: «Լսի դու չես որոշում, խանգարեմ, թե ոչ, ես քո համար խանգարող չեմ նստած էստեղ: Բյուջեի վերաբերյալ հարցդ տուր»,-ասաց Վարդան Այվազյանը:

Պատգամավորը հարցրեց, թե արդյոք պետական պարտքն ավելանալո՞ւ է Հյուսիս-Հարավի կառուցապատման համար: «Մենք քննարկում ենք մասնավոր ներդրողների հետ, որ խնայենք պետական ու վարկային միջոցները, ունենք հատվածներ, որ կարող ենք մասնավոր ներդրողների հետ կառուցել, դրանով կթեթևացվի Հյուսիս-Հարավի բեռը: Իսկ լրացուցիչ վարկ, եթե կառուցվի, լինելու է»,- ասաց նախարարը:

 

Untitled-1 copy - Copy - Copy