Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Սխալ է առանց փաստերի հայտարարել, թե 7000 մարդու իրենց կամքին հակառակ ՀՀԿ-ին են անդամագրել

Սխալ է առանց փաստերի հայտարարել, թե 7000 մարդու իրենց կամքին հակառակ ՀՀԿ-ին են անդամագրել

collage.thumbԱԺ-ում «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նոնսենս համարեց կուսակցությունների գրանցման լիբերալացումն այն դեպքում, երբ այլևս խորհրդարանական երկիր ենք.

«Նոնսենս է, 79 կուսակցություն կա գրանցված, 10-ն էլ շքերթի է կանգնած, գիտեք, մոտավորապես, որ պիտի գրանցվեն: Հայկազյան և Սուքիասյան բառարաններում այլ հապավում չկա, որի անունով կուսակցություն ստեղծեն, սա նորմալ բան չէ: 79-ից առնվազն 70-ը մարդ կուսակցություն է, որի գոյության մասին մենք իմանում ենք միայն ընտրության ժամանակ, երբ պիտի գնան, կցվեն մի խոշոր կուսակցության, փող ուզեն՝ սատարելու համար: Մի 10-ն էլ հերթի են կանգնած, որ մինչև դեկտեմբեր գրանցվեն»,- ասաց Զոհրաբյանը:

Զոհրաբյանը կանխատեսեց, թե գնում ենք կուսակցական քաղաքական համակարգի կայացման, իսկ «այս աջաբսանդալը բերելու է ավելի վատ հետևանքների»:

Նաիրա Զոհրաբյանի հաջորդ մտահոգությունը վերաբերում էր պաշտոնական դիրքի չարաշահմանը՝ ի շահ կուսակցության. «Ես չէ, որ պիտի ասեմ, որ ԺԷԿ-ի պետից մինչև վերև իրենց պեչատը ծառայեցնում են կուսակցության շահին: Կա՛մ այս ձևական արգելքը հանենք, կամ էլ նման բան չլինի»:

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ կիսում է պատգամավորի մտահոգությունը, սակայն ընդգծեց, որ չի կարծում, որ լիբերալացումը սխալ է: «Մեր նախարարությունը չէ, որ պիտի ասի՝ դու մարդ կուսակցություն ես, դու ծառայություններ մատուցելու համար ես ստեղծված։ Դրանք իրողություններ են, որոնց հետ ես կարող եմ համաձայնել, բայց ես, դուք, չպիտի գնահատենք, նրանց գնահատողը ընտրողն է, իսկ ընտրողն այսօր իր գնահատականը տվել է։ Կարելի է խոսել մեծ քվեների մասին ու արձանագրել բավական վատ արդյունք, ինչին մենք ականատես եղանք խորհրդարանական ընտրությունների ժամանակ»,-ասաց Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է մտահոգությանը, որ դիրքը կուսակցության շահերից ելնելով օգտագործում են, Արդարադատության նախարարն ասաց, որ Հանրային ծառայության մասին օրենքում կարևոր փոփոխություններ են արվել. արձանագրվել է պաշտոնից ազատելու հիմքը: «Միշտ էլ բոլոր տեղերում կուսակցական գործընթացներում չարաշահում է լինելու, բայց Ընտրական նոր օրենսգրքով բավական լավ մեխանիզմներ ստեղծվում են»,-ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց, որ եթե Կառավարությունն ու Արդարադատության նախարարը հետամուտ լինեին, ապա 79-ից գոնե 70 կուսակցությունը չէր բավարարի այդ պահանջներին, իսկ լիբերալացումը բերելու է անկանխատեսելի հետևանքի, ինչի արդյունքն է, օրինակ, 7000 մարդու իրենց կամքին հակառակ ՀՀԿ-ին անդամագրելը:

Նախարար Հովհաննիսյանը հետաքրքրվեց, թե Նաիրա Զոհրաբյանը փաստեր ունի՞.

«Եթե չկան փաստեր, սխալ է նման չափազանցված հայտարարություն անել»,- նշեց նախարարը։

 

Դիտվել է 157 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy