Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Պատրաստվել պատերազմի. նոյեմբերի 11-ից 18-ը Ադրբեջանը զորավարժության կհանի 60 հազարանոց զորք

Պատրաստվել պատերազմի. նոյեմբերի 11-ից 18-ը Ադրբեջանը զորավարժության կհանի 60 հազարանոց զորք

96778«Պահեստազորի սպաների համահայկական միության» նախագահ, Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, պահեստազորի գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանն այսօր հանդես է եկել հայտարարությամբ՝ աշխարհազորային ջոկատների հրամանատարներին խնդրելով մոբիլիզացնել կամավորական բոլոր ուժերը: Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորեւ:

Վերջին օրերին Ադրբեջանի ու նրա դաշնակից պետությունների քարոզչամեքենաների կողմից նպատակային կերպով կրկին շրջանառվում է տևական ու որոշիչ պատերազմ սանձազերծելով` Արցախյան հիմնախնդիրը Բաքվի կողմից ուժի միջոցով լուծելու անխուսափելիության գաղափարը: Միաժամանակ, անթաքույց հայտարարվում է, որ արվում է ամեն ինչ` Պակիստանից ձեռք բերվելիք կես միլիարդ ԱՄՆ դոլարի սպառազինությունը հնարավորինս արագ Ադրբեջան հասցնելու համար:

Եվ վերջապես երրորդ` նոյեմբերի 11-ից 18-ն անց են կացվելու ադրբեջանական բանակի պատմության մեջ թերեւս ամենախոշոր զորավարժությունները, որոնցում կներգրավվեն ավելի քան 60.000 զինծառայող, 700 հրթիռահրետանային կայանք, 150 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, ինչպես նաև շուրջ հինգ տասնյակ մարտական ինքնաթիռ և ուղղաթիռ:

Բնական է, որ այս ամենը կատարվելով ալիեւյան իշխանությունն ամրապնդող սահմանադրական լայն վերաձեւումների համապատկերին, չի կարող պարզ զուգադիպություն լինել: Եվ մինչ մենք մեր ուշադրությունը բեւեռել ենք նորանշանակ կառավարության գործունեության վրա, հակառակորդը մարտական պատրաստության ամենաբարձր աստիճանի է բերում իր գրեթե ողջ բանակը, եւ զուգահեռաբար գործարկելով տեղեկատվական պայքարի ողջ զինանոցը, հասկացնում է, որ փորձելու է հասնել ապրիլյան օրերին չիրականացած իր նպատակներին:

Պատմությունը վկայում է, որ մենք եթե մեր իսկ մեղքով անակնկալի չենք եկել, միշտ անպարտելի ենք եղել: Ուստի, ողջ հայ ժողովրդին, քաղաքական ու հասարակական հոսանքներին կոչ ենք անում վտանգաշատ այս օրերին մի կողմ թողնել այսրոպեական խնդիրները, համախմբվել Հայկական բանակի շուրջ, ուշադրությունը բևեռել առաջնագծի վրա և առավել քան զգոն ու միասնական լինել:

Իսկ ապրիլյան պատերազմին մասնակցած աշխարհազորային ջոկատների հրամանատարներին վճռաբար խնդրում ենք հստակ հաշվարկել ու մոբիլիզացնել կամավորական բոլոր ուժերը և համագործակցելով բանակի հրամանատարության հետ` այս օրերին ու հատկապես նոյեմբերի 11-ից 18-ը պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած զարգացման:

ՎԱՐԴԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ, «ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ» ՆԱԽԱԳԱՀ

Դիտվել է 4,199 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy