Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալին

Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալին

E1B43850-B862-4624-8B41-2E37FE6FAFAD_cx0_cy9_cw0_w987_r1_s_r1Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Մայքլ Քարփինթերին:

Նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, նախագահը գոհունակությամբ արձանագրել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-ամերիկյան միջպետական հարաբերությունները մշտապես վերընթաց զարգացում են ունեցել, և երկու բարեկամ երկրները եկող տարի նշվելիք այդ հարաբերությունների հաստատման 25-ամյակին մոտենում են վերջին մեկ-երկու տարիների ընթացքում ձեռք բերված լուրջ հաջողություններով:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգների կառավարությանը՝ Հայաստանի տնտեսական զարգացմանը, տարբեր ոլորտներում բարեփոխումներին, ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության կայացմանը տարիներ շարունակ օժանդակելու համար և բարձր է գնահատել ԱՄՆ դերակատարությունը տարածաշրջանում կայունության պահպանման գործում:

Նախագահը կարևորել է հայ-ամերիկյան համագործակցությունը պաշտպանական բնագավառում, մասնավորապես՝ ամերիկյան կողմի աջակցությունը Հայաստանի պաշտպանական բարեփոխումներին, ռազմաբժշկական, հումանիտար ականազերծման և խաղաղապահության ոլորտներում կարողությունների զարգացմանը:

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Մայքլ Քարփինթերի այցը ևս իր նպաստը կբերի Հայաստան-Միացյալ Նահանգներ կապերի հետագա զարգացմանը:

Զրուցակիցները գոհունակությամբ են նշել, որ հայ-ամերիկյան ներկայիս բարձր մակարդակի հարաբերությունների զարգացման հիմքում ընկած են երկու ժողովուրդների փոխադարձ հարգանքն ու համակրանքը, և այսօր Հայաստանն ու ԱՄՆ-ը ամուր գործընկերային հարաբերություններ ունեն՝ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթություններում:

ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալն իր երախտագիտությունն է հայտնել խաղաղապահ գործողություններում Հայաստանի ներդրման համար:

Սարգսյանն և Մայքլ Քարփինթերը քննարկել են ռազմական, միջազգային և տարածաշրջանային անվտանգության ոլորտներում համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:

Untitled-1 copy - Copy - Copy