Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Վիգեն Սարգսյանն ու Սերգեյ Շոյգուն ստորագրեցին պատմական համաձայնագիր

Վիգեն Սարգսյանն ու Սերգեյ Շոյգուն ստորագրեցին պատմական համաձայնագիր

vshcollageԱյսօր  ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանը եւ ՌԴ ՊՆ Ս. Շոյգուն ստորագրել են հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագիր:

ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանը  հայտարարել է, որ միացյալ զորախմբի կազմում կընդգրկվեն Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազան եւ Հայաստանի ռազմական ստորաբաժանումները:

Հիշեցնենք, որ հայ-ռուսական միացյալ զորախումբ ստեղծելու մասին ՌԴ կառավարությունը որոշում էր ընդունել դեռ նոյեմբերի 3-ին: Ավելի ուշ այս համաձայնագիրն արժանացել էր նաեւ ՌԴ նախագահ Վ. Պուտինի հավանությանը:

Ըստ  համաձայնագրի՝  Հայաստանը և Ռուսաստանը ստեղծում են զինված ուժերի միացյալ զորախումբ և կնքված համաձայնագրով է կարգավորում զորախմբի գործունեությունը:

Միացյալ զորախմբի կազմը նշանակվում է երկու երկրների պաշտպանության նախարարությունները: Իսկ միացյալ զորախմբի հրամանատարին նշանակում են դարձյալ երկու կառույցների համաձայնությամբ:

Խաղաղ ժամանակ միացյալ զորախմբի հրամանատարությունը կրճատված կազմով գործում է ՀՀ ԶՈւ կազմում:

Համաձայնագրում ամբողջ ինտրիգը թերեւս այս ձեւակերպման մեջ է, որ խաղաղ ժամանակ զորախմբի հրամանատարը ենթակա է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին, իսկ սպառնալից կամ պատերազմական իրավիճակներում՝ կամ ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հրամանատարին, կամ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին՝ կախված իրավիճակից: Այս հարցը որոշվելու է Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարների համաձայնությամբ:

Պատերազմական շրջանում զորախմբի բոլոր ուժերն անմիջականորեն ենթակա են միացյալ զորախմբի հրամանատարին:

Այս համաձայնագիրը կնքվելու է 5 տարով և ժամկետի յուրաքանչյուր ավարտից հետո ինքնաբերաբար երկարացվելու է ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը չի որոշում կասեցնել համաձայնագիրը եւ այդ մասին չի տեղեկացնում մյուս կողմին:

 Հիշեցնենք, որ Նոյեմբերի 29-ի երեկոյան Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրի դահլիճում Վիգեն Սարգսյանը հանդիպել է Մոսկվայի կայազորի ռազմաուսումնական հաստատություններում սովորող հայ կուրսանտների և ունկնդիրների հետ: ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է զինված ուժերում իրականացվող աշխատանքներն ու անելիքների վերաբերյալ, ներկայացրել է զինված ուժերի ձեռքբերումներն ու բացթողումներ, մանրամասնել է «Ազգ-բանակ» գաղափարի դրույթները, պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին:

Դիտվել է 487 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy