Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Վիգեն Սարգսյանը տեղյակ չէ «Մարտիկ» հիմնադրամի գործունեությունից

Վիգեն Սարգսյանը տեղյակ չէ «Մարտիկ» հիմնադրամի գործունեությունից

Naira-ZohrabyanԱԺ-ում շարունակվում է յուրաքանչյուր աշխատողից զինծառայողների համար 1000 դրամ պարտադիր վճարի մասին նախագծի քննարկումը: ԲՀԿ խմբակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը  ԱԺ-ում հարցի քննարկման ժամանակ, դիմելով ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, հարցրեց, թե ինչ եղավ «Մարտիկ» հիմնադրամում կուտակված գումարը, որը նմանատիպ նպատակին ծառայելու համար էր ստեղծված:

Պատգամավորը նաև հիշեցրեց, որ պատգամավորների գերակշիռ մեծամասնությունը ապրիլյան պատերազմից հետո նվազագույնը մեկ-երկու տոկոս իր աշխատավարձից գումար է փոխանցում բանակին: Նա հարցրեց՝ ինչի՞ վրա են ծախսվել այդ գումարները:
Վիգեն Սարգսյանը համաձայնեց, որ կա անվստահություն, որի առկայությունը գիտակցելով իրենք ստեղծում են ոչ թե հիմնադրամ, այլ ՀՀ օրենքով են սահմանում գումարների վերահսկողության մեխանիզմները: «Մենք ունեցել ենք հաջող ու անհաջող բազմաթիվ հիմնադրամների փորձեր, չեմ կարող մեկնաբաներ առանձին-առանձին: Ցանկացած հիմնադրամ մեր օրենսդրությամբ կարող է հաշվետվություն տալ»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է պատգամավորների փոխանցումներին, ապա նախարարն ասաց, որ ինքն այդ մասին տեղյակ չէ, բայց հորդորեց հարցն ուղղել նրանց, ովքեր տնօրինում են գումարը: «Բացարձակ տեղյակ չեմ: Վստահ եմ, որ ԱԺ աշխատակազմն այդքան իրավագիտակցություն ունի, որ հարցադրումը տա նրան, ով հավաքում է այդ գումարը: Վստահ եմ, որ ծառայել է իր նպատակին կամ կծառայի»,- շեշտեց նախարարը: 

Վիգեն Սարգսյանը նաև հավելեց. «Այս օրերին շատ է խոսվում այն մասին, թե ինչու բոլորը պիտի վճարեն հավասար 1000 դրամը, չէ՞ որ կան մարդիկ, որ ավել են վաստակում կամ պակաս են վաստակում: Պատասխանը հետևյալն է՝ սահմանում ենք նվազագույն 1000 դրամի շեմը ու հետո հիմնադրամի աշխատանքը պետք է ուղված լինի նրան, որ յուրաքանչյուրը ցանկություն ունենա վճարել ավելին: Ով վաստակում է 300.000 դրամ, բայց ունի յոթ հոգանոց ընտանիք, միակ կերակրողն է, ավելի շատ բարդությունների առաջ կկանգներ, քան ավելի քիչ վաստակող մեկը, ում ընտանիքում գումարային ավելի մեծ եկամուտ կա»:

Նաիրա Զոհրաբյանը պնդեց պատասխանել հարցին, թե «Մարտիկ» հիմնադրամում կուտակված գումարները, որը տնօրինում է ԼՂՀ նախկին փոխվարչապետը, ուր են, ինչի վրա են ծախսվել:

Վիգեն Սարգսյանն ասաց, որ ինքը տեղյակ չէ հիմնադրամի գործունեությունից, բայց ցանկացած հիմնադրամ կարող է պատասխանատվության ենթարկվել իր գործունեության համար:

Դիտվել է 346 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy